Նմանաձև ճպուռ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Onychogomphus assimilis | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Նմանաձև ճպուռ (լատին․՝ Onychogomphus assimilis), գոմֆիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
50-55 մմ երկարությամբ, սևադեղնավուն հակադիր գունավորմամբ միջին չափի ճպուռ է, որի վերին շրթունքն ունի լավ արտահայտված սև գույնի եզրակ։ Կրծքի կողքերը սև գույնի լայն զոլերով են, իսկ փորիկի տերգիտները՝ կողքերին երկար, նեղ ելուստներ ունեցող սև բծերով[1]։
Հայտնի է Առաջավոր Ասիայից, Կովկասի և Հարավային Թուրքմենիայի մի շարք մեկուսացած վայրերից։ Հայաստանում հայտնի է Տավուշի (Իջևան քաղաքի շրջակայք), Վայոց ձորի (Վայք քաղաք, Գետափ և Վերնաշեն գյուղեր) և Սյունիքի (Քարահունջ գյուղ) մարզերից[1]։
Նմանաձև ճպուռներն ապրում են մասամբ ստվերոտ և հաճախ սառը նախալեռնային գետերում, ինչպես կիսաանապատային, այնպես էլ անտառային գոտում, հանդիպում են գետերի ափերին, հաճախ նստում են քարերի վրա։ Թռչում են հունիս-հուլիս ամիսներին։ Ձվերը դնում են դանդաղ հոսող ջիր մեջ։ Զարգացումը տևում է 2-3 տարի[1]։
Ոչ մեծ, կտրատված, հավանաբար ռելիկտային արեալով, հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Հանդիպում է հազվադեպ, հայտնի են առանձին առանձնյակներ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոններից է հիդրոշինարարությամբ և ջրի աղտոտամբ պայմանավորված գետերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
|