Յոհան Յակոբ Գուգգենբյուլ գերմ.՝ Johann Jakob Guggenbühl | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1816[1] Մայլեն |
Մահացել է | փետրվարի 2, 1863[2] (46 տարեկան) Մոնտյո, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբույժ |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Յոհանն Յակոբ Գուգգենբյուլ (գերմ.՝ Johann Jakob Guggenbühl, օգոստոսի 13, 1816[1], Մայլեն - փետրվարի 2, 1863[2], Մոնտյո, Շվեյցարիա[1]), շվեյցարացի հոգեբույժ։
Գուգգենբյուլի կյանքի կարևոր գործն է եղել կրետինիզմով հիվանդների համար առաջին մասնագիտացված առողջարանի բացումը, որը տեղի է ունեցել 1840 թվականին Ինտերլակենի մոտ գտնվող Աբենդբերգ լեռան վրա՝ ընտրված ամենագեղատեսիլ բնապատկերի սկզբունքի վրա։ Գուգգենբյուլը պնդել է, որ մտավոր հետամնացները, ինչպես բոլոր մյուս մարդիկ, ունեն անմահ հոգի, հետևաբար ենթակա են լավ վերաբերմունքի և հոգատարության։
Նա առողջարանում հավաքել է մտավոր հետամնաց երեխաներին, սկզբում մինչև 10 տարեկան մոտ 30 տղա և աղջիկ (ենթադրելով, որ միայն երեխաներին կարելի է լիովին օգնել), նրանց հետ մարմնամարզությամբ է զբաղվել, փորձել է զարգացնել այն նվազագույն ինտելեկտուալ կարողությունները, որոնք նրան հաջողվել է բացահայտել։ Գուգգենբյուլի հաստատությունը արագորեն լայն ճանաչում է ունեցել՝ մասնավորապես, Չարլզ Դիքենսը Գուգգենբյուլի մեթոդի տպավորիչ արդյունքների մասին գրել է, թեև ոչ առանց հեգնանքի, իր 1853 թվականի «Ապուշներ» ակնարկում։ Գուգգենբյուլին սկսել են հրավիրել ելույթ ունենալու Եվրոպայի տարբեր գիտական և բժշկական հաստատություններում, իսկ առանց նրա անձնական մասնակցության և հսկողության, Աբենբերգի առողջարանը սկսել է անկում ապրել և ի վերջո, Գուգգենբյուլի մահից հետո փակվել է։ Այդուհանդերձ, Գուգգենբյուլը համարվում է մտավոր հետամնաց մարդկանց նկատմամբ ժամանակակից մոտեցումների նախակարապետներից մեկը։
|