Յադրանկա Ջոկիչ (խորվաթերեն՝ Jadranka Đokić, հունվարի 14, 1981(1981-01-14)[1], Պուլա, Իստրիա, Խորվաթիա), խորվաթ դերասանուհի, որին շատերը համարում են 21-րդ դարի խորվաթ ամենատաղանդավոր դերասանուհին[2][3]։ Նա արժանացել է քննադատների դրվատանքին և բազմաթիվ մրցանակների՝ կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում բազմաբնույթ կերպարներ վարպետորեն մարմնավորելու համար[4][5]։ Հիշատակման են արժանի հատկապես նրա դերակատարումները «Գեղեցիկ մահացած աղջիկներ» «Ափսոս էր Քունգ Ֆուն», «Ապակուց այն կողմ», «Փոթորիկ», «Մետաստազներ», «Քահանայի երեխաները» գեղարվեստական կինոնկարներում։ «Ապակուց այն կողմ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն տպավորիչ կերպով մարմնավորելու համար Յադրանկան 2008 թվականինՊուլայի կինոփառատոնում «Ոսկե ասպարեզ» մրցանակի է արժանացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Նրան լայն ժողովրդականություն ու համբավ են բերել նաև դերակատարումները Naša mala klinika, Luda kuća, Moja 3 zida, Ko te šiša հեռուստաֆիլմերում[6]։ Դերասանական իր բարձր վարպետությունը Ջոկիչը դրսևորել է նաև Զագրեբի խորվաթական ժողովրդական թատրոնում հանդես գալով մրցանակների արժանացած Լիր արքա, Տարտյուֆ, Ձմեռային հեքիաթ, Քեռի Վանյա, Svaki tvoj rođendan, Ապուշը ներկայացումներում[7]։ Նա հնչյունավորել է Թերքին 1999 թվականին նկարահանված Տարզան ֆիլմի խորվաթական կրկնօրինակում[8]։
Յադրանկան ծնվել է 1981 թվականիհունվարի 14-ին, ԽորվաթիայիՊուլա քաղաքում, մեծացել է նրա մերձակայքում գտնվող Սիյանում[9], Pula Arena-ի հարևանությամբ[10]։ Դպրոց ու գիմնազիա հաճախել է Պուլայում։ Դեռ պարմանուհի՝ հրապուրվել է թատրոնով[11][12]։ Դերասանական իր կարիերան սկսել է Պուլայի թատրոն-ստուդիայում, որտեղ վարպետության դասեր է առել Ռոբերտ Ռապոնիայից, խաղացել շեքսպիրյան գործերի բեմադրություններում, այդ թվում՝ Օթելլո-ում, Տիմոն Աթենացի-ում, Համլետ-ում, Սիմբելին-ում։ Այնուհետև ուսանել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիայում, դեռ այնտեղ սովորելու տարիներին ստացել իր առաջին դերը թատրոնում՝ որպես պրոֆեսիոնալ դերասանուհի։
2011 թվականին արժանացել է Խորվաթիայի թատերական մրցանակին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ovo bi mogla biti moja ulica ներկայացման մեջ իր բարձրարվեստ դերակատարման համար[13]։ Այդ բեմադրությունը մեծ հաջողությամբ ներկայացվել է ոչ միայն Զագրեբում, այլև Հռոմում, Բեռլինում, Պրահայում[14]։
Թատրոնում Ջոկիչի լավագույն դերակատարումներից են համարվում Կորդելիան՝ շեքսպիրյան «Լիր արքա»-ում[15][16], Նաստասյա Ֆիլիպովնան՝ Դոստոևսկու «Ապուշ»-ի բեմականացումում[17][17]։
2010 թվականինGlobus ամենշաբաթյա հանդեսը գրել է, որ Յադրանկա Ջոկիչը Խորվաթիայի առաջատար կինոդերասանուհիներից մեկն է[19]։
Արտիստական իր ոչ այնքան մեծ կարիերայի ընթացքում նա արդեն հասցրել է շահել խորվաթական թատրոնի լավագույն արտիստուհու չորս, Պուլայի կինոփառատոնի մեկ «Ոսկե ասպարեզ», «Večernji list» օրաթերթի խմբագրության սահմանած երկու մրցանակ, հինգ «Ոսկե ծիծաղ», ժյուրիի երեք Grand Prix, Ֆաբիան Շովագովիչի անվան երկու, Վելիկո Մարչիչի անվան մեկ և Վլադիմիր Նազորի անվան մեկ մրցանակ[20]։ Բացի այդ, խորվաթական Teatar.hr կայքի անցկացրած հարցումների հիման վրա երկու անգամ (2013 և 2015 թթ.) ճանաչվել է «Տարվա դերասանուհի» և արժանացել հատուկ մրցանակների[21][22]։