Մոյդոդիր ռուս.՝ Мойдодыр | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն և հեքիաթ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Կոռնեյ Չուկովսկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Կերպարներ | Moydodyr? և Կոկորդիլոս |
Հրատարակվել է | 1923 |
Moydodyr |
«Մոյդոդիր» (ռուս.՝ «Мойдодыр»), Կոռնեյ Չուկովսկու մանկական չափածո հեքիաթը, որը կոչվել է իր հերոսներից մեկի անունով։
Ըստ Չուկովսկու՝ հեքիաթը գրվել է 1921 թվականին, առաջին անգամ հրատարակվել է «Ծիածան» հրատարակչության կողմից 1923 թվականին Յու. Աննենկովի նկարազարդումներով։ Հեքիաթի հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր 1927 (ռեժիսոր՝ Մարիա Բենդերսկայա), 1939 և 1954 թվականներին (ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո)։
Պատումը ներկայացվում է մի տղայի անունից, որից հանկարծ փախչում են իր իրերը։ Հայտնվում է խոսող լվացարան Մոյդոդիրը, որը տղային հայտնում է, որ իրերը նրանից փախել են այն պատճառով, որ նա փնթի է։ Մոյդոդիրի հրամանով խոզանակներն ու օճառները հարձակվում են տղայի վրա և սկսում են ուժով լողացնել նրան։ Տղան դուրս է փախչում փողոց, բայց նրան հետապնդում է ճիլոպը։ Փողոցով քայլող կոկորդիլոսը կուլ է տալիս ճիլոպը, որից հետո սպառնում է, որ կուլ կտա նաև տղային, եթե նա չլվացվի։ Տղան վազում է լվացվելու, ինչից հետո իրերը վերադառնում են նրա մոտ։ Բանաստեղծությունն ավարտվում է մաքրության գովերգմամբ։
Չուկովսկին Ա. Խալաթովին ուղղված նամակում գրել է[1]. «Արդյո՞ք ես խուսափում եմ տենդենցից իմ մանկական գրքերում։ Ամենևին ոչ։ Օրինակ՝ «Մոյոդոդիրը» մանուկներին ուղղված բուռն կոչն է հանուն մաքրության։ Կարծում եմ, որ մի երկրում, որտեղ մինչև վերջերս ատամները լվացողների վերաբերյալ ասում էին՝ «Ա՛յ, հեյ, տեսե՛ք այդ ջհուդին», այդ միտումը արժե մյուս բոլորին։ Ես գիտեմ հարյուրավոր դեպքեր, երբ Մոյդոդիրը փոքրիկների համար կատարել է մարդկանց առողջության կոմիսարիատի դերը»։