Մեհմեդ Էմին Յուրդաքուլ թուրքերեն՝ Mehmet Emin Yurdakul | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1869[1] |
Ծննդավայր | Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | հունվարի 14, 1944[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և İzmir Atatürk High School? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
![]() |
Մեհմեդ Էմին Յուրդաքուլ (թուրքերեն՝ Mehmet Emin Yurdakul, մայիսի 13, 1869[1], Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 14, 1944[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ազգայնական գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ։ Լինելով պանթյուրքիզմի գաղափարախոսը՝ նրա ստեղծագործություններն ու պոեմները մեծ ազդեցություն են ունեցել vatan (հայրենիք) եզրույթի սահմանման վրա[3]։
Մեհմեդ Էմին Յուրդաքուլը ծնվել է 1869 թվականի մայիսի 13-ին Կոստանդնուպոլսում, երբ Օսմանյան կայսրությունում ընթանում էր ուշ թանզիմաթի շրջանը։ Նրա հայրը ձկնորս Սալիհ Ռեյզն էր, իսկ մայրը՝ Էմինե Խաթունը։
Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլում, սակայն պաշտոնապես չի ավարտել այն, քանի որ ընտանիքում տիրել է ծանր ֆինանսական վիճակ։ Այնուհետև սկսել է վերապատրաստվել օսմանյան վարչակազմում[4]։ 1891 թվականին հրատարակել է Fazilet ve Asalet գիրքը, ինչի արդյունքում վարչապետը նրան նշանակել է իր վարչության փաստաթղթերի գծով տնօրեն[4]։ Նրա վաղ գրական գործունեության վրա ազդեցություն է ունեցել Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին, որի հետ ծանոթացել է Կոստանդնուպոլսում 1892 թվականին[5]։ 1897 թվականին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուն՝ Türkçe Şiirler գիրքը, որի մեջ եղել են Ֆաուստո Զոնարոյի նկարներից[4]։
1907 թվականին մտել է Միություն և առաջադիմություն կոմիտե, որը 1908 թվականին կատարել է հեղաշրջում՝ ընդդեմ սուլթան Աբդուլ Համիդ II-ի[4]։ Դրանից հետո ծառայության է անցել Օսմանյան վարչակազմում և ուղարկվել Տրապիզոն[4]։ 1909 թվականից նա նշանակվել է Օսմանյան կայսրության մի քանի նահանգների նահանգապետ[6]։ 1911 թվականից ներգրավված է եղել պանթյուրքական միավորումներում, ինչպիսիք են Թուրքերի ասոցիացիան (Türk Derneği) և Թուրքական օջախը (Türk Ocakları)[7]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գրական գործունեությունը հայտնի է դարձել Միություն և առաջադիմություն կոմիտեի հետևորդների շրջանում, քանի որ նրա ազգայնական հայացքները չեն մերժել կրոնը[5]։ 1913 թվականին դարձել Է Մոսուլի ներկայացուցիչը օսմանյան խորհրդարանում[6]։
Մեհմեդ Էմին Յուրդաքուլը Կոմիտասի ընկերն էր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ երբ Կոմիտասը 1915 թվականի ապրիլի 24-ին մի շարք հայ մտավորականների հետ ձերբակալվել է, Էմին Յուրդաքուլը և ամերիկացի դեսպան Հենրի Մորգենթաուն միջնորդել են, որպեսզի Կոմիտասն ազատ արձակվի, ինչը տեղի է ունեցել։ Սակայն կոմիտասագետ Տիրան Լոքմագյոզյանը պնդում է, որ որևէ փաստ գոյություն չունի, որ Յուրդաքուլը միջնորդել է Կոմիտասի ազատ արձակման համար, և դրա վերաբերյալ վարկածները «լրիվ հերյուրանք են»։ Ըստ նրա՝ երբ Յուրդաքուլին տեղեկացրել են Կոմիտասի աքսորվելու մասին, նա անտարբեր վերաբերմունք է դրսևորել[8]։
1923 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, եղել է Մեծ Ազգային ժողովի անդամ, որտեղ պաշտպանել է թուրքերեն այբուբենի ընդունումը[9]։
Մահացել է 1944 թվականի հունվարի 14-ին և թաղված է Թուրքիայի Զինջիրլիքույու գերեզմանատանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Էմին Յուրդաքուլ» հոդվածին։ |
|