«Մոգադոր» (ֆր.՝ Le théâtre Mogador), թատրոն Փարիզում, Ֆրանսիա։ Գտնվում է նույնանուն փողոցի 25 համարի տանը, Փարիզի 9-րդ շրջանում։ Կառուցվել է 1913-1919 թվականներին, ըստ ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծի։
Թատրոնի շինարարությունն սկսվել է 1913 թվականին իմպրեսարիո Ալֆրեդ Բուտի միջոցներով` նրա կողմից վարձակալված հողատարածքում, որտեղ ավելի վաղ եղել է ախոռ։ Շենքը նախագծվել է ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծով լոնդոնյան «Պալադիում» երաժշտասրահի նմանությամբ[2]։
Թատրոնը բացվել է 1919 թվականի ապրիլի 21-ին, «Բարև, Փարիզ» ներկայացմամբ։ Այնտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը, ով այդ ժամանակ Ֆրանսիայում էր Վերսալյան պայմանագիրը կնքելու համար, և ԱՄՆ ապագա նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը[3]։ Ի սկզբանե թատրոնը կոչվել է «Պալատական թատրոն» (ֆր.՝ Le Palace Théâtre), բայց շուտով այն փոխարինվում է «Մոգադոր» անվանումով։
1922 թվականին Էռնեստ Անսերմի ղեկավարությամբ թատրոնում անց են կացվում Դյագիլևի ռուսական բալետի համերգներ։ Երեկոյան ժամերին ընկերությունը հանդիսականներին էր ներկայացնում «Շահրիզադեն», «Քնած գեղեցկուհին» և «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» ներկայացումները։ Ցերեկային ժամերին ներկայացվում էին թատրոնի խաղացանկային բեմադրությունները։
1941 թվականին թատրոնի ղեկավարն է դառնում Անրի Վառնան։ Նրա ղեկավարության տարիներին «Մոգադոր»-ը հայտնի է դառնում արտերկրում այնպիսի ներկայացումների շնորհիվ, ինչպիսիք են «Արքայական մանուշակներ», «Միխայիլ Ստրոգով», «Ուրախ այրին», «Վենետիկի սիրահարները» և այլն։
1983 թվականին թատրոնն առաջին անգամ վերանորոգվել է։
2002 թվականին «Մոգադոր»-ում կայացել է ֆրանսիական թատերական «Մոլիեր» մրցանակաբաշխության արարողությունը։ 2003, 2005 և 2006 թվականներին ևս մրցանակաբաշխությունն անց է կացվել այստեղ։
2005 թվականին թատրոնի սեփականատերն է դառնում Stage Entertainment թատերական կազմակերպությունը։ Այս առթիվ այն Ֆրանսիայում ստեղծում է «դուստր» կազմակերպությունը` Stage Entertainment France անվամբ[4], որը թատրոնում հիմնանորոգում է իրականացնում, որոշ տարածքներ ընդլայնվում են[5]։ Նախասրահում նաև ներկայացվում է ժամանակակից նկարիչների 65 նկարների ցուցադրություն[5][6]։
«Մոգադոր»-ը վերաբացվում է 2007 թվականի սեպտեմբերի 22-ին` «Առյուծ արքա» մյուզիքլի ազգային առաջնախաղով։ Հաջորդ տարիներին Stage Entertainment France-ը բեմադրել է նաև այլ լիցենզիոն ներկայացումներ. «Mamma Mia!» (2010-2012), «Գործի՛ր, քույրիկ» (2012-2013), «Գեղեցկուհին և հրեշը» (2013-2014)։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ից թատրոնում բեմադրվում է «Վամպիրների պարը» մյուզիքլը[7]։
2015-2016 թվականների թատերաշրջանում թատրոնում ցուցադրվել է Էնդրյու Լլոյդ-Ուէբերի «Կատուներ» մյուզիքլը։
2016-2017 թվականներին Stage Entertainment France-ը թատրոնում ներկայացրել է լեգենդար «Օպերայի ուրվականը» մյուզիքլը։ Իր ցուցադրման 30-ամյակին ներկայացումն առաջին անգամ է ցուցադրվում այն քաղաքում, որտեղ ըստ սյուժեի տեղի են ունենում գործողությունները։