Միխայիլ Նիկոլայի Տիխոմիրով (ռուս.՝ Михаил Николаевич Тихомиров, մայիսի 19 (31), 1893[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2, 1965[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1939), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Եղբայրը՝ Բորիս Տիխոմիրով (1898-1939), պատմաբան, ենթարկվել է ռեպրեսիաների։
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1917)։ 1934-ից դասախոսել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետում և այլ բուհերում։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության, ապա սլավոնագիտության ինստիտուտում։ 1953—57-ին՝ ՍՍՀՄ ԳԱ պատմ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1956-ից՝ Հնագրական հանձնաժողովի նախագահ։
Գիտնականը մի քանի անգամ այցելել Է Հայաստան, հանդես եկել զեկուցումներով, ղեկավարել աղբյուրագիտական խորհրդակցություններ, ապա և շրջագայել Հայաստանում, եղել տեսարժան վայրերում, ուսումնասիրել նյութական ու հոգևոր մշակույթի հուշարձանները՝ գիտնականներին հաղորդելով իր տպավորությունները։
Ունի 300-ից ավելի ուսումնասիրություններ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի և ՍՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Բյուզանդիայի, Սերբիայի պատմությանը, համասլավոնական խնդիրներին, աղբյուրագիտությանը, հնագրությանը, պատմագրությանը։ «Ռուսաստանը XVI հարյուրամյակում» (1962) ընդհանրացնող աշխատությունը հիմնակազմ ներդրում է պատմական աշխարհագրության մեջ։ Տիխոմիրովը ուսումնասիրել է հին ռուս, քաղաքների («Հին ռուսական քաղաքներ», 1956), XVI—XVII դդ․ ժողովրդական շարժումների («Դասակարգային պայքարը Ռուսաստանում XVII դ․», 1969), ֆեոդալական Ռուսաստանի պետության հիմնարկների («Ռուսական պետությունը XV—XVII դդ․», 1973) պատմությունը։ Գրել է նաև քաղաքների պատմության մասին՝ «Մոսկվան XIV—XV դդ», «Հին Մոսկվան», «Նովգորոդ», «Ցուցակ ռուսական քաղաքների» և այլն։
Տիխոմիրովըհ հետազոտություններ է կատարել ռուսական պետության և իրավունքի պատմության բնագավառում՝ «Ուսումնասիրություն «Ռուսակսւն պրրավդայի», «Ձեռնարկ «Ռուսական Պրավդայի» ուսումնասիրության համար», «1649 թ. Սոբորային օրենսգիրքը»և աայլ աշխատություններ։
Ուսումնասիրություններ է կատարել 10-18-րդ դարերի սկզբնաղբյուրների հավաքման, ուսումնասիրության ու հրատարակման բնագավառում, մշակել է աղբյուրագիտության տեսական հարցեր, կատարել սկզբնաղբյուրների գիտական հրատարակություններ՝ «Համառոտ ակնարկներ Մոսկվայի տարեգրական երկերի մասին», «Ռուսական տարեգրությունների լիակատար ժողովածու» (Հատոր 26), «Վոլոգդա-Պերմյան տարեգրության մասին», «Նովգորոդյան դրամոտաներ բերյոստայի (կեչու կեղևի վերնաշերտը) վրա» և այլն։ 1940 թվականին Միխայիլ Տիխոմիրովը հրատարակել է աղբյուրագիտության բուհական ձեոնարկը, որ առ այսօր միակն է մեր պատմագրության մեջ (երկրորդ հրատարակությունը՝ 1956 թ.)։
Միխայիլ Տիխոմիրովի ղեկավարությամբ ստեղծվել է ՍՍՌՄ ժողովուրդների պատմական գիտության պատմության ակադեմիական հրատարակությունը, որի առաջին հատորն ընդգրկում է 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը։
Նա անմիջականորեն մասնակցել է ու ղեկավարել բազմահատոր գործերի, ժողովածուների ու քրեստոմատիաների կազմելու աշխատանքները, խմբագրել մի շարք պատմագիտական հանդեսներ ու խոշոր պատմաբանների երկեր, այդ թվում Մ. Ն. Պոկրովսկու երկերի չորսհատորյակը, «Մոսկվայի պատմությունը» և այլն։
Տիխոմիրովը անհայտ ձեռագրերի հայտնաբերման ու նկարագրման գծով սովետական հնագրագետների ղեկավարն էր։ Նրա գլխավորությամբ է սկսվել ՍՍՀՄ-ում պահպանվող հազվագյուտ ձեռագրերի տեղեկատուի ստեղծումը, 1959-ից Տիխոմիրովը Լեհական ԳԱ-ի իսկական անդամ էր։ 1946 թվականին նա ընտրվել էր ՍՍՌՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1953 թվականին՝ ակադեմիկոս։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, նաև մեդալներով, ստացել գիտության վաստակավոր գործչի կոչում։
Նա ընտրվել է մի քանի օտարերկրյա ակադեմիաների անդամ, ճանաչվել որպես հին և միջնադարյան Ռուսիայի պատմության խոշորագույն մասնագետ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 6)։ |