Նեյտրոնային անդրադարձիչ, ռեակտորի ակտիվ գոտին շրջապատող, չտրոհվող, ցրման մեծ և կլանման փոքր կտրվածքներ ունեցող նյութի շերտ, որի նպատակն է փոքրացնել նեյտրոնների արտահոսքը ակտիվ գոտուց։ Նեյտրոնային անդրադարձիչն էապես փոքրացնում է ռեակտորի կրիտիկական զանգվածը և հնարավորություն տալիս տնտեսելու տրոհվող նյութը։ Նեյտրոնային անդրադարձիչի շնորհիվ նեյտրոնների հոսքի, հետևաբար և ջերմաանջատման խտության բաշխումը ակտիվ գոտու ծավալում դառնում է ավելի հավասարաչափ, մեծանում է ռեակտորի հզորության մակարդակը, ավելի արդյունավետ են օգտագործվում ակտիվ գոտու եզրային մասերը։ Հաստությունից կախված՝ նեյտրոնային անդրադարձիչի արդյունավետությունը սկզբից աճում է, ապա՝ ընդունում հաստատուն արժեք։ Արագ նեյտրոններով ռեակտորներում նեյտրոնային անդրադարձիչը միաժամանակ վերարտադրության գոտու դեր է կատարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 222)։ |