Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ

Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ
Ենթադասintraoperative monitoring?
ՀոմանիշներՆերվիրահատական նեյրոֆիզիոլոգիական նեյրոմոնիտորինգ
MeSHD064795
eMedicine1137763

Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ կամ Ներվիրահատական նեյրոֆիզիոլոգիական նեյրոմոնիտորինգ կլինիկական նեյրոֆիզիոլոգիական մեթոդների (ԷՈՒԳ, ԷՄԳ) կիրառումն է՝ վիրահատության ընթացքում նյարդային կառույցների (նյարդեր, գլխուղեղ, ողնուղեղ) գործառույթը պատկերելու համար։ Նեյրոմոնիտորինգի նպատակն է՝ իջեցնել նյարդային համակարգի յաթրոգեն վնասումների ռիսկը և/կամ ուղեցույց հանդիսանալ վիրաբույժի և անեսթեզիոլոգի համար։

Նեյրոմոնիտորինգի ժամանակ օգտագործվում են տարբեր էլեկտրաֆիզիոլոգիական մեթոդներ, որոնցից են՝ արտաբջջային եզակի միավորը և տեղային դաշտի գրանցումները, սոմատոսենսոր խթանված պոտենցիալները, տրանսկրանիալ շարժական խթանված պոտենցիալները, էլեկտրոուղեղագրությունը, էլեկտրամկանագրությունը և ուղեղի ցողունի աուդիտոր պատասխանը։ Վիրահատության դեպքում մեթոդների ընտրությունը կախված է ռիսկի տակ գտնվող նյարդային կառույցից։ Տրանսկրանիալ դոպլեր հետազոտությունը այս պահին մեծ կիրառում ունի և օգտագործվում է անոթային խցանումները հայտնաբերելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև էլեկտրաուղեղագրության հետ՝ անոթային վիրահատության ժամանակ։ Ներվիրահատական նեյրոմոնիտորինգի մեթոդները զգալիորեն իջեցրել են հիվանդացության և մահացության ցուցանիշները առանց հավելյալ ռիսկերի։ Դրա շնորհիվ ներվիրահատական նեյրոմոնիտորինգի մեթոդները իջեցնում են առողջապահության ծախսերը[փա՞ստ]։

Այս խնդիրները լուծելու համար վիրահատության թիմում ընդգրկված է լինում մասնագետ, որը վերապատրաստվել է որպես նեյրոֆիզիոլոգ։ Նա գրանցում է պացիենտի կողմից սպոնտան կամ մակածված էլեկտրոֆիզիոլոգիական ազդանշանները ամբողջ վիրահատության ընթացքում։ Նեյրոմոնիտորինգը մեծացնում է վիրահատության արդյունավետությունը այն պացիենտների դեպքում, որոնց նյարդային համակարգի կամ նրա հետ կապված այլ կառուցվածքի վրա կատարվում է միջամտություն։ Վիրահատության ժամանակ վերապատրաստված նեյրոֆիզիոլոգը միացնում է համակարգիչը մարդուն՝ օգտագործելով խթանող և գրանցող էլեկտրոդներ։ Համակարգչի ծրագիրը այս դեպքում ունի երկու խնդիր՝

  1. գրանցող էլեկտրոդների կողմից ստացած էլեկրոֆիզիոլոգիական ազդանշանների վերծանում և
  2. խթանող էլեկտրոդների միջոցով ընտրողական ակտիվացում։

Այս ձևով նեյրոֆիզիոլոգը կարող է գրանցել այդ պահին վիրահատվող մասից եկած էլեկտրոֆիզիոլոգիական ազդանշանները ամբողջ վիրահատության ընթացքում։ Ազդանշանները կարող են տարբերվել՝ կախված տարբեր գործոններից, որոնցից են՝ անզգայացումը, հյուսվածքի ջերմաստիճանը, վիրահատության փուլը և հյուսվածքի՝ սթրեսի ենթարկվելու չափը։ Այդ ազդանշանների տարբերակումը՝ հատկապես հյուսվածքի սթրեսի ենթարկվելու հետ կապված ազդակների փոփոխությունները հիմնական խնդիրն է վիրահատական եռյակի՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի և նեյրոֆիզիոլոգի։

Աշխատանքի սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրամասային շարժողական նյարդի վրա կատարվող միջամտությունը առաջացնում է գործողության պոտենցիալներ, որոնք իրենց հերթին առաջացնում են համապատասխան նյարդավորվող մկանի կծկում։ Այդ կծկումները գրանցվում են էլեկտրոդի միջոցով։ Էլեկտրոդով ստացված ազդակները ուժեղացվում են և պատկերվում են էկրանի վրա, կամ արտահայտվում են ձայնային ազդանշանների տեսքով։ Էլեկտրոդով կարելի է նաև ուղղակիորեն ազդել անվնաս նյարդի վրա, որի արդյունքում կլինի համապատասխան նյարդավորվող մկանի կծկում[1]։

Վիրահատական միջամտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոմոնիտորինգը լինում է արդյունավետ այն դեպքում, երբ կա նյարդային համակարգը վնասելու ռիսկ։ Նեյրոմոնիտորինգը հիմնականում կիրառվում են ողնաշարի վիրաբույժները, բայց կիրառում են նաև նեյրովիրաբույժները, անոթային վիրաբույժները, օրթոպեդները, օտոլարինգոլոգները և ուրոլոգ-վիրաբույժները։

Այս մեթոդը հիմնականում կիրառվում է ողնաշարի վրա կատարվող վիրահատությունների ժամանակ, սակայն այն կիրառվում է նաև ուղեղի վրա կատարվող վիրահատությունների, քնային զարկերակի էնդարտերէկտոմիայի, պարոտիդէկտոմիայի, նյարդերի վրա կաարվող վիրահատությունների, ԼՕՌ վիրահատությունների ժամանակ, օրինակ՝ վեստիբուլոկոխլեար (8-րդ զույգ) նյարդի նևրոմայի ռեզեկցիա։ Այս մեթոդը իր կիրառությունն է գտել նաև կրծքային աորտայի անևրիզմայի դեպքում կատարվող վիրահատության ժամանակ։ Ներվիրահատական նեյրոմոնրտորինգը կիրառվում է՝

  • նյարդային կառուցվածքները հայտնաբերելու համար, օրինակ՝ գանգի հիմի վրա կատարվող վիրահատության ժամանակ գանգային նյարդերը հայտնաբերելու համար,
  • նյարդային կառուցվածքների ֆունկցիան հետազոտելու համար,
  • վիրահատության ընթացքում նյարդի վնասումը վաղ հայտնաբերելու համար, ինչը թույլ է տալիս անհապաղ կատարել համապատասխան միջոցառումներ։

Օրինակ՝ ողնաշարի կրծքային և պարանոցային հատվածների վրա կատարվող վիրահատությունների ժամանակ կա ողնուղեղը վնասելու ռիսկ։ 1970-ական թվականներից սկսած, սոմատոսենսոր խթանված պոտենցիալները օգտագործվում են ողնուղեղի ֆունկցիան հետազոտելու համար, որի ժամանակ խթանվում է վիրահատվող մասից դիստալ գտնվող նյարդը, իսկ ազդանշանը ստանում են կեղևից, կամ վիրահատվող մասից պրոքսիմալ գտնվող այլ հատվածից։ Տվյալները վերլուծվում են և նորմալին համապատասխանելու դեպքում հաստատվում է, որ ողնուղեղը չի վնասվել։ Զգալի փոփոխություններ լինելու դեպքում կատարվում են ուղղիչ գործողություններ։ Շատ հաճախ օգտագործվում է նաև տրանսկրանիալ էլեկտրական խթանված պոտենցիալների մեթոդը, որը սոմատոսենսոր խթանված պոտենցիալների մեթոդի հակառակ տարբերակն է։ Այս դեպքում գլխուղեղի կեղևի շարժական կենտրոնները խթանվում են, իսկ ազդակը ստանում են վերջույթների մկաններից, կամ ողնաշարի վիրահատվող մասից ավելի դիստալ ընկած ողնուղեղի հատվածից։ Սա թույլ է տալիս վերահսկել ողնուղեղի շարժողական ուղիների աշխատանքը։ Էլեկտրաուղեղագրությունը (ԷՈՒԳ) թույլ է տալիս հետազոտել ուղեղի աշխատանքը նյարդաանոթային խանգարումների ժամանակ, օրինակ՝ անևրիզմա։ Այն նաև կիրառվում է էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունների ժամանակ և թույլ է տալիս որոշել ուռուցքի տեղակայումը։

ԷՈՒԳ-ն ցույց է տալիս նաև անզգայացման խորացման հետ մեկտեղ կատարվող փոփոխությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wolfgang Timmermann, Wulf Heinrich Hamelmann, Arnulf Thiede: Schilddrüsenchirurgie: Neuromonitoring zur Schonung des Nervus recurrens. In: Deutsches Ärzteblatt. 101, 2004, S. A 1341–1345 [Heft 19]