Յան Լույկեն

Յան Լույկեն
Ծնվել էապրիլի 16, 1649(1649-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Վախճանվել էապրիլի 5, 1712(1712-04-05)[1][5][2][…] (62 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքMennonites?[4]
Մասնագիտությունփորագրիչ, բանաստեղծ, նկարիչ, գրող, նկարազարդող, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, օֆորտանկարիչ, copper engraver, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ժանրժանրային նկարչություն[4] և պատմական գեղանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն[6], գրաֆիկա[6] և նկարչական արվեստ[6]
ՈւսուցիչCoenraet Decker?[4] և Martin Zaagmolen?[4]
ԶավակներCaspar Luyken?[7][4]
 Jan Luyken Վիքիպահեստում

Յան Լույկեն (հոլ.՝ Jan Luyken, ապրիլի 16, 1649(1649-04-16)[1][2][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - ապրիլի 5, 1712(1712-04-05)[1][5][2][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի հանրահայտ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Լույկենը փորագրանկարներ է ստեղծել նաև «Նավաստու Աստվածաշունչը» անունով հայտնի գրքի համար:

Յան Լույկենը դպրոցի ուսուցիչ Կասպեր Լույկենի (1606-1668) և Էսթեր Կորսի (1610—1667) հինգերորդ զավակն էր։ Դպրոցն ավարտելուց հետո Յանն աշխատանքի է ընդունվել նկարչական արվեստանոցում՝ որպես ենթավարպետ, զուգահեռաբար ընդգրկվելով հակակղերական երիտասարդ բանաստեղծների միություն։ 1669 թվականից նա սկսեց յուրացնել փորագրության արվեստը։ Դրանից երկու տարի անց հրապարակվեց նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հոլանդական Լիրա» («De Duytse Lier»): 1672 թվականին Յանն ամուսնացավ։ Իսկ հաջորդ տարում մկրտվեց մեննոնականների (բողոքականության ճյուղ) եկեղեցում և որոշ ժամանակ հաճախեց նրանց հավաքներին՝ Ամստերդամի մոտ։ Սակայն կյանքի 26-րդ տարում Լույկենի մոտ տեղի ունեցավ կրոնական հայացքների մեծ շրջադարձ, որից հետո նա թողեց մեննոնականների եկեղեցին և հարեց Յակոբ Բյոմեի հետևորդների միաբանությանը։

Ամուսնությունից տասը տարի անց, երբ նրա ընտանիքում ծնվել էր հինգ երեխա, որոնցից չորսը չապրեցին մինչև հասունության տարիք, վախճանվեց Լույկենի կինը։ Նկարիչը վաճառեց տունը և տեղափոխվեց վարձու բնակարան։ Միակ ժառանգը՝ ավագ որդի Կասպերը (1672-1708), նույնպես սովորել էր փորագրության արվեստը և աշխատում էր հոր հետ՝ մինչև իր վաղաժամ մահը 36 տարեկան հասակում։ Կասպերի այրին ու որդին մնացին Յանի խնամքին և ապրում էին նրա հետ։

Ավելի ուշ Լույկենն անցավ ճգնակեցության։ Հեղինակեց միստիկական ու պանթեիստական գաղափարներով պոեմներ և զբաղվեց քարոզչությամբ։ Ժամանակակիցների նկարագրությամբ Լույկենը խաղաղասեր ու աստվածավախ մարդ էր, որի կյանքը չէր հակասում իր քարոզածին։ Հայտնի է, որ իր եկամուտների մեծ մասը նա նվիրաբերում էր կարիքավորներին:

Մովսեսը և այրվող մորենին, (օֆորտ), 1697 թ.:

Նա աշխատել է ավելի քան հարյուր հրատարակչի հետ, բացի դրանից, իր ամբողջ կյանքի ընթացքում ստեղծել է 3336 փորագրանկար, պատկերազարդել շուրջ 500 գիրք՝ գիտության ամենատարբեր բնագավառների վերաբերյալ՝ աշխարհագրություն, կենսաբանություն, բնական գիտություններ, քիմիա, նավաշինություն, հնագույն պատմություն և Աստվածաշունչ։ Բացի դրանից նա պատկերազարդել է նաև իր հեղինակած 12 գրքերը։

1681 թվականին Լույկենը մասնակցեց Յոհաննես վան Քյոլենի ընկերության հրատարակած հնգհատոր քարտեզագրական ատլասի, իսկ 1685 թվականին՝ «Մարտիրոսների հայելին» գրքի երկրորդ վերահրատարակման պատկերազարդումներին։ Այս վերջինում տեղ էին գտել Լույկենի փորագրանկարներից 104-ը։ Անաբապտիստների շրջանում «Մարտիրոսների հայելին» (կամ «Արյունոտ թատրոն») գիրքը համարվում է ամենանշանակալին՝ Աստվածաշնչից հետո։ 1694 թվականին հրապարակվեց «Մարդկության արհեստներ» («Het Menselyk Bedryf») գիրքը, որտեղ Լույկենն իրատեսորեն պատկերել էր տարբեր մասնագիտությամբ մարդկանց՝ շրջապատված իրենց աշխատանքային գործիքներով՝ աստղագուշակ, բժիշկ, թամբագործ, ապակեգործ, կոշկակար, մսագործ, մանածագործ և շատ ուրիշներ։

Լույկենը վախճանվեց 1712 թվականի ապրիլի 5-ին՝ գտնվելով հարսի ու թոռան խնամքի ներքո։ Թաղման ծախսերը հոգաց նրա հրատարակիչներից մեկը (հուղարկավորությունը տեղի ունեցավ 4-րդ կարգի գերեզմանոցում, որ ամենաէժանն էր)։

Եղիա մարգարեին կերակրող ագռավները, 1697 թ.:

Ամստերդամի կենտրոնական հատվածում փողոցներն անվանակոչված են Հոլանդական Ոսկեդարի առավել հայտնի նկարիչների անուններով, որոնցից մեկն էլ կրում է հենց Յան Լույկենի անունը։ Այդ փողոցում առաջին շենքը Հոլանդիայի Պետական թանգարանն է, որը գտնվում է Jan Luijkenstraat 1 հասցեում և որտեղ պահպանվում է փորագրանկարչության աշխատանքների խոշոր հավաքածու։ 19-րդ դարի առաջին կեսին նրա կրոնական թեմաներով բանաստեղծությունները համարվում էին օրթոդոքսալ և մեծ ժողովրդականություն էին վայելում պիետիստների (պիետիզմ՝ բողոքականության շարժումներից մեկը) շրջանում։ 20-րդ դարասկզբին լույս տեսած «Ռեֆորմատորներ» գրքում ցույց էր տրված Լույկենի բանաստեղծությունների հակակղերական բնույթը, որը, սակայն, բնավ չնվազեցրեց դրանց հանդեպ ընթերցողի հետաքրքրությունը։ Լույկենի պատկերազարդած գրքերը մինչև 18-րդ դարը վերահրատարակվել են 3-7 անգամ։ Դրանցից մի քանիսը հրատարակվել են նաև 20-րդ դարում։ Կրոնական թեմաներով փորագրանկարները վերարտադրվել են նաև 18-րդ դարում Չինաստանից Եվրոպա ներկրված ճենապակու վրա։ 19-րդ դարում Լույկենի արվեստը բարձր էր գնահատում ֆրանսիացի գրող Շարլ Հուիսմանը. իր «Ընդհակառակը» վեպում նա Լույկենին անվանում է հանճար։ Լույկենի փորագրանկարների հանդեպ ուշադրությունը չի նվազում նաև ժամանակակից ուսումնասիրողների շրջանում, քանի որ նա հաստատեց հոլանդական հոգևոր գրականության նոր չափանիշներ, որոնց հիմքում ընկած է կերպարվեստի կաթողիկեական ու բողոքական մտածողությունների միահյուսումը։ 20-րդ դարավերջին Լույկենի օֆորտներն օգտագործվեցին պատկերների ստացման եղանակների հետազոտական աշխատանքներում։

«Հայոց այբուբենը» փորագրանկարը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Լույկենի «Հայոց այբուբենը» փորագրանկարը, 1690 թ.:

Յան Լույկենի փորագրանկարներից պահպանվել է նաև «Հայոց այբուբենը» (Armenisch Alphabet) աշխատանքը, որը կատարվել է 1690 թվականին։ Այդ թվականին Ամստերդամում հրատարակվել է աշխարհի հնագույն այբուբենների մասին պատմող պատմագիտական շարք, որի համար էլ, ի թիվս այլ ժողովուրդների այբուբենների, Լույկենը ստեղծել է նաև հայկական այբուբենի փորագրանկարը։ Ուշագրավ է, որ պատկերում ներկայացված են նաև հայկական տառերի լատինատառ հնչյունային տառադարձությունները, որպեսզի եվրոպացի ընթերցողներն իմանան, թե տառերից որն ինչ հնչյունի է համապատասխանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Լույկեն» հոդվածին։