Մորդեխայ Արդոն | |
---|---|
Ի ծնե | եբրայերեն՝ מרדכי אליעזר ברונשטיין |
Ծնվել է | հուլիսի 13, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Tuchów, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | հունիսի 18, 1992[1][2][4][…] (95 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Բաուհաուզ |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Զավակներ | Michael Ardon? |
Կայք | ardon.com |
Mordecai Ardon Վիքիպահեստում |
Մորդեխայ Արդոն (ծննդյամբ՝ Մաքս (Մորդհե Էլիէզեր) Բրոնշտեյն, եբրայերեն՝ מרדכי ארדון, հուլիսի 13, 1896[1][2][3][…], Tuchów, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հունիսի 18, 1992[1][2][4][…], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելցի նկարիչ։
Մաքս Բրոնշտեյնը ծնվել է հավատացյալ հրեական ընտանիքում, ներկայիս Լեհաստանի տարածքում։ 1921-1925 թվականներին նա սովորել է Դեսաուի Բաուհաուզի դպրոցում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Պաուլ Կլեեն, Վասիլի Կանդինսկին, Լիոնել Ֆեյնինգերը և Յոհաննես Իտտեն։ Արդոնի աշխատանքների վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Պաուլ Կլեեի ստեղծագործությունները։ 1926 թվականին Արդոնն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Մաքս Դյորների ղեկավարությամբ ծանոթանում է հին վարպետների նկարելու տեխնիկային։ Մասնավորապես նկարիչը գտնվել է Ռեմբրանդտի և Էլ Գրեկոյի գեղանկարչական ստեղծագործությունների ազդեցության ներքո։ 1933 թվականին, Գերմանիայում ԱՍԳԲԿ-ի իշխանության գալուց հետո, Արդոնն արտագաղթում է Բրիտանական Պաղեստին[6]։ Այստեղ նա դասավանդում է 1906 թվականին հիմնադրված Բեցալել արվեստի դպրոցում (այժմ՝ Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա)։ Նրա աշակերտներից է եղել կինետիկական արվեստի հիմնադիրներից մեկը Յակով Ագամը։ 1936 թվականին ստացել է պաղեստինյան քաղաքացիություն և փոխել է անունը՝ դառնալով Մորդեխայ Արդոն[7]։ 1959 թվականին Մորդեխայ Արդոնը մասնակցել է Կասսելում կազմակերպված ժամանակակից արվեստի documenta II միջազգային ցուցահանդեսին։ 1963 թվականին նրան շնորհում են Իսրայելի Պետական մրցանակ։
Մորդեխայ Արդոնի գեղարվեստական ոճը հիմնականում հետաքրքիր է նրանով, որ իր ստեղծագործություններում նա փորձում է հերքել այն թեզը, որ ժամանակակից աբստրակտ արվեստն անհամատեղելի է «հին վարպետների» տեխնիկայի հետ։ Դասական գեղանկարչության ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները Մորդեխայ Արդոնի ստեղծագործություններին տալիս են պատկերման ձևի խորություն և հարստություն։ Մորդեխայ Արդոնը համարվում է հասարակական և քաղաքական ազդեցություններից դուրս գտնվող «մաքուր արվեստի» գաղափարների կողմնակից։ Նա կոչ էր անում իր ստեղծագործությունների մասին դատել միայն զուտ ստեղծագործական որակներով, կոմպոզիցիայով, գուներանգներով և դիտողի վրա ունեցած ներքին ազդեցությամբ։ Նկարիչը մերժում էր այդ ազդեցության վրա սիմվոլիկ, գրական և այլ տարրերի օգտագործումը։ Միաժամանակ նա չէր կարողանում ամբողջությամբ հետևել իր «արտաքաղաքական» կանոններին, իր ստեղծագործություններում (մասնավորապես՝ 1955-1988 թվականների 8 լայնածավալ եռածալիկ նկարներում)՝ առաջին հերթին հանդես գալով պատերազմի սարսափի և սոցիալական անարդարության դեմ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորդեխայ Արդոն» հոդվածին։ |
|