![]() | |
Տեսակ | մարզական կառույց |
Մարզաձև | Բադմինտոն և մարմնամարզություն |
Տեղագրություն | Կազան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 14, 2012 |
Բացված | նոյեմբերի 14, 2012 |
Տարողություն | 3200 |
Մարմնամարզության կենտրոն (թաթ.՝ Гимнастика үзәге), մարզական կառույց Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան), որը կառուցվել է հատուկ 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի սպորտային մարմնամարզության և գեղարվեստական մարմնամարզության մրցումներն անցկացնելու համար։ Ունիվերսիադայից հետո օբյեկտն ընդունել է բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը և մարմնամարզության ու այլ մարզաձևերի բազմաթիվ ազգային և քաղաքային առաջնություններ։
Կազանում մարմնամարզության կենտրոնի կառուցումը նախատեսվել էր 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի շրջանակներում մրցումներ անցկացնելու համար։ Կենտրոնի ստեղծման նախագծին աջակցել են Ռուսաստանի սպորտի նախարարությունը, Թաթարստանի երիտասարդության հարցերի, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Գեղարվեստական մարմնամարզության համառուսաստանյան ֆեդերացիան և Թաթարստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։ Մրցումների դահլիճն ունի 3200 նստատեղով տրիբունա[1]։ Կենտրոնն ունի նաև սպորտային մարմնամարզության և գեղարվեստական մարմնամարզության երկու մարզումային հրապարակ, խորեոգրաֆիկ, մարզասարքային և ֆիթնես դահլիճներ[2]։
Օբյեկտի մակերեսը 20 հազար քառակուսի մետր է, կառույցի շինարարությունն իրականացրել է ««Կազան» արտադրական-շինարարական միավորում» ՍՊԸ-ն։ Օբյեկտի պլանավորված շինարարության ամսաթիվը 2010 թվականի վերջն էր։ Մարմնամարզության կենտրոնի շինարարության համար հատկացվել է 1,25 միլիարդ ռուբլի[3]։
2010 թվականի ամռանը աննախադեպ շոգի ժամանակ շինարարության ընթացքում 15 մետր բարձրությունից փլուզվել է գմբեթը։ Հարուցվել է քրեական գործ ՔՕ 216-րդ հոդվածի 2-րդ մասով («Հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան»)[3]։
Մարմնամարզության կենտրոնը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 14-ին և դարձել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի ստորաբաժանում[2]։ Ունիվերսիադայից առաջ այստեղ անցկացվել են ստուգողական մրցումներ. խմբային վարժություններում գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի առաջնությունը և գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի գավաթը[1][4]։
2013 թվականի ամառային ունիվերսիադայի ընթացքում Մարմնամարզության կենտրոնում կայացել են սպորտային մարմնամարզության (հուլիսի 7-10-ին)[5][6] և գեղարվեստական մարմնամարզության (հուլիսի 14-16-ին)[7] մրցումները[1]։
Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի հետապնդած նպատակներից բացի, Ունիվերսիադայից հետո նախատեսվում էր անցկացնել նաև այլ մրցույթներ, ինչպես նաև տարածքներն օգտագործել Կազանի մանկապատանեկան մարզադպրոցի պարապմունքների համար[1]։ Մարմնամարզության կենտրոնում անցկացվել են Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության 2013, 2014 և 2015 թվականների առաջնությունները, բացի այդ, տարածքներն օգտագործվում են այլ մարզաձևերի մրցումների համար։ Օրինակ՝ Մարմնամարզության կենտրոնում անցկացվել են բադմինտոնի Եվրոպայի 2014 և 2016 թվականների առաջնությունները և ձյուդոյի մրցումներ[2]։
Մարմնամարզության կենտրոնում միաժամանակ կարող են պարապել մինչև 300 մարզիկներ[8]։
Մարմնամարզության կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեով՝ Ռուսաստան, Թաթարստան, Կազան, Սիրտլանովայի փողոց, տուն 6[1][9]։