Մեդիչիի ճենապակի, եվրոպացիների կողմից ճենապակու արտադրման առաջին և արդյունավետ փորձ, որն իրականացվել է 16-րդ դարում Ֆլորենցիայում` Տոսկանայի Մեծ դուքս Ֆրանչեսկո Մեդիչիի հովանու ներքո գործող արհեստանոցում։
Չինաստանից բերվող յուրատեսակ ճենապակին, որի պատրաստման եղանակը գաղտնի էր պահվում, եվրոպական երկրներում մեծ արժեք ուներ։ Չնայած Եվրոպայում որակյալ ճենապակու արտադրությունը սկսվել է միայն 18-րդ դարում, եղել են նաև ճենապակու մասնավոր արտադրություն ստեղծելու ավելի վաղ փորձեր։
Ջորջո Վազարին հայտնում է, որ Ֆլորենցիայի արհեստանոցում ճենապակու արտադրման փորձեր կատարվել են դեռևս 1568 թվականին, սակայն առաջին հաջողությունները, հավանաբար, եղել են 1575 թվականից ոչ շուտ, երբ Վենեցիայի դեսպան Անդրեա Գուսսոնին հայտնել է, որ Ֆրանչեսկո Մեդիչին բացահայտել է ճենապակու ստացման միջոցը[1], նաև նշում է նրա որակները` թափանցիկություն, ամրություն, թեթևություն և նրբագեղություն[2]։ Ըստ Գուսսոնիի` մեթոդի բացահայտունը տևել է 10 տարի։
Մեդիչիի արհեստանոցում պատրաստված իրերը նախատեսված էին ոչ թե վաճառքի, այլ դիվանագիտական նվերների համար, օրինակ` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգին նվիրելու համար։
Մեդիչիի ճենապակին փափուկ է, ներառում է փոշենման դաշտային սպաթներ, կալցիումի ֆոսֆատներ, վոլաստոնիտ և քվարց։ Օգտագործվող ձևերը, որոնք բնութագրական էին տվյալ շրջանի մայոլիկայի համար, իրենց մեջ ներառում էին տարատեսակ վազաներ, ափսեներ, կուժեր, սափորներ։
Մեդիչիի ճենապակին գույնով և զարդանկարներով հիմնականում նման է չինական սպիտակ-կապույտ ճենապակուն, սակայն կարելի է տեսնել նաև թուրքական ճենապակու մոտիվներ։ Պատրաստված իրերի հակառակ կողմում դրված է Բրունելլեսկու գմբեթի տեսքով նշան։
Մեդիչիի արհեստանոցի իրերի վրա լավ են երևում արտադրության բազմաթիվ թերություններ, ինչպիսիք են` չափազանց փխրունությունը, արտաքին շերտի պղպջակները և ճեղքերը, ուղղելու նպատակով արված կենտ զարդանախշերը, թրծումից հետո առաջացած չափազանց վառ կամ խամրած գույները։ Բացի այդ, պարզվեց, որ ճենապակու արտադրությունը շատ ծախսատար է, և Ֆրանչեսկոյի մահից հետ ճենապակու արտադրությունն անկում ապրեց[3]։ Պատրաստվել է ընդամենը 300 նմուշ, որոնցից մեզ են հասել միայն մի քանի տասնյակը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիչիի ճենապակի» հոդվածին։ |
|