Նյարդային համակարգի հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 320-359 |
ՀՄԴ-10 | G00-G99 |
Հոմանիշներ | Նյարդաբանական խանգարումներ |
Նյարդային համակարգի հիվանդություններ, բժշկական վիճակների մի խումբ են, որոնց դեպքում ախտահարվում է նյարդային համակարգը։ Այստեղ ընդգրկված են ավելի քան 600 հիվանդություններ, ներառյալ ժառանգական, վարակային, ուռուցքային, աուտոիմուն ախտահարումներ, ցնցումային հիվանդություններ (օր.՝ էպիլեպսիա), սիրտ-անոթային ծագման ախտահարումներ (օր.՝ կաթված), բնածին և զարգացման արատներ, դեգեներատիվ հիվանդություններ (օր.՝ Ալցհեյմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ)[1]։
Նյարդային համակարգի որոշ հիվանդությունները առաջանում են գենետիկ մուտացիայի արդյունքում[2]։ Օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող վիճակ է, որը արտահայտվում է հարաճուն ընթացող նեյրոդեգեներացիայով[3]։ Հիվանդության հիմքում ընկած է HTT գենի մուտացիան, ինչի պատճառով առաջանում է աննորմալ կառուցվածքի սպիտակուց[4]։ Վերջինս կուտակվում է նյարդային բջիջներում (նեյրոններում) և բերում հիմային հանգույցների (գլխուղեղում գորշ նյութի կուտակումներ) վնասման[4]։
Աճող երեխայի օրգանիզմում ծնվելու պահին կարող են լինել զարգացման արատներ, այդ թվում նաև նյարդային համակարգում[5]։ Օրինակ անէնցեֆալիան (գլխուղեղի բացակայությունը) առաջանում է նյարդային խողովակի սխալ ձևավորման արդյունքում[5]։
Նյարդային համակարգի մասնագիտացված բջիջները, ինչպիսիք են գլիոցիտները, կարող են աննորմալ աճել և բազմանալ՝ առաջացնեով գլիոմաներ[6]։ Գլիոբլաստոմաները առավել ագրեսիվ ընթացքով գլիոմաներն են[7]։
Շատ միկրոօրգանիզմներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, կարող են ախտահարել նյարդային համակարգը[8]։ Օրինակ մենինգիտները՝ ուղեղաթաղանթների բորբոքումը, նյարդային համակարգի հաճախ հանդիպող վարակային հիվանդություններ են։ Դրանք կարող են լինել բակտերիալ կամ վիրուսային ծագման[9]։
Ընդունված է համարել, որ ցնցումները գլխուղեղի կեղևի սինխրոն ակտիվության հետևանք են[10]։ Օրինակ էպիլեպսիա հիվանդությունը բնութագրվում է գլխուղեղի կեղևի ոչ նորմալ էլեկտրական ակտիվությամբ, ինչը բերում է կրկնվող ցնցումների առաջացման[11]։
Գլխուղեղը հարուստ անոթավորմամբ օրգան է, քանի որ այն իր աշխատանքի ընթացքում օգտագործում է մեծ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր[12]։ Կաթվածը գլխուղեղի որոշակի հատվածի արյունամատակարարման սուր խանգարման հետևանք է, ինչի պատճառ կարող է լինել անոթի խցանումը կամ արյունահոսությունը[13]։
Ներյրոդեգեներատիվ հիվանդությունները առաջանում են նեյրոնների վնասման հետևանքով։ Որպես օրինակ կարող են ծառայել Ալցհեյմերի հիվանդությունը[14], Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը[15], Պարկինսոնի հիվանդությունը[16]։ Վերջինս առաջանում է գլխուղեղի սև նյությում նեյրոնների վնասման հետևանքով[17]։
Աուտոիմուն հիվանդությունները առաջանում են, երբ օրգանիզմի իմուն համակարգը սկսում է պայքարել սեփական բջիջների դեմ[18]։ Նյարդային համակարգի աուտոիմուն հիվանդություններից է ցրված սկլերոզը[19]։ Վերջինս առաջանում է նեյրոնների աքսոնները ծածկող միելինային շերտի նկատմամբ օրգանիզմի աուտոիմուն պատասխանի հետևանքով[20][21]։ Արդյունքում առաջանում է միելինի վնասում և աքսոնների դեմիելինիզացիա[20]։
ԿՆՀ-ն կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Այն ընդունում, վերամշակում և պահեստավորում է ինֆորմացիան ամբողջ օրգանիզմից և շրջակա միջավայրից, ինչպես նաև կառավարում է օրգանիզմի գործունեությունը[22]։
Գլխուղեղն օրգանիզմի ամենաբարդ կառուցվածքով օրգանն է։ Այն կազմված է 6 հիմնական բաժիններից՝ երկարավուն ուղեղ, Վարոլյան կամուրջ (կամ պարզապես կամուրջ), միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր։ Վերջին 2 մասերն իրենց հերթին կազմված են զույգ՝ աջ և ձախ, կիսագնդերից։ Ուղեղիկի կիսագնդերը միմյանց կապում է որդը, իսկ մեծ կիսագնդերինը՝ բրտամարմինը։ Մեծ կիսագնդերից յուրաքանչյուրը կազմված է 4 բլթերից՝ ճակատային, գագաթային, քունքային և ծոծրակային[23]։
Ողնուղեղը գտնվում է ողնաշարային խողովակում և հանդիսանալով երկարավուն ուղեղի անմիջական շարունակությունը՝ ձգվում է ծոծրակային մեծ անցքից մինչև գոտկային 1-2 ողի մակարդակ (մեծահասակների մոտ)։ Այն կազմված է 5 բաժիններից, որոնք ունեն գումարային 31 սեգմենտ. պարանոցային բաժին՝ 7 սեգմենտ, կրծքային՝ 12, գոտկային և սրբանային՝ 5-ական, պոչուկային` 2 սեգմենտ։ Յուրաքանչյուր սեգմենտի աջ և ձախ կողմերից դուրս են գալիս զույգ ողուղեղային նյարդերը (ընդհանուր 31 զույգ), որոնք էլ կապ են հաստատում ծայրամասային նյարդային համակարգի հետ[22]։
Ծայրամասային նյարդային համակարգը կապ է հաստաում ԿՆՀ-ի և օրգանիզմի մնացած մասերի հետ։ Այն կազմված է 12 զույգ գանգուղեղային և 31 զույգ ողնուղեղային նյարդերից, դրանց ճյուղերից, հանգույցներից, հյուսակներից և պարզ զգայարաններից[24]։
Նյարդային համակարգի հիվանդությունների համար կիրառվում են հիվանդության պատմության հավաքագրում, ընդհանուր զննում, նյարդաբանական զննում, բազմաթիվ լաբորատոր-գործիքային հետազոտություններ։
Գոտկային պունկցիան ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ հատուկ ասեղով մտնում են սուբարախնոիդալ տարածություն՝ ողնուղեղային հեղուկի ստացման նպատակով։ Ստացած հեղուկը օգտագործվում է բազմապիսի լաբորատոր հետազոտությունների մեջ։ Պաթոլոգիկ նշաններ կարող են համարվել արյան, թարախի առկայությունը, ոչ նորմալ բջջային, իոնային կազմը, սպիտակուցի և գլյուկոզի կոնցենտրացիայի շեղումները, այլ ախտաբանական նյութերի հայտնաբերումը։ Գոտկային պունկցիան կարող է կիրառվել նաև բուժական և անզգայացման նպատակներով[25]։
Կախված է ախտահարման բնույթից, կարող է լինել թերապևտիկ և վիրաբուժական։
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 314)։ ![]() |