Նատալյա Մելիքյան

Նատալյա Մելիքյան
Ծնվել էմայիսի 19, 1906(1906-05-19)
Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 25, 1989(1989-07-25) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդոցենտ և կենսաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտԲույսերի ֆիզիոլոգիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՄիքայել Չայլախյան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Изображение автографа
Աշխատությունները Վիքիդարանում
 Natalya Melikyan Վիքիպահեստում

Նատալյա Մելիքի Մելիքյան (1906 մայիսի 20, Մուրշուդալի գյուղ, Ռուսական կայսրություն - 1989 հուլիսի 25, Երևան), հայ գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Մելիքյանը (Տեր-Մելիքսեթյան) ծնվել է 1906 թ. մայիսի 20-ին Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Մուրշուդալի հայաբնակ խոշոր գյուղում` Արաքսի աջ կողմում, ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղից 5-6 կմ հարավ արևմուտք։ Հայրը՝ Մելիք Տեր-Մելիքսեթյան, մայրը՝ Մարիամ Մկրտչյան։ Երկու տարի սովորել է Իգդիրի նախնական դպրոցում։ Փրկվելով Եղեռնից՝ 1918 թ. Մելիքյանների ընտանիքը[1] ապաստան է գտել Երևանում։

1926 թ. ավարտել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան դպրոցը և երկու տարի որպես ուսուցիչ աշխատել Հրազդանի շրջանում։

1928-1931 թթ. Մելիքյանը Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի կենսաբանության բաժնի ուսանողուհի էր։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա՝ Բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնում և 1933 թ. իր հետազոտությունները կատարել Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի Բույսերի ֆիզիոլոգիայի ամբիոնում՝ պրոֆեսոր Դմիտրի Սաբինինի ղեկավարությամբ։

1931 թ. Ն. Մելիքյանն ամուսնացել է Բարսեղ Գրիգորի Մուրադյանի հետ և ունեցել երկու զավակ՝ Վիուլ (1932 թ.) և Նելլի (1942 թ.)։

1934 թ. վերադառնալով Երևան՝ աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի նորաբաց Կենսաբանության ֆակուլտետի Բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, այնուհետև՝ լաբորատորիայի վարիչ։ 1939 թ. Լենինգրադի համալսարանի Բույսերի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս. Դ. Լվովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայաստանի կտավատի յուղի ուսումնասիրությունը» թեմայով, և 1940 թ. ստացել դոցենտի կոչում։ Այդ տարիներին նա նշանավոր բուսաբան Ալեքսանդր Արարատյանի հետ զբաղվում էր Հայաստանում աճող վայրի յուղատուների ուսումնասիրությամբ՝ դրանք մշակության մեջ ներդնելու նպատակով։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատեց բոլոր ծրագրերի իրականացումը։ 1942 թ. պատերազմում զոհվեց Ն. Մելիքյանի ամուսինը (Կերչ, մայիս 1942 թ.)։

Ն. Մելիքյան - ԵՊՀ ուսանողուհի

Մոսկվայից եկած պրոֆեսոր Մ. Ք. Չայլախյանի հետ համատեղ, որի սերտ կապն ամբիոնի հետ պահպանվել էր գրեթե 50 տարի, Մելիքյանն սկսեց ուսումնասիրել բույսերի ցողուններում լիգնինի կուտակումը և անատոմիական առանձնահատկությունները։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են 1959 թ. լույս տեսած նրա «Բույսերի անատոմիական փոփոխությունները և լիգնինի կուտակման դինամիկան՝ կախված էկոլոգիական պայամաններից» մենագրության մեջ, որն ունի տեսական և գործնական մեծ նշանակություն։ Հետագայում 1964 թ. այդ հետազոտությունների հիման վրա Ն. Մելիքյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն և 1966 թ. արժանացավ պրոֆեսորի գիտական կոչման։

Ն. Մելիքյանը 1962-1977 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնը, ապա 1977-1985 թթ. եղել է ամբիոնի պրոֆեսորը և խորհրդականը։ 1962-1982 թթ. նա ամբիոնում կատարվող «Պալար-առաջացնող բույսերի անատոմիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական առանձնահատկությունները» գիտական հիմնահարցի ղեկավարն էր։ Այդ հետազոտությունների, ինչպես նաև որոշ այլ թեմաների կատարման հիման վրա ամբիոնում պաշտպանվել են մի քանի թեկնածուական ատենախոսություններ։

Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց նա ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։

Ն. Մելիքյանը երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1953 թ.) և կառավարական մի շարք մեդալներով ու պատվոգրերով, ինչպես նաև արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման (1967 թ.)։

Վախճանվել է 1989 թ. հուլիսի 25-ին՝ Երևանում։

Նատալյա Մելիքյան

Հրատարակված աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելիքյան Ն. Մ. Հայաստանի կտավատի յուղի ուսումնասիրությունը // Գիտական աշխատություններ հատոր XVI, Երևանի պետական համալսարան, 1941
  • Меликян Н.М. О влиянии условий прохождения световой стадии развития на анатомическое строение растениях // Научные труды XXXII, Ереванский государственный университет, 1951
  • Մելիքյան Ն.Մ. Լիգնինի կուտակումը մի քանի անտառային տեսակների մեջ՝ կապված ջրային ռեժիմի հետ // Գիտական աշխատություններ XXXIII, Երևանի պետական համալսարան, 1952
  • Араратян А.Г., Меликян Н.М. Дикорастущие жиромасличные растения Армении // Сборник научных трудов Армянского сельскохозяйственного иснтитута N9, Академия наук Армянской ССР, 1955
  • Меликян Н.М. Анатомические различия и количество лигнина в стеблях неполёгших и полёгших растений пшеницы, Научные труды N64 // Ереванский государственный университет, 1958
  • Меликян Н.М., Цовян Ж.В. Динамика накопления и структурные изменения кукурузы в зависимости от применения различных удобрений // Научные труды N69, Ереванский государственный университет, 1959
  • Меликян Н.М. Структурные изменения и накопление лигнина в растениях в связи с условиями среды, Издательство Ереванского университета, Ереван, 1959
  • Меликян Н.М., Азарян К.Г. Влияние разных способов обработки гиббереллинном на камбиальную деятельность стеблей картофиля // Биологический журнал Армении XXVI, Академия наук Армянской ССР 1963
  • Меликян Н.М. Гукасян И.А., Газарян Б.А. Влияние гиббереллина на анатомическое строение и накопление лигнина в растениях // Ученые записки 1 (105) Ереванский государственный университет, 1967
  • Меликян Н.М., Азарян К.Г. Влияние регуляторов роста и фотопериодической индукции на камбиальную деятельность абиссинской капсулы и периллы краснолистной // Доклады XLIX, Академия наук Армянской ССР, 1969
  • Մելիքյան Ն. Մ. Բույսերի անատոմիայի ներածություն, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 1972
  • Մելիքյան Ն. Մ. Մերիստեմային հյուսվածք, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 1974

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Н.Меликян «Структурные изменения и накопление лигнина в растениях в связи с условиями среды» Издательство Ереванского университета, Ереван, 1959
  • Н.Меликян «Анатомические изменения и динамика накопления лигнина в растениях» Диссертация на соискание ученой степени доктора биологических наук, Ереван, 1964
  • «Ереванский государственный университет», Издательство Ереванского университета, Ереван, 1970
  • Վ.Ա.Եղյան «Հայաստանի առաջավոր կանայք», «Հայաստան», Երևան, 1971
  • «Երևանի համալսարան» Շաբաթաթերթ, №30 (1626), «Ն.Մ.Մելիքյան», 7 հոկտեմբերի 1989
  • Լ.Պ.Ղարիբջանյան, Հ.Ք.Գասպարյան «Մեր անվանի դասախոսները-II » Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2006
  • «Հայուհիներ», Հանրագիտարան երկու հատորով, «Ամարաս», Երևան, 2011