Մնացորդ (սալդո), (իտալ.՝ saldo, հաշվարկ, լատին․՝ saldare, հավասարեցում), հաշվի մնացորդ, եկամուտների և ծախսերի տարբերություն։
Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը մնացորդը սահմանում է որպես վստահելի հարաբերությունների մեջ գտնվող ընկերությունների փոխադարձ վճարումների հաշվի մնացորդ, որտեղ պարտապանի մնացորդը կոչվում է դեբետային մնացորդ, իսկ պարտատիրոջ մնացորդը՝ կրեդիտային մնացորդ. առանց մնացորդի հաշիվը հավասարակշռված հաշիվ է[1]։ ՄՍՀ-ում մնացորդը առևտի հաշվեկշռի ակտիվի և պարտավորության միջև տարբերությունն է[2]։
Հաշվապահական հաշվառման մեջ մնացորդը հաշվի մնացորդն է՝ դեբետային և կրեդիտային հանրագումարների տարբերությունը, որը կարելի է անվանել[3]՝
- դեբետային մնացորդ (դեբետն ավելի շատ է, քան կրեդիտը), որն արտացոլում է տնտեսական միջոցների վիճակը որոշակի ամսաթվի դրությամբ և գրանցվում է ակտիվների մասում,
- կրեդիտային մնացորդ (կրեդիտն ավելի մեծ է, քան դեբետը), որն արտացոլում է տնտեսական միջոցների աղբյուրների վիճակը և գրանցվում է հաշվեկշռի պարտավորությունների մասում.
- զրոյի հավասար մնացորդ (կրեդիտը հավասար է դեբետին), մինչդեռ հաշիվն ինքնին կկոչվի փակ հաշիվ։
Հաշվապահական հաշվառման մեջ որոշ հաշիվներ կարող են միաժամանակ ունենալ և՛ դեբետային, և՛ կրեդիտային մնացորդ։
Գործնականում հաճախ վերլուծվում է ոչ թե հաշվի ամբողջ պատմությունը, այլ միայն որոշակի ժամանակահատվածի, օրինակ՝ վերջին ամիսը։ Այս նպատակների համար անհրաժեշտ է հատկացնել՝
- Սկզբնական (մուտքային) մնացորդ՝ հաշվեկշռի մնացորդը ժամանակաշրջանի սկզբում։ Հաշվարկվում է նախորդ գործարքների հիման վրա։
- Ժամանակահատվածի դեբետային և կրեդիտային շրջանառություն՝ հաշվարկվում է գործարքների հիման վրա` միայն դիտարկվող ժամանակաշրջանի համար։
- Ժամանակաշրջանի մնացորդ` դիտարկվող ժամանակաշրջանի գործառնությունների ընդհանուր արդյունք։
- Վերջնական (ելքային) մնացորդ՝ հաշվեկշռի մնացորդը ժամանակաշրջանի վերջում։ Այն սովորաբար հաշվարկվում է որպես ժամանակաշրջանի սկզբնական մնացորդի և շրջանառության թվաբանական գումար։
Արտաքին առևտրային հարաբերություններում մնացորդը սահմանվում է որպես արտահանման և ներմուծման կամ պահանջների և պարտավորությունների հանրագումարի տարբերություն[3]։ Միևնույն ժամանակ առանձնացնում են[3]՝
- առևտրի դրական հաշվեկշիռ՝ արտահանման գերազանցում ներմուծման նկատմամբ (երկիրն ավելի շատ է վաճառում, քան գնում),
- առևտրի բացասական հաշվեկշիռ՝ ներմուծման գերազանցում արտահանման նկատմամբ (երկիրն ավելի շատ գնում է, քան վաճառում)։
- վճարային դրական հաշվեկշիռ՝ մուտքային վճարումների գերազանցում տվյալ տարածաշրջանից ելքային վճարումների նկատմամբ,
- վճարային բացասական հաշվեկշիռ՝ ելքային վճարումների գերազանցում տվյալ տարածաշրջանի մուտքային վճարումների նկատմամբ։