Նիկոլա Տեսլայի հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Գոսպիչ |
Վայր | Սմիլյան |
Հիմնադրվել է | 2006 |
Կայք | mcnikolatesla.hr(խորվ.) |
Նիկոլա Տեսլայի հուշահամալիր, պատմամշակութային թանգարան Խորվաթիայի Սմիլյան քաղաքում։ Տեղակայված է հռչկավոր ճարտարագետ ու գյուտարար Նիկոլա Տեսլայի ծննդավայրում։ Այն նվիրված է Տեսլային, ով ծնվել է 1856 թվականին սերբական ընտանիքում, Սմիլյան քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր խորվաթական տարածքում Հաբսբուրգյան միապետության կազմում։
Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 10-ին Տեսլայի 150 ամյակի առթիվ, բացմանը ներկա էր նաև Խորվաթիայի նախագահը[1]։ Սկզբնապես համալիրը հիմնադրվում է որպես թանգարան 1956 թվականին, սակայն այն տուժում է Խորվաթիայի անկախության պատերազմի տարիներին, արկերից մեկն ընկնում է Նիկոլայի Տեսլայի տան կողքին գտնվող կառույցի վրա։ Ի վերջո խորվաթական բանակը մարում է բռնկված հրդեհը, կահույքն ու մի շարք առարկաներ պահպանվում են[2]։ Պատերազմից հետո Խորվաթիայի իշխանությունները վերականգնում են համալիրը և վերաբացում 2006 թվականին մեծ հանդիսավորությամբ, որին մասնակցում էին պատվիրակություններ Խորվաթիայից և Սերբիայից[3]։
1,37 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող համալիրի մեջ մտնում են տարբեր կառույցներ՝ Նիկոլա Տեսլայի տանը գտնվող թանգարանը[4] (որտեղ ներկայացված են նրա կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ և աուդիո նյութեր), սերբական ուղղափառ Սբ․ Պողոս-Պետրոս եկեղեցին, գյուղական գերեզմանը, Տեսլայի փորձարարական կայանը, քարե հուշարձաններ, նստարաններ, որոնք նախագծվել են ճարտարապետ Զդենկո Կոլաչիոյի կողմից, Տեսլայի արձանը (քանդակագործ՝ Միլե Բլաժեվիչ), Տեսլայի մի շարք հայտնագործությունների նախատիպերը(ինդուկցիոն շարժիչ, Տեսլայի տուրբինը և կծիկը)[5]։
Հուշահամալիրում պարբերաբար իրականացվում են գիտական ու կրթական միջոցառումներ։ Վերջին մի քանի տարիներին այցելուների թիվը գնալով աճում է, միայն 2016 թվականին Նիկոլա Տեսլայի հուշահաալիր այցելել են 41,000 զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից, իսկ 2018 թվականին այցելուների թիվը հասավ 44,000-ի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Տեսլայի հուշահամալիր» հոդվածին։ |