Մենզուրային նոտագրություն (լատ.՝ mensura – չափ, համաչափ նոտագրություն), նոտագրության համակարգ 13-14-րդ դարերի միջնադարյան Եվրոպայում։ Ի տարբերություն ավելի վաղ հունական նևմային, հայկական խազային (նշվել է մեղեդու շարժումը) և խմբերգային (նշվել է միայն հնչյունի բարձրությունը) նոտագրության՝ մենզուրային նոտագրությունը հնարավորություն է ընձեռել արձանագրելու հնչյունների և՛ բարձրությունը, և՛ հարաբերական տևողությունը։ Նրա անհրաժեշտությունը պայմանավորվել է բազմաձայն երաժշտության զարգացմամբ, քանի որ մոտետներում հնարավոր չէր պահպանել տեքստի յուրաքանչյուր վանկի արտասանությունը միաժամանակ բոլոր ձայներում։
Մենզուրային նոտագրությունը մշակել և նկարագրել են Յ. դե Գառլանդիան, Ու. Օդինգտոնը (13-14-րդ դարեր), Ֆ. Քյոլնեցին, Ֆ. դե Վիտրին, Յ. դը Մուրիսը, Մ. Պադուացին (14-րդ դար), Յ. Տինքտորիսը (15-16-րդ դարեր), Ֆ. Գաֆֆուրիուսը (15-16-րդ դարեր) և ուրիշներ։
13-րդ դարի վերջին հնչյունների և պաուզաների տևողության նշագրման համար օգտագործել են մենզուրային նոտագրության հետևյալ նշանները (տրված է տևողությունների նվազման կարգով, բոլոր տերմինները լատիներեն են). մաքսիմա (կրկնակի լոնգա), լոնգա (երկար), բրևիս (կարճ), սեմիբրևիս, մինիմա, սեմիմինիմա, ֆուզա, սեմիֆուզա։
Մենզուրային նոտագրության զարգացումն պայմանականորեն բաժանել են 2 փուլի. առաջինում (1250–1450) առավել տարածված էին սևացված նոտային նշանները («սև» նոտագրություն)՝ մաքսիման (կրկնակի լոնգա), լոնգան, բրևիսը, սեմիբրևիսը։ Տևողության և պաուզայի յուրաքանչյուր ռիթմ. բաժանում (մենզուրա) ուներ իր անվանումն ու նշանը։ 13-րդ դարում տևողությունների չափման միավորը ընդունված էր լոնգան, 14-րդ դարից՝ ժամանակի արագացմանը համապատասխան՝ բրևիսը։ Երկրորդ փուլում (1450–1600) սևացված նոտային նշանները փոխարինվել են սևով ուրվագծված սպիտակ նշաններով («սպիտակ» նոտագրություն), բացառությամբ՝ ամենափոքր տևողության նշանների։ «Սպիտակ» նոտագրությունն ստեղծվել է առանձին նոտային նշաններից, լիգատուրից (2 կամ ավելի նոտաներ միավորող նշան), նաև պաուզաներից։
Նոտաների տևողությունները լիգատուրներում որոշվել են հատուկ կանոններով, ըստ որի՝ նոտային առանձին նշանների տևողությունների բաժանումը պայմանավորվել է բրևիսով, սեմիբրևիսով, նաև շրջակա այլ նոտաներով։ Այսպես՝ մենզուրա բրևիսն ունի tempus perfectum (տեմպուս պերֆեկտում, բաժանում 3 սեմիբրևիսի) և tempus imperfectum (տեմպուս իմպերֆեկտում, բաժանում 2 սեմիբրևիսի), իսկ սեմիբրևիսը՝ prolatio major (պռոլաթիո մաժոր, perfecta, բաժանում 3 մասի) և prolatio minor (պռոլաթիո մինոր, imperfecta, բաժանում 2 մասի) տեսակներ։ Որպես տարբերակիչ՝ օգտագործել են նաև tempus (կետի) նշանը, որով էր նշանակվում է ժամանակին կիրառվող տևողությունների բոլոր 4 հիմնական տեսակները.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |