Միքելա Ֆիջինի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Michela Figini |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ |
Երկիր՝ | Շվեյցարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 7, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Prato, Quinto Subdistrict, Լևենտինա, Տիչինո, Շվեյցարիա |
Հասակ՝ | 168 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 61 կիլոգրամ[1] |
Միքելա Ֆիջինի (իտալ.՝ Michela Figini, ապրիլի 7, 1966, Prato, Quinto Subdistrict, Լևենտինա, Տիչինո, Շվեյցարիա), շվեյցարացի լեռնադահուկորդուհի, օլիմպիական և աշխարհի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր։ Լեռնադահուկային սպորտի պատմության մեջ օլիմպիական ամենաերիտասարդ չեմպիոնուհին է[2] (Սարաևոյի Օլիմպիական խաղերում արագընթաց վայրէջքից հաղթելու պահին Միքելան 17 տարեկան և 315 օրական էր) և աշխարհի ամենաերիտասարդ գավաթակիրը (1984/1985 մրցաշրջանում հաղթանակի պահին 19 տարեկան չկար)։ 1988 թվականին՝ 21 տարեկան հասակում, Կալգարիում արժանացել է Օլիմպիական խաղերի բացման արարողությանը դրոշը կրելու պատվին։
Աշխարհի առաջնությանը նորամուտը կատարել է 1983 թվականի հունվարի 21-ին (Շրուսում համակցված ձևում գրավել է տասներորդ տեղը), իսկ 1983 թվականի մարտի 5-ին՝ 16 տարեկանում, առաջին անգամ բարձրացել է պատվո հարթակին (երրորդ տեղն արագընթաց վայրէջքում)։ Առաջին հաղթանակը տոնել է Մեժևում (Ֆրանսիա) 1984 թվականի հունվարի 28-ին արագընթաց վայրէջքից։ 8 մրցաշրջանում աշխարհի առաջնության փուլերում ունեցել է 26 հաղթանակ՝ մասնակցելով ընդամենը 117 մրցավազքի (հաղթանակները կազմում են 22 %-ը)։ Երկու անգամ անընդմեջ (1984 և 1985 թվականներին) ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն սպորտսմենուհի։
Վերջին անգամ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել է 1990 թվականի փետրվարի 11-ին Մարիբելում (Ֆրանսիա) (գերհսկա ձևում 11-րդ տեղը)։ Կարիերան ավարտել է 1990 թվականի գարնանը՝ 24 տարեկանում, մարզիչ Յան Տիշհաուզերի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. վերջինս Միքելային մեղադրել էր մարզումների սխալ մեթոդների ու հավաքականի մթնոլորտի վատթարացման համար[3]։ Այդ նույն մրցաշրջանում տարբեր պատճառներով կարիերան ավարտել են շվեյցարացի հայտնի 2 լեռնադահուկորդներ՝ աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր 26-ամյա Մարիա Վալլիզերը և օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր, աշխարհի քառակի չեմպիոն Պիրմին Ցուրբրիգենը։
Միքելա Ֆիջինին ամուսնացել է իտալացի լեռնադահուկորդ Իվանո Կոմոցիի հետ (ծնված 1962 թվականին), որը մասնակցել է 1988 թվականի Օլիմպիական խաղերին և հսկա սլալոմում գրավել 4-րդ տեղը։ Նրանք ունեն երկու երեխա[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելա Ֆիջինի» հոդվածին։ |
|