Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար ռուս.՝ Забытая мелодия для флейты | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և մելոդրամա |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով |
Դերակատարներ | Լեոնիդ Ֆիլատով, Տատյանա Դոգիլևա, Օլգա Վոլկովա, Ելենա Մայորովա, Իրինա Կուպչենկո, Վալենտին Գաֆտ, Վսևոլոդ Սանաև, Ալեքսանդր Շիրվինդտ, Վացլավ Դվորժեցկի, Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի, Նինա Ագապովա, Ալեքսանդր Պյատկով և Էլդար Ռյազանով |
Օպերատոր | Վադիմ Ալիսով |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 134 րոպե |
Forgotten Melody for a Flute Վիքիպահեստում |
«Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» (ռուս.՝ Забытая мелодия для флейты), 1987 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, երգիծական մելոդրամա` ֆանտազմագորիայի տարրերով, որի ռեժիսորը Էլդար Ռյազանովն է, իսկ սցենարը գրել է Էմիլ Բրագինսկին։ Ֆիլմը ներկայացնում է խորհրդային իշխանության մայրամուտի ժամանակաշրջանում նոմենկլատուրայի և հասարակ մարդկանց կյանքի տարբերությունը և պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ սեր է ծնվում այս դասերի ներկայացուցիչների միջև։
Ֆիլմը նկարահանվել է գլասնոստի հայտարարումից հետո, այդ պատճառով էլ այն շատ ցայտուն կերպով բացահայտում է դրանից առաջ արգելված թեմաները՝ նոմենկլատուրայի բյուրոկրատիզմ, սեքս, հասարակ խորհրդային քաղաքացիների խղճուկ կյանք, միստիկա։
Ռյազանովը վաղուց էր պլանավորել նկարահանել ֆիլմ «Անբարոյական պատմություն» պիեսի հիման վրա, որը նա գրել էր Է. Բրագինսկու համահեղինակությամբ 1976 թվականին։ Նրանք նույնիսկ գրել էին «Մենք չենք հերկում, չենք ցանում, չենք կառուցում» (ռուս.՝ «Мы не пашем, не сеем, не строим») երգի տեքստը, որը հետագայում ֆիլմում կատարել են Տատյանան և Սերգեյ Նիկիտինը։ Սցենարի առաջին տարբերակը կինոստուդիայում չի ընդունվել, քանի որ այն համարվել է չափազանց սուր, բայց երբ 1986 թվականին գրվել է երկրորդ տարբերակը, սկսված վերակառուցումը կատարել է իր գործը, և սցենարը հաստատվել է։ Բայց երբ Էլդար Ռյազանովը արդեն պատրաստ էր սկսելու ֆիլմի ստեղծումը, Լեոնիդ Ֆիլատովը, ում սկզբում ցանկանում էր վստահել գլխավոր դերը, զբաղված էր մեկ այլ ֆիլմի նկարահանումներով[2]։
Ռյազանովը չի սպասել, թե երբ ազատ կլինի Ֆիլատովը և սկսել է բնական պահմաններում նկարահանումները Ղրիմում և Ղազախստանում։ Նկարահանումների ժամանակ Ռյազանովը միկրոինսուլտ է ստացել, որի արդյունքում նրա մի ականջը դադարել է լսել[2]։ Ֆիլատովի՝ աշխատանքն ավարտելու պահին Ռյազանովը ծանր հիվանդ էր, և նա ստիպված է եղել սկսել նկարահանել ֆիլմը և միաժամանակ բուժվել հիվանդանոցում։
1987 թվականի հունվարին տեղի է ունեցել ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը, որով սկիզբ է դրվել գլասնոստի դարաշրջանին, և անհետացել են ֆիլմը նկարահանելու վերջին խոչընդոտները։ Այժմ ֆիլմի հրատապ թեման կարող էր բացահայտվել ամբողջությամբ՝ առանց «սուր անկյունները» հարթելու անհրաժեշտության։ Նկարը թողարկվել է 1987 թվականի նոյեմբերին։
Լեոնիդ Սեմյոնովիչ Ֆիլիմոնովը, որն «Ազատ ժամանակի գլխավոր տնօրինության» (ռուս.՝ «Главное управления свободного времени») բարձրաստիճան պաշտոնյա է, անընդհատ պայքարում է սեփական «Ես»-ի հետ։ Նա փորձում է արգելել կամ ազատվել ցանկացած ժողովրդական արվեստից, որը կարելի է մեկնաբանել երկու եղանակով։ Բայց հանդիպումների ժամանակ, երբ կա ազատ րոպե, Ֆիլիմոնովը պատկերացնում է, թե ինչպես է ինքը վեր կենում և ասում ամբողջ ճշմարտությունն ուղիղ իր պետի դեմքին, որը հնացած հայացքներ ունի։ Բայց նա դա չի անում, քանի որ վախենում է կորցնել աշխատանքը։
Մի անգամ Ֆիլիմոնովի սիրտը հանկարծակի վատացել է, ինչի պատճառով նա ծանոթանում է իր վարչության բուժքույր Լիդայի հետ, որին սիրահարվում է։ Պարզվում է, որ նա միակն է, որի հետ ինքը կարող է ակնեղծ լինել։ Ֆիլիմոնովի կինը, իմանալով, որ նա սիրուհի ունի, նրան վռնդում է տնից, և Ֆիլիմոնովն բնակվում է բուժքրոջ տանը։
Շուտով կինը, հասկանալով, որ մենակ է մնացել, խնդրում է ամուսնուն վերադառնալ իր մոտ, նա համաձայնվում է ներել ամեն ինչ։ Բացի այդ, նա հայտարարում է, որ դեռ չի պատմել իր հորը իրենց բաժանման մասին, որը երկար տարիներ օգնել է Լեոնիդին՝ բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Ի լրումն ամեն ինչի, նրա գործընկերները նույնպես ճնշում են գործադրում նրա վրա և համոզում են բաժանվել Լիդայից, քանի որ դա կարող է վնասել նրա կարիերային. կանխատեսվում է, որ Ֆիլիմոնովը կնշանակվի թոշակի անցած նախկին պետի փոխարեն։ Արդյունքում, կարիերայի վերաբերյալ նկատառումները գերակշռում են զգացմունքների վրա, և Ֆիլիմոնովը ենթարկվում է կնոջ ու գործընկերների ճնշմանը։ Նա վախկոտորեն փախչում է Լիդայից՝ առանց նրան նույնիսկ բացատրություն տալու։
Նեղացած Լիդան հեռանում է վարչությունից։ Ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ Ֆիլիմոնովը մեկ րոպե ընկնում է երազների մեջ. Լիդայի առջև զգալով զղջում և ամոթ՝ նա պատկերացնում է, թե ինչպես է իր ենթականերին հայտնում այն ամենը, ինչ մտածում է այս անիմաստ կառավարման մասին, գնում է Լիդայի մոտ և զղջման արցունքներով խոսում է այն մասին, որ ինքն ինքնակամ հրաժարվել է ղեկավար պաշտոնից, քանի որ նա թանկ է իր համար։ Երբ Ֆիլիմոնովը շարունակում է իր ելույթը, նրա սիրտը կրկին վատանում է։ Զանգահարում են շտապօգնություն։ Զգալով, որ շուտով կկորցնի գիտակցությունը, Ֆիլիմոնովը խնդրում է զանգահարել Լիդային։ Ռեանիմատոլոգների ժամանած խումբը սկսում է օգնություն ցույց տալ Ֆիլիմոնովին, նա ապրում է կլինիկական մահ, և նրա հոգին տեղափոխվում է մյուս աշխարհ (ցուցադրվում է անդրաշխարհի միջանցքներով մի տեսարան, որտեղ Գերագույն դատարանի առջև կանգնելու իրենց հերթին են սպասում տարբեր մարդիկ՝ Աֆղանստանում զոհված զինվորականներ, Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնողներ, օդաչուներ, տիեզերագնացներ, ուղղափառ քահանա, ծերեր, երիտասարդներ, բժիշկներ, ոստիկաններ, փրկարարներ, ինչպես նաև անբուժելի հիվանդություններից մահացած մարդիկ։ Ֆիլիմոնովի հոգին մռայլ միջանցքի սենյակներից մեկում նկատում է Ադամին ու Եվային)։ Ֆիլիմոնովի հոգին հանդիպում է իր ծնողներին, որոնք նրբորեն նախատում են նրան իրենց հիշատակը չհարգելու համար։ Այդ պահին Լիդան, տեսնելով, որ շտապօգնության մեքենան շտապում է դեպի վարչություն, կռահում է, որ Ֆիլիմոնովի սիրտը կրկին վատ է, վազում է գրասենյակ և աղաչում, որ նա չմահանա, չնայած բժիշկներն արդեն պատրաստվում են գրանցել նրա մահը։ Ֆիլիմոնովը սկսում է շնչել, բժիշկները շարունակում են վերակենդանացումը, իսկ Լիդան կրկին դուրս է գալիս վարչությունից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» հոդվածին։ |
|