Մարգարիտա Դրոբյազկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Маргарита Александровна Дробязко |
Ազգություն՝ | լիտվացի |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | Լիտվա և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 21, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 170 սմ |
Մարգարիտա Ալեքսանդրովնա Դրոբյազկո (լիտ.՝ Margarita Drobiazko, դեկտեմբերի 21, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), լիտվացի գեղասահորդ, պարեր սառույցի վրա մարզաձևի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2006), աշխարհի չեմպիոն (2000), 13 անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն (1992-2002, 2005, 2006)։ Պովիլաս Վանագասի հետ մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի (1992, 1994, 1998, 2002, 2006)։
Մարգարիտա Դրոբյազկոն ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 21-ին Մոսկվայում՝ բևեռային օդաչուի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Անադիրում ու Մագադանում։ Ընտանիքի՝ Մոսկվա վերադառնալուց հետո սկսել է զբաղվել կանանց մենասահքով Գալինա Իստոմինայի մոտ[1]։ Հետագայում զբաղվել է պարով սառույցի վրա՝ մարզվելով Նատալյա Լինիչուկի, Նատալյա Դուբովայի[2], Գենադի Ակերմանի մոտ։ Գենադի Ակերմանի խմբում նրա զույգը դարձել է Պովիլաս Վանագասը[3]։ ԽՍՀՄ փլուզումից հետո Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասն սկսել են ներկայացնել Լիտվան։ Նրանք մարզվել են նախ Ելենա Մասլեննիկովայի, իսկ 1999 թվականից հետո՝ Ելենա Չայկովսկայայի մոտ։
Մարգարիտա Դրոբյազկոյի ու Պովիլաս Վանագասի կարիերայում առավել հաջողակը եղել է 2000 թվականը, երբ նրանք հաղթել են Skate Canada գրան-պրիի բոլոր փուլերը, դարձել են Գրան պրիի շարքի եզրափակչի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ 2002 թվականի՝ Սոլթ Լեյք Սիթիում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերում լիտվացի գեղասահորդները մոտ էին մեդալի նվաճմանը, սակայն օրիգինալ պարի կատարումից հետո զբաղեցրել են հինգերորդ տեղը։ Կամավոր ծրագրում նրանցից առաջ են անցնում Իտալիան ու Կանադան ներկայացնող զույգերը, որոնք ընկել էին պարի ժամանակ, սակայն դատավորների կողմից չեն պատժվել այդ սխալի համար։ Լիտվայի գեղասահքի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Չմշկասահորդների միջազգային միությանը (ԻՍՈՒ), սակայն նրանց պահանջը չի բավարարվել։
Նագանոյում անցկացված 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը նորից փորձել են բողոքարկել դատավորների վիճելի որոշումը։ Օրիգինալ պարից հետո նրանք երրորդն էին, սակայն անսխալ կատարած կամավոր ծրագրից հետո դարձել են չորրորդը՝ դատավորական մեկ ձայնով պարտվելով Իսրայելը ներկայացնող Հալիտ Խաիթ-Սերգեյ Սախնովսկի զույգին։ Լիտվայի գեղասահքի ֆեդերացիան կրկին բողոք է ներկայացրել. նրանց ներկայացրած հանրագիրը ստորագրել էին ավելի քան քսան մարզիկներ, մարզիչներ, խորեոգրաֆներ ու դատավորներ, որոնց թվում էին Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, ինչպես նաև նրանց մարզիչ Ալեքսանդր Ժուլինը[4]։ Առաջնության արդյունքները չեն վերանայվել, սակայն, ռուս հայտնի լրագրող Ելենա Վայցեխովսկայայի կարծիքով, հենց այդ սկանդալն է եղել վերջին կաթիլը, որ ԻՍՈՒ-ի նախագահ Օտտավիո Չինկվանտային ստիպել է առաջ քաշել գեղասահքում դատավորության նոր համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը[5]։
Հայտարարելով իրենց մարզական կարիերան ավարտելու մասին՝ Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը բաց են թողել երեք մրցաշրջան, սակայն 2005 թվականին որոշել են կրկին մասնակցել Օլիմպիական խաղերին։ Հաղթելով Կարլ Շեֆերի հիշատակին նվիրված մրցությունում՝ նրանք որակավորվեցին մասնակցելու 2006 թվականին Թուրինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Լիոնում անցկացված Եվրոպայի առաջնությունում նրանք նվաճեցին բրոնզե մեդալ։ Սակայն Ձմեռային օլիմպիադան նրանց համար ավելի անհաջող եղավ, և նրանք զբաղեցրին միայն յոթերորդ տեղը։
2005-2006 մրցաշրջանից հետո Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը վերջնականապես թողել են սպորտը և կենտրոնացել սառցային շոուներում մասնակցության վրա։ Նրանք հանդես են գալիս նաև որպես «Բոցավառվող սառույց» («Liepsnojantis ledas») շոուի կազմակերպիչներ, որ ամեն տարի անցկացվում է Լիտվայում Սուրբ ծննդյան մոտակա օրերին։ Նրանք մասնակցում են նաև Իլյա Ավերբուխի «Մեծ քաղաքի կրակները» (2010) ու «Գանձերի կղզու գաղտնիքը» (2012) ներկայացումներին, ինչպես նաև Առաջին ալիքի նախագծերին։
(Պովիլաս Վանագասի հետ)
Մրցություն/մրցաշրջան | 91-92 | 92-93 | 93-94 | 94-95 | 95-96 | 96-97 | 97-98 | 98-99 | 99-00 | 00-01 | 01-02 | 04-05 | 05-06 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 16 | 12 | 8 | 5 | 7 | ||||||||
Աշխարհի առաջնություններ | 17 | 13 | 9 | 12 | 8 | 10 | 8 | 6 | 3 | 5 | 4 | 4 | |
Եվրոպայի առաջնություններ | 15 | 11 | 11 | 11 | 6 | 8 | 6 | 5 | 3 | 4 | 4 | 3 | |
Լիտվայի առաջնություններ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Գրան-պրիի եզրափակիչներ | 3 | 3 | 3 | 3 | |||||||||
Skate America | 2 | 3 | |||||||||||
Skate Canada | 2 | 8 | 4 | 4 | 2 | 1 | |||||||
Trophee Lalique | 4 | 3 | 3 | 3 | |||||||||
NHK Trophy | 6 | 5 | 4 | 2 | 3 | 2 | 2 | ||||||
Nations Cup | 2 | 5 | 5 | 2 | |||||||||
Կարլ Շեֆերի հիշատակին նվիրված մրցություն | 1 | ||||||||||||
Nebelhorn Trophy | 2 | 3 | 2 | ||||||||||
Skate Israel | 1 | 1 | |||||||||||
Ձմեռային ունիվերսիադաներ | 2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Դրոբյազկո» հոդվածին։ |
|