Մոնալիզան ծնվել է Նիգերիայի Ռիվերս նահանգի Պորտ Հարկորտ քաղաքում, որտեղ էլ տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել։ Այնուհետև ավարտել է հայրենի քաղաքի համալսարանը՝ ստանալով թատերական արվեստի մասնագետի որակավորում[5]։
Դեռ սովորելու տարիներին նկարահանվել է ֆիլմերում։ Առաջին խոշոր դերը կատարել է 1996 թվականին նկարահանված «Հղի կույսը» (Pregnant Virgin) կինոնկարում[6]։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2000 թվականին, նկարահանվել է «Օրենքից վեր» (Above the Law) կինոնկարում, որին հաջորդել են բազմաթիվ այլ ֆիլմեր[7]։
2007 թվականին հանդես է եկել «Երկնքի դարպասը» (Heaven’s Gate) հեռուստասերիալում[8]։ 2011 թվականին իր ուժերը փորձել է նոր ասպարեզում. որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է գեղարվեստի թագավորական ակադեմիայի պատվերով ռեժիսոր Դեսմոնդ Էլիոթի «Համբուրիր և ասա» ('Kiss & Tell') ֆիլմի նկարահանման աշխատանքներին[9]։ 2012 թվականինՆոլիվուդի դերասաններից առաջինների թվում նրա լուսանկարը հայտնվել է Hollywood Weekly Magazine ամսագրի շապիկին[10]։ 2014 թվականի նոյեմբերին հեռուստատեսությունում նոր գործ է ձեռնարկել. սկսել է վարել You & I with Monalisa թոք-շոուն[11]։ Այս ամենի հետ մեկտեղ Մոնալիզան հասցնում է որպես սյունակագիր՝ հոդվածներ պատրաստել The Sun թերթի շաբաթօրյա համարների համար, գեղարվեստի թագավորական ակադեմիայում աշխատել որպես խորհրդական, վարել կինոարվեստում ինքնադրսևորվել ձգտող շնորհալի երիտասարդների համար բացած դպրոցը, զբաղվել բարեգործությամբ[12]։
2011 թվականին Մոնալիզան թագադրվել է հայրենի Պորտ Հարկորտ քաղաքում անցկացվող կառնավալի թագուհի և դարձել դրա խորհրդանշական դեմքը[13]։
2010 թվականին «Դրամատիկական հեռուստասերիալում նկարահանված լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Terracotta TV and Film Awards մրցանակաբաշխությունում[14]։
2009 թվականին «Լավագույն դերասանուհի. աֆրոհոլիվուդյան մրցանակ» անվանակարգում պարգևատրվել է Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնում[15]։