Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի

Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի
ռուս.՝ Николай Дмитриев-Оренбургский
Ծնվել էապրիլի 13 (25), 1837
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 3 (15), 1898 (61 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
ԺանրՄարտանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
 Nikolai Dmitriev-Orenburgsky Վիքիպահեստում

Նիկոլայ Դմիտրիևիչ Դմիտրիև-Օրենբուրգսկի (ռուս.՝ Николай Дмитриевич Дмитриев-Оренбургский, 1 (13) ապրիլի, 1837, Նիժնի Նովգորոդ, Նիժնի Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն21 ապրիլի (3 մայիսի), 1898, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, մարտանկարիչ, գրաֆիկ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և մարտանկարչության պրոֆեսոր, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[1]։

Դմիտրիև ազգանունով մյուս նկարիչներից տարբերվելու համար ազգանվանն ավելացրել է «Օրենբուրգսկի» էպիտետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ջրահեղձը գյուղում» (1868), Ռուսական պետական թանգարան

Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկին ծնվել է 1838 թվականի ապրիլի 1-ին (նոր տոմարով՝ ապրիլի 13)։ Սովորել է Ուֆայի նահանգային գիմնազիայում և իր հարազատների՝ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո պատրաստվել է դառնալ յունկեր, սակայն հայտնի գեղանկարիչ Վասիլի Շեբուևի խորհրդով սկսել է հաճախել դասերի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։

Այնտեղ նա համարվել է Ֆեոդոր Բրունիի աշակերտը և նկարչության բնագավառում իր ունեցած հաջողությունների համար նրանից ստացել է չորս փոքր ու մեկ մեծ արծաթե մեդալներ։ 1860 թվականին արժանացել է փոքր ոսկե մեդալի ծրագրի համաձայն ստեղծված «Օլիմպիական խաղեր» նկարի համար։ Դրան հաջորդող երկու տարիների ընթացքում նա նկարել է «Մեծ իշխանուհի Սոֆյա Վիտովիտովնան մեծ իշխան Վասիլի Տյոմնու հարսանիքին» (ռուս.՝ «Великая княгиня София Витовитовна на свадьбе великого князя Василия Темного») և «Ստրելեցյան խռովություն» (ռուս.՝ «Стрелецкий бунт») նկարները, բայց դրանց համար չի արժանացել ցանկալի պարգևին։

1863 թվականին մեծ ոսկե մեդալի մրցույթի մյուս մասնակիցների՝ տասներկու երիտասարդ նկարիչների հետ հրաժարվել է կատարել ներկայացված ծրագիրը և հեռացել է Ակադեմիայից՝ ստանալով երկրորդ աստիճանի նկարչի կոչում։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադրմանը, որին անդամակցել է մինչև 1871 թվականը։

1868 թվականին «Ջրահեղձը գյուղում» (ռուս.՝ «Утопленник в деревне», գտնվում է Ռուսական պետական թանգարանում) նկարի համար Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկուն շնորհվել է ակադեմիկոսի կոչում։ 1869 թվականին նա ուղեկցել է մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ Ավագին Կովկասում և Խորկովի ու Վորոնեժի նահանգներում ուղևորության ընթացքում. այդ ճանապարհորդության արդյունքում նա ստեղծել է 42 նկար[2]։

1871 թվականին Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկին՝ որպես կրթաթոշակառու, երեք տարով մեկնել է արտասահման, հիմնականում ապրել Դյուսելդորֆում, որտեղ խորհուրդներ է ստացել հայտնի նկարիչներ Բենյամին Վոտյեից ու Լյուդվիգ Կնաուսից։ Հետագայում նա մի կարճ ժամանակ բնակվել է Փարիզում, որտեղ մասնակցել է տեղի «Ռուս նկարիչների միության» հիմնադրմանը, ներկայացրել է իր նկարները տարեկան սալոններում՝ դրանք միայն հազվադեպ ուղարկելով Սանկտ Պետերբուրգ, ստեղծել նկարներ ռուսական ու ֆրանսիական նկարազարդ պարբերականների համար։

Փարիզում նա ժանրային գեղանկարչությունից անցում է կատարել մարտանկարչության, քանի որ պատվեր է ստացել ստեղծել մի քանի նկար 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի սյուժեներով։ Դրանցից երկուսի՝ «Ալեքսանդր II կայսեր պահակախմբի մարտը Սիստովոյի բարձունքներում (ռուս.՝ «Бой на Систовских высотах конвоя императора Александра II») և «Կայսեր մուտքը Պլոեշտի քաղաք» (ռուս.՝ «Въезд императора в город Плоэшты») նկարների համար Գեղարվեստի կայսերական ակադեմիան նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։ Նույն շարքի հետագա նկարների ստեղծման համար նա 1885 թվականին մշտական բնակության համար վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։

Նկարչի ժանրային աշխատանքներից նշանակալի են «Ջրահեղձը գյուղում», «Երկու րոպեի կանգառ» (ռուս.՝ «Две минуты остановки», 1878) և «Հրդեհ գյուղում» (1885, Ռուսական պետական թանգարան) նկարները։ Նրա մի շարք աշխատանքներ, որ ներկայացնում են տեսարաններ ռուս-թուրքական պատերազմից, ցուցադրվում են Ձմեռային պալատի Պոմպեյի ցուցասրահում[3]։

Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկին մահացել է 1898 թվականի ապրիլի 21-ին (նոր տոմարով՝ մայիսի 3) Սանկտ Պետերբուրգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. О. Л. Лейкинд, Д. Я. Северюхин. «Артель художников». Энциклопедия Санкт-Петербурга. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  2. Сомов А. И. Дмитрiевъ (Николай Дмитрiевичъ) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / начатый профессором И. Е. Андреевским, продолжается под редакцией К.К. Арсеньева и заслуженного профессора Ф.Ф. Петрушевского. — Санкт-Петербург: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1893. — Т. XA «Десмургiя — Домицiанъ». — С. 781. — 960 с.
  3. Сомов А. И. Дмитрiевъ (Николай Дмитрiевичъ) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / начатый профессором И. Е. Андреевским, продолжается под редакцией К.К. Арсеньева и заслуженного профессора Ф.Ф. Петрушевского. — Санкт-Петербург: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1893. — Т. XA «Десмургiя — Домицiанъ». — С. 782. — 960 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի» հոդվածին։