Յորինդա և Յորինգել (գերմ.՝ Jorinde und Joringel), Գրիմ եղբայրների գրած գերմանական հեքիաթ[1]։ Աառնե-Թոմփսոնի համակարգում ունի 405 ինդեքսը[2]։ Այս հեքիաթը հանդիպում է հիմնականում Գերմանիայում[3], բացառությամբ պատմության շվեդական տարբերակի[4], թեև Մերի Քեմփբելը Կենտուկիում հայտնաբերել է դրա մեկ այլ տարբերակ՝ «Ցողի ծաղիկը»[5]։
Չար կախարդը (կամ Փերին, կախված է թարգմանությունից) ապրում է անտառի մութ ամրոցում։ Նա ունի կենդանիներին և թռչուններին գայթակղելու ունակություն, որոնց սպանում է և ուտում։ Կախարդուհին իր բնակարանին մոտեցող ցանկացած մարդու քար է դարձնում, իսկ երիտասարդ աղջիկներին վերածում է թռչունների և փակում վանդակներում։ Յորինդան և Յորինգելը՝ նշանված աղջիկն ու երիտասարդը, զբոսանքի են գնում անտառ։ Նրանք շատ են մոտենում կախարդի որջին։ Կախարդը Յորինդային դարձնում է սոխակ, իսկ Յորինգելին՝ քար։ Թռչունին բռնելուց հետո նա ազատում է Յորինգելին՝ ծիծաղելով այն փաստի վրա, որ նա այլևս երբեք չի տեսնի Յորինդային։
Մի գիշեր Յորինգելը երազում տեսնում է մի ծաղիկ, որը կարող է ոչնչացնել կախարդուհու կախարդանքը։ Ինը օր երիտասարդը փնտրում է այդ ծաղիկը, գտնում այն և տանում կախարդուհու ամրոցը։ Նույնիսկ մոտենալով ամրոցին՝ Յորինգելը չի քարանում և կարողանում է մտնել կախարդի որջը։ Նա տեսնում է, թե ինչպես է կախարդը կերակրում թռչուններին։ Կախարդը չի կարողանում կախարդել Յորինգելին։ Երբ նա փորձում է տանել վանդակներից մեկը, երիտասարդը կռահում է, որ դրա մեջ է գտնվում Յորինդան՝ սոխակը։ Յորինգելը ծաղիկը կպցնում է կախարդին, և նրա ամբողջ կախարդական ուժը ընդմիշտ անհետանում է։ Երիտասարդը դիպչում է Յորինդային, և նա նորից վերածվում է աղջկա։ Յորինգելը կախարդանքը հանում է նաև թռչուն դարձած մյուս աղջիկներից։