Նեֆրէկտոմիա, երիկամի վիրաբուժական հեռացում, որն իրականացվում է երիկամների մի շարք հիվանդությունների, այդ թվում` երիկամների քաղցկեղի բուժման համար։ Այն արվում է նաև նորմալ առողջ երիկամը կենդանի կամ մահացած դոնորից հեռացնելու համար և երիկամի փոխպատվաստման ընթացակարգի մաս է կազմում[1]։
Առաջին արձանագրված նեֆրէկտոմիան իրականացվել է 1861 թվականին Վիսկոնսինում Էրաստուս Բրադլեյ Վոլքոթի կողմից[2]։ Հիվանդը տառապում էր խոշոր ուռուցքից, և վիրահատությունն ի սկզբանե հաջող էր, բայց տասնհինգ օր անց հիվանդը մահացավ[3][4]։ Առաջին պլանավորված նեֆրէկտոմիան իրականացվել է 1869 թվականի օգոստոսի 2-ին Հայդելբերգում գերմանացի վիրաբույժ Գուստավ Սիմոնի կողմից[5][6]։ Սիմոնը նախօրոք փորձեց այն կենդանիների վրա։ Նա ապացուցեց, որ մեկ առողջ երիկամը կարող է բավարար լինել մարդու օրգանիզմում մեզի արտազատման համար[7]։
Այս միջամտության համար կան տարբեր ցուցումներ, ներառյալ երիկամաբջջային քաղցկեղ, չգործող երիկամ (որը կարող է առաջացնել գերճնշում) և բնածին փոքր երիկամ (որի ժամանակ երիկամը այտուցվում է՝ ճնշելով նյարդերին, որը հետևանքով ցավ է առաջանում երիկամի հետ կապ չունեցող հատվածներում, օրինակ՝ մեջքի հատվածում)[8]։
Երիկամաբջջային քաղցկեղի նեֆրէկտոմիան թույլատրվում է կատարել երիկամի մասնակի հեռացմամբ։ Նեֆրէկտոմիան կատարվում է նաև ողջ դոնորի երիկամի փոխպատվաստման նպատակով[1]։ Նեֆրոուրետերեկտոմիան երիկամի, ամբողջ միզածորանի և փոքր կրտվածքով միզապարկի հեռացումն է երիկամի կամ միզածորանների քաղցկեղի ժամանակ[9]։
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում։ Երիկամը կարելի է հեռացնել բաց կտրվածքի միջոցով կամ լապարոսկոպիկ եղանակով։ Բաց կտրվածքի դեպքում վիրաբույժը որովայնի կողմում կտրվածք է կատարում`երիկամին հասնելու համար։ Միզածորանն ու արյան անոթները կտրվում են, իսկ հետո երիկամը հեռացվում է։ Լապարոսկոպիկ եղանակի ժամանակ երեք կամ չորս փոքր (5-10 մմ) կտրվածքներ են արվում որովայնի և կողերի հատվածներում։ Երիկամը ամբողջովին անջատվում է մարմնի ներսում, այնուհետև դրվում է տոպրակի մեջ։ Դրանից հետո եթե վիրահատությունը կատարվում էր քաղցկեղի պատճառով, ապա կտրվածքներից մեկը մեծացնում էին՝ երիկամը հեռացնելու համար։ Եթե երիկամը հեռացվում է այլ պատճառներով, այն կարելի է հեռացնել փոքր կտրվածքներով։
Որոշ հիվանդությունների համար այսօր կան այլընտրանքներ, որոնք չեն պահանջում երիկամի հհեռացում։ Նման այլընտրանքները ներառում են երիկամային էմբոլիզացիան[10] նրանց համար, ովքեր թույլ են վիրահատվելու համար, կամ հնարավորության դեպքում մասնակի նեֆէկտոմիա։
Ժամանակ առ ժամանակ երիկամաբջջային քաղցկեղը կարող է ներառել հարակից օրգաններ, ներառյալ ստորին սիներակը, հաստ աղիքը, ենթաստամոքսային գեղձը կամ լյարդը։ Եթե քաղցկեղը չի տարածվել հեռավոր ծայրերը, այն կարող է անվտանգ և ամբողջությամբ հեռացվել վիրաբուժական եղանակով՝ բաց կամ լապարոսկոպիկ տեխնիկայի միջոցով[11]։
2009 թվականի հունվարին մի կին, ով նախկինում կատարել էր հիստերէկտոմիա, կարողացավ երիկամ նվիրել և այն հեռացնել հեշտոցի միջով։ Վիրահատությունը տեղի է ունեցել Ջոնս Հոփքինսի բժշկական կենտրոնում։ Առողջ երիկամն այս մեթոդով հեռացվում էր առաջին անգամ, չնայած դա արվել է նախկինում պաթոլոգիայի պատճառով իրականացվող նեֆրէկտոմիաների ժամանակ։ Օրգանների հեռացումը անցքերի միջոցով կանխում է կտրվածքի որոշ ցավեր և կոսմետիկորեն ոչ գրավիչ ավելի մեծ սպի առաջանալը։ Այս վիրահատությունը տեղի է ունեցել նաև Քլիվլենդ կլինիկայում, որն առաջին անգամ իրականացրել է տրանսվագինալ նեֆրէկտոմիա[12]։ Դոնորների նվիրատվության ընթացքում մահացության վտանգը 0,03% է[13][14]։
Մասնակի նեֆրէկտոմիան երիկամի ուռուցքի վիրաբուժական հեռացում է` նորմալ երիկամի բարակ եզրով, որը կատարվում է երկու նպատակներով` քաղցկեղը բուժելու և հնարավորինս նորմալ երիկամը պահպանելու համար։
Չերնին առաջին անգամ նկարագրել է մասնակի նեֆրէկտոմիան 1890 թվականին[15] Այնուամենայնիվ, ռենտգենոգրաֆիայի, երիկամի փոքր ուռուցքներ գտնելու և վաղ վիրահատությունների հետ կապված զգալի բարդությունների հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով այն հիմնականում չկիրառվեց։ Կատարելագործված վիրաբուժական տեխնիկայով և երիկամների ուռուցքի հայտնաբերմամբ մասնակի նեֆրէկտոմիան ավելի հաճախ է կատարվում[16]։
Մասնակի նեֆրէկտոմիան կատարվում է, երբ երիկամներից մեկում կա երիկամի ուռուցք, երբ երկու երիկամներում էլ կա երիկամի ուռուցք, կամ երբ ամբողջ երիկամը հանելը կարող է հանգեցնել երիկամների անբավարարության և դիալիզի անհրաժեշտության։
Մասնակի նեֆրէկտոմիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում։ Մասնակի նեֆրէկտոմիան կարող է իրականացվել բաց, լապարոսկոպիկ[17] կամ մեքենայացված մոտեցման միջոցով։ Հիվանդը սովորաբար տեղադրվում է վիրահատարանի մահճակալի վրա, պառկած երիկամի ուռուցքի հակառակ կողմում։ Ընթացակարգի նպատակն է հեռացնել երիկամի ուռուցքը` նորմալ երիկամի հյուսվածքի բարակ եզրով։ Քանի որ երիկամները մաքրում են արյունը, ամբողջ արյունը հոսում է երիկամների միջով, և դրա 25% -ը սրտի յուրաքանչյուր բաբախյունի հետ մտնում են երիկամներ։ Երիկամի ուռուցքն անվտանգ հեռացնելու համար երիկամի արյան հոսքը հաճախ ժամանակավորապես արգելափակվում է։ Դրանից հետո ուռուցքը կտրվում է, և վիրաբույժը պետք է մնացած երիկամը նորից միացնի իրար։ Մասնակի նեֆրէկտոմիան հաճախ երիկամաբջջային քաղցկեղի համար ռադիկալ նեֆրէկտոմիայի այլընտրանք է։
Մասնակի նեֆրէկտոմիայի ենթարկված հիվանդները բարդություններ են ունենում 15-25% դեպոերում[17][18]։ Ամենատարածված բարդություններն են արյունահոսությունը, վարակը և մեզի արտահոսքը։
Մասնակի նեֆրէկտոմիան երիկամաբջջային քաղցկեղից բուժման նույն հնարավորությունն է տալիս, ինչ ռադիկալ նեֆրէկտոմիան[16][19]։ Դա հաստատվեց վերջերս կատարված մետա-վերլուծության մեջ[20]։ Ցույց է տրվել, որ մասնակի նեֆրէկտոմիան ավելի լավ է պահպանում երիկամների գործառույթը, քան ընդհանուր հեռացումը։ Որոշակի բանավեճ կա ՝ արդյո՞ք երիկամների ֆունկցիայի այս պահպանումը երկարաժամկետ օգուտներ է բերում հիվանդին[21]։ Որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մասնակի նեֆրէկտոմիայով բուժվող հիվանդներն ավելի երկար են ապրում, քան հիվանդները, որոնց ամբողջ երիկամը հեռացրել են։ Այլ ուսումնասիրությունները պարզել են հակառակը[22]։ Մասնակի նեֆրէկտոմիան կապված է կյանքի ավելի լավ որակի հետ, համեմատած ռադիկալ նեֆրէկտոմիայի հետ[23]։
↑Moll, F; Karenberg, A (2000 թ․ օգոստոս). «Gustav Simon (1824-1877) and the development of nephrectomy: the surgeon and his intention». Journal of Medical Biography. 8 (3): 140–145. doi:10.1177/096777200000800303. PMID10954921.
↑ 17,017,1Gill, Inderbir S.; Kavoussi, Louis R.; Lane, Brian R.; Blute, Michael L.; Babineau, Denise; Colombo Jr, J. Roberto; Frank, Igor; Permpongkosol, Sompol; Weight, Christopher J. (2007). «Comparison of 1,800 Laparoscopic and Open Partial Nephrectomies for Single Renal Tumors». The Journal of Urology. 178 (1): 41–6. doi:10.1016/j.juro.2007.03.038. PMID17574056.
↑Kim, Simon P.; Leibovich, Bradley C.; Shah, Nilay D.; Weight, Christopher J.; Borah, Bijan J.; Han, Leona C.; Boorjian, Stephen A.; Thompson, R. Houston (2013). «The relationship of postoperative complications with in-hospital outcomes and costs after renal surgery for kidney cancer». BJU International. 111 (4): 580–8. doi:10.1111/j.1464-410X.2012.11122.x. PMID22564425.
↑Weight, Christopher J.; Larson, Benjamin T.; Fergany, Amr F.; Gao, Tianming; Lane, Brian R.; Campbell, Steven C.; Kaouk, Jihad H.; Klein, Eric A.; Novick, Andrew C. (2010). «Nephrectomy Induced Chronic Renal Insufficiency is Associated with Increased Risk of Cardiovascular Death and Death from Any Cause in Patients with Localized cT1b Renal Masses». The Journal of Urology. 183 (4): 1317–23. doi:10.1016/j.juro.2009.12.030. PMID20171688.
↑Kim, Simon P.; Murad, M. Hassan; Thompson, R. Houston; Boorjian, Stephen A.; Weight, Christopher J.; Han, Leona C.; Erwin, Patricia J.; Costello, Brian A.; Chow, George K. (2012). «Comparative Effectiveness for Survival and Renal Function of Partial and Radical Nephrectomy for Localized Renal Tumors: A Systematic Review and Meta-Analysis». The Journal of Urology. doi:10.1016/j.juro.2012.10.026. PMID23085064.