Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը գերմ.՝ Nussknacker und Mausekönig | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմազրույց և Christmas fiction? |
Ձև | նովել |
Հեղինակ | Էրնստ Հոֆման |
Երկիր | Գերմանիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1816 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/etahoff/nussknac/nussknak.html |
![]() |
«Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» (գերմ.՝ Nußknacker und Mausekönig), Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի հեքիաթը՝ հրատարակված «Մանկական հեքիաթներ» հավաքածուում (Բեռլին, 1816) և ներառված «Սերապիոնի եղբայրներ» գրքի մեջ («Serapionsbrüder», 1819)։ Ստեղծագործությունը գրվել է հեղինակի և իր ընկեր Յուլիուս Հիթցիգի երեխաների հետ շփման ազդեցությամբ․ նրանց անունները՝ Ֆրից և Մարի, դարձել են «Մարդուկ-Ջարդուկ»-ի գլխավոր հերոսների անունները։ Հեքիաթի հիման վրա Պյոտր Չայկովսկին ստեղծել է երկու ակտից «Մարդուկ-Ջարդուկ» բալետը, որի լիբրետտոյի հեղինակը Մարիուս Պետիպան է։ Ստեղծագործությունը մեկ անգամ չէ, որ էկրանավորվել է և դարձել է մուլտիպլիկացիոն ֆիլմերի սյուժե։
Սուրբծննդյան երեկոյան Ֆրիցը և Մարին՝ բժշկական խորհրդատու Շտալբաումի երեխաները, ծնողներից բազմաթիվ նվերներ են ստանում․ տիկնիկներ, փայտե ձի, խաղալիք հուսարներ, ամաններ, նկարներով գրքեր։ Կնքահայր Դրոսելմեյերը նրանց նվիրում է փոքրիկ ամրոց՝ ոսկեգույն աշտարակներով, որի սրահներով քայլում են տիկնայք և պարոնայք։ Ավելի ուշ երեխաները ծանոթանում են ևս մեկ խաղալիքի՝ փոքրիկ տգեղ մարդուկի հետ, որի անունը Մարդուկ-Ջարդուկ էր և որը կարողանում էր ընկույզ ջարդել[1]։
Քնելուց առաջ Մարին կանգնում է պահարանի մոտ, որտեղ հավաքել էին բոլոր նվերները, և մենամարտի է ականատես լինում։ Այն վարում են յոթգլխանի Մկների թագավորը, որը պայքարում էր իր զորքի հետ միասին, և կենդանացած տիկնիկների բանակը, որը գլխավորում էր Մարդուկ-Ջարդուկը։ Աղջիկը փորձում է պաշտպանել փոքրիկ Մարդուկին, սակայն ձեռքի մեջ ցավ է զգում և ընկնում է հատակի վրա։ Արթնանալով իր անկողնում՝ նա փորձում է պատմել մորն ու բժշկին գիշերային մենամարտի մասին, սակայն նրանք իր պատմածը համարում են բարձր ջերմության հետևանք։ Մարիին այցելած կնքահայրը բերում է վերանորոգված Մարդուկ-Ջարդուկին և պատմում, որ ժամանակին նա եղել է Դրոսելմեյերի նյուրնբերգյան զարմիկը՝ բարի և վեհանձն պատանի։ Փոքրիկ տգեղ մարդու նա վերածվել է Մկների թագուհու կամքով։ Մարդուկ-Ջարդուկը կարող է վերադարձնել նախկին տեսքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նա հաղթի Մկների թագավորին, իսկ նրան սիրի մի գեղեցիկ տիկին[1]։
Մարին, Մարդուկ-Ջարդուկից ստանալով պարտված Մկների թագավորի տիտղոսները և փոքրիկ Մարդուկի հետ ճանապարհորդելով հրաշքների աշխարհ, սիրահարվում է նրան։ Ծնողները չեն հավատում արկածների մասին նրա հիշողություններին և խնդրում են մոռանալ այդ անհավանական պատմությունը, սակայն աղջիկն անընդհատ մտածում է Մարդուկ-Ջարդուկի մասին։ Հեքիաթի վերջում Շտալբաումների տուն է գալիս մի երիտասարդ տղա՝ Դրոսելմեյերի զարմիկը, որը խոստովանում է, որ «դադարել է լինել խղճուկ Մարդուկ-Ջարդուկ»։ Մարին դառնում է նրա հարսնացուն, և նրանց հարսանիքին պարում են քսաներկու հազար գեղեցիկ տիկնիկներ[1]։
Հետազոտողների տվյալներով՝ «Մարդուկ-Ջարդուկի» միտքը Հովֆմանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա իր ընկեր Յուլիուս Հիթցիգի երեխաների՝ Ֆրիցի և Մարիի համար հեքիաթներ է հորինել և պատմել։ Ավելի ուշ գրելով ստեղծագործությունը՝ գրողը փոխարինել է հերոսների անունները փոքրիկ ունկնդիրների անուններով՝ վերագրելով նաև նրանց բնավորության գծերը։ Մարդուկ-Ջարդուկի մասին պատմության անմիջական աշխատանքը կատարվել է 1816 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում։ Ապա ձեռագիրը փոխանցվել է հրատարակիչ Գեորգ Ռայմերին։ Հեքիաթը հրատարակվել է «Կառլ-Վիլհելմ Սալիչո-Կոնտեսայի, Ֆրիդրիխ դե լա Մոտ-Ֆուկեի և Է․ Հոֆմանի մանկական հեքիաթների ժողովածու»-ի առաջին հատորում, որը թողարկվել է Բեռլինում Սուրբ Ծնունդի նախօրեին։ Հայտնի է, որ նույն թվականի դեկտեմբերի 16-ին Հոֆմանն արդեն իր ձեռքերում ուներ հրատարակչությունից ժամանակ գրքի 4 օրինակ[2], որ համարվում է Գերմանիայում մանկական ռոմանտիկ հեքիաթների առաջին հավաքածուն[1]։ Երեք տարի անց Մարդուկ-Ջարդուկի և Մկների թագավորի մասին պատմությունը հրատարակվում է «Սերապիոնի եղբայրներ» հավաքածուում[3]։
Ինչպես նշում էր գերմանացի ռոմանտիկների մասին աշխատանքների հեղինակ Ռյուդիգեր Սաֆրանսկին, Մարդուկ-Ջարդուկի և Մկների թագավորի մասին հեքիաթը հետաքրքրությամբ դիմավորեցին ինչպես Հոֆմանի գործընկերները, այնպես էլ պրուս զինղեկավար Նեյդհարթ ֆեն Գնեյզենաուն, որին տպավորել էին մենամարտի տեսարանները մկների զորքի և տիկնիկների բանակի մասնակցությամբ[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հոդվածին։ |
|