Միշել Կրո ֆր.՝ Michel Auguste Croz և ֆր.՝ Michel Croz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1830[1] |
Ծննդավայր | Շամոնի Մոն Բլան |
Մահացել է | հուլիսի 14, 1865[2] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մաթերհորն |
Քաղաքացիություն | County of Savoy և ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | Լեռնային ուղեկցորդ և ճանապարհորդ հետազոտող |
Ստորագրություն![]() | |
![]() |
Միշել Օգյուստ Կրո (ապրիլի 22, 1830[1], Շամոնի Մոն Բլան - հուլիսի 14, 1865[2], Մաթերհորն), ֆրանսիացի լեռնագնաց և լեռնային ուղեկցորդ։ Արևմտյան Ալպերի առաջին լեռնագնացներից է։ Մահացել է Մաթերհորնից իջնելուց։ Էդուարդ Ուիմփերի գլխավորած խումբը, որի կազմում էր նաև Կրոն, առաջին խումբն էր, որ հաջողությամբ բարձրացավ Մաթերհորն։
Միշել Կրոն ծնվել է 1830 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիայի Շամոնի կոմունայի վերին մասում գտնվող փոքրիկ Լը Տուր գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Միշելն ամբողջ կյանքում ապրել է իր ավագ եղբայր Ժան Բապտիստ Կրոյի (1828-1905) (որը ևս լեռնային ուղեկցորդ էր), նրա կնոջ և ընտանիքի, ինչպես նաև երկու քույրերի՝ Մարի Սոֆիի և Մարի Դելֆինի հետ։ Միշելն ամուսնացած չէր[3][4]։
Միշել Կրոն լեռնագնացի և լեռնային ուղեկցորդի իր կարիերան սկսել է 1859 թվականին, երբ նրան վարձեց անգլիացի լեռնագնաց և գիտնական Ուիլյամ Մեթյուզը՝ բրիտանական ալպիական ակումբի հիմնադիրներից մեկը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Կրոն Մեթյուզի հետ միասին մի շարք լեռնագնացություններ է կատարել մի քանի ալպիական գագաթներ, այդ թվում` առաջին վերելքը Գրանդ Քասի (3855 մ, օգոստոսի 8, 1860), Մոն Ժելեի (3518 մ, Օգոստոսի 11, 1861), Կաստորի (4228 մ, օգոստոսի 23, 1861), Դոմ դե լա Սաշեի (3601 մ, օգոստոսի 15), Մոնտե Վիզոյի (3841 մ, օգոստոսի 30, 1861), Մոն Պուրիի (3779 մ, հոկտեմբերի 4) գագաթներ[3][5]։
1864 թվականին Մեթյուզը հեռացավ լեռնագնացությունից և Միշել Կրոն միացավ անգլիացի լեռնագնաց և ճանապարհորդ Էդուարդ Ուիմփերի թիմին։ Նրա հետ միասին Կրոն կատարել է առաջին վերելքը դեպի Մոն Դոլանի (3823 մ, հուլիսի 9, 1864)[6], Բար դեզ Էկրենի (4102 մ, հունիսի 25, 1864[7]), Էգյուիյ դը Տրե լյա Տետեի (3930 մ, հուլիսի 12, 1864), Էգյուիյ դ'Արժանտիերի (3901 մ, հուլիսի 15, 1864), Պուենտ Ուիմփերի (4184 մ, Գրանդ Ժորաս լեռնազանգվածի երկրորդ ամենաբարձր գագաթը, հունիսի 9, 1865) գագաթներ[3][8]։
1865 թվականի հունիսին Ուիմփերը վարձեց Կրոյին Մաթերհորն բարձրանալու մեկ փորձ ևս կատարելու համար։ Ավելի վաղ Ուիմփերը մի շարք փորձ կատարել էր այս ուղղությամբ բարձրանալու համար, բայց դրանք անհաջող էին ավարտվել։ 1865 թվականի հունիսի 13-ին Ուիմփերն ու Կրոն ուժերը համախմբեցին բրիտանացի լեռնագնաց Ֆրենսիս Դուգլասի խմբի հետ (որի կազմի մեջ էին նաև Դուգլաս Ռոբերտ Հեդոուն, Չարլզ Հադսոնը, Պետեր Տաուգվալդեր ավագը (հայր) և Պետեր Տաուգվալդեր կրտսերը) և դուրս եկան Ցերմատից։ Հաջորդ օրը` 1865 թվականի հուլիսի 14-ին, խումբը հաջողությամբ հասավ գագաթ։ Կրոն և Ուիմփերն առաջինը ոտք դրեցին լեռնագագաթ։ Մեկ ժամ մնալով լեռան գագաթին՝ խումբը սկսեց իջնել։ Կրոն առաջնագծում էր։ Մեկնարկից մի քանի րոպե անց, Հեդոուն, որը երկրորդն էր իջնում, չկարողացավ իրեն պահել և ընկավ՝ իր ետևից քաշելով նաև Կրոյին։ Հադսոնը և Դուգլասը նույնպես չկարողացան իրենց պահել և ընկան մյուս երկուսի հետևից։ Պարանը, որը կապում էր ընկած լեռնագնացներին և մնացած երեքին, կտրվեց և բոլորն ընկան ներքև։ Հուլիսի 16-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին 3 լեռնագնացների մարմինները (Կրոյի, Հադսոնի և Հեդոուի)։ Հուլիսի 19-ին մարմինները տեղափոխվեցին Ցերմատ և թաղվեցին լեռնագնացների տեղի գերեզմանոցում[9][10]։
Գրանդ Ժորաս լեռնազանգվածի երրորդ ամենաբարձր գագաթը կոչվում է Կրոյի անունով (Պուենտ Կրո, ֆր.՝ Pointe Croz, 4110 մետր)[11]։
Միշել Կրոյի անունով է կոչվում նաև Շամոնիի փողոցներից մեկը[12]։