Յոզեֆ Մուրգաշ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1864 Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | մայիսի 11, 1929 (65 տարեկան) Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և ԱՄՆ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, կաթոլիկ քահանա, գյուտարար և քահանա |
Jozef Murgaš Վիքիպահեստում |
Յոզեֆ Մուրգաշ (սլովակերեն՝ Jozef Murgaš, փետրվարի 17, 1864, Tajov, Բանսկա Բիստրիցա, Zólyom County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - մայիսի 11, 1929, Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա, ԱՄՆ), սլովակ գյուտարար, ճարտարապետ, նկարիչ, հավաքորդ (կոլեկցիոներ), կաթոլիկ քահանա։ Եղել է առաջիններից մեկը անլար հեռագրի կիրառության բնագավառում, մեծ ավանդ ներդրել շարժական կապի, տեղեկատվության և մարդկային ձայնի անլար հեռահաղորդման ապահովման գործում[1]։ Առաջիններից մեկն է կիրառել հաճախությունների մոդուլացիան ռադիոհեռագրության ասպարեզում։ Ժամանակակիցները նրան անվանել են Վերածննդի մարդ, կոչել Ռադիոքահանա։
Յոզեֆի նկարչական ձիրքը դրսևորվել է դեռ հայրենի քաղաքի տարրական դպրոցում նրա սովորելու տարիներին։ Միջնակարգն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Բրատիսլավայի կաթոլիկ ճեմարանում, այնուհետև՝ Հունգարիայի Էստերգոմ քաղաքում։ 1888 թվականին ձեռնադրվել է կաթոլիկ քահանա։ 1889-1890 թվականներին խորամուխ է եղել կերպարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ ուսանելով Բուդապեշտում ու Գերմանիայում։ 1896-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Փենսիլվանիայի հանքագործական շրջաններից մեկում ծառայել որպես քահանա, միաժամանակ եռնդուն կերպով նախաձեռնել ու մասնակցել համայնքային դպրոցի, գրադարանի, խաղահրապարակի, եկեղեցու, գերեզմանատան, հասարակական զուգարանների կառուցման աշխատանքներին։ Բացի այդ՝ ձեռնամուխ է եղել բույսերի, միջատների, ապարների հավաքածուների ստեղծմանը, շարունակել է խորացնել ֆիզիկայի իր գիտելիքները, շատ ու շատ փորձեր անել։ Գիտական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթել է իր ստեղծած նկարները վաճառքի հանելով։ Այդ կերպ Յոզեֆ Մուրգաշը 1904-ից 1916 թվականն ընկած ժամանակամիջոցում շուրջ երկու տասնյակ գյուտեր է արել, որոնցից տասներկուսի համար նրան հաջողվել է արտոնագրեր ձեռք բերել (դրանց թվում՝ անլար հեռագրահաղորդման սարք, որին կցված էին հաղորդագրությունների փոխանցման ռեժիմն ապահովող և ալիքները չափող հարմարանքներ)[2]։
Երբ Միացյալ Նահանգները ներգրավվել են Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ռադիոհեռագրման մասնավոր կայանների գործունեությունն արգելվել է։ Դրա հետ կապված՝ արգելվել է նաև Մուրգաշի հետազոտական աշխատանքը։ Վերջինս 1920 թվականին եկել է նորաստեղծ Չեխոսլովակիա, փորձել է աշխատանքի անցնել միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես էլեկտրատեխնոլոգիայի ուսուցիչ, սակայն կրթության նախարարությունում այդպես էլ չեն ըմբռնել գործի կարևորությունը և մերժել են անվանի գյուտարար-գիտնականին։ Չորս ամիս անց նա հարկադրված է եղել լքելու հայրենի եզերքն ու վերադառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Յոզեֆ Մուրգաշը վախճանվել է 1929 թվականի մայիսի 11-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ուիլքես-Բար քաղաքում[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մուրգաշ» հոդվածին։ |
|