Նուբար Օզանյան | |
---|---|
1956 - օգոստոսի 14, 2017 | |
Ծննդավայր | Յոզգաթ, Թուրքիա |
Մահվան վայր | Ալ-Ռակկա, Սիրիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Պաշտոն | Հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, First Intifada? և Լիբանանի Քաղաքացիական պատերազմ |
Նուբար Օզանյան[1] (արմտ. հայ.՝ Նուպար Օզանեան, ի ծնե՝ Ֆերմուն Չըրաք, 1956, Յոզգաթ, Թուրքիա - օգոստոսի 14, 2017, Ալ-Ռակկա, Սիրիա), նաև հայտնի Օրհան Բաքըրջյան (Պաքըրճեան) մականվամբ, հայազգի հեղափոխական և ռազմական գործիչ։ «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն/Մարքս-լենինյան» (ԹԿԿ/ՄԼ) ընդհատակյա կազմակերպության զինված թևի հրամանատարներից մեկը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել[2][3]։ Զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Ալ-Ռակկայի ճակատամարտի ժամանակ։
Օզանյանը ծնվել է 1956 թվականին աղքատ հայի ընտանիքում՝ Թուրքիայի Յոզգաթ քաղաքում։ Փոքր հասակում մորն է կորցրել։ Սովորել է Քարագյոզյան դպրոցում, այնուհետ Ստամբուլի «Սուրբ Խաչ դպրեվանք» լիցեյում, որտեղ ծանոթացել է հայազգի կոմունիստ Արմենակ Բաքըրջյանի հետ, որի պատվին Օզանյանը հետագայում կրել է Օրհան Բաքըրջյան կեղծանունը[3][4]։ Որդեգրել է արմատական ձախաթևյան գաղափարախոսություն է միանում է ԹԿԿ/ՄԼ շարքերին։ 1980 Թուրքիայում պետական հեղաշրջումից հետո ստիպված մեկնել է Ֆրանսիա[5], որտեղ, որոշ աղբյուրների համաձայն, եղել է ռեժիսոր Յըլմազ Գյունեյի թիկնապահը։
1980-ական թվականներին Օզանյանը միացել է ԹԿԿ/ՄԼ ռազմական թևին՝ Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրական բանակին (ԹԻՔՔՕ/TİKKO)։ 1988 թվականին իբր մեկնել է Պաղեստին, առաջին պաղեստինյան «ինթիֆադայի» ժամանակ Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի շարքերում կռվել է իսրայելական զինված ուժերի դեմ[6]։ 1990 թվականին մեկնել է Լիբանան, Բեքաայի հովտում վարժությունների է մասնակցել տեղի զինյալների հետ[5], մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին[4]։ Որոշ աղբյուրներում հաղորդվում է, որ 1991-1992 թվականներին հայկական բանակի կազմում Օզանյանը մասնակցել է Արցախյան պատերազմին[2][6]։ 1992 թվականին վերադառնում է Թուրքիա, մասնակցել է Թունջելիի (Դերսիմ) մարզում մաոիստական ամպստամբությանը[5]։ Այդ ընթացքում Օզանյանն աչքի է ընկում ԹԿԿ/ՄԼ-ի շարքերում, դառնում կարևոր կազմակերպիչ, գաղափարախոս, մարզիչ և հրամանատար[6]։
2013 թվականին անցել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ մարզել է ԹԻՔՔՕ-ի մարտիկներին։ 2015 թվականի հուլիսին դարձել է նորաստեղծ «Միջազգային ազատության գումարտակի» հրամանատարներից մեկը, որի կազմում եղել են տարբեր երկրներից եկած կամավորներ և որը կռվել է քրդական «Պաշտպատության ժողովրդական ջոկատներ» (YPG) զինված խմբավորման շարքերում ընդդեմ Իսլամական պետության ուժերի։ 2017 թվականին նշանակվել է ԹԻՔՔՕ-ի Սիրիայում մարտական գործողությունների հրամանատար։ Զոհվել է Ալ-Ռակկայում՝ Իսլամական պետության ուժերի հետ մարտի ընթացքում։ Աճյունը հողին է հանձնվել Սիրիայի Ալ-Մալիքիա քաղաքում։ Նուբար Օզանյանի մահվանը հետևեց մի շարք ցավակցական հայտարարություններ աշխարհի տարբեր հեղափոխական կազմակերպությունների կողմից։
2019 թվականի ապրիլի 24-ին ստեղծվել է «Նահատակ Նուբար Օզանյան գումարտակը»՝ հայերից կազմված զինված խմբավորում, որը կռվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի շարքերում[7]։
Օզանյանը գիտեր հայերեն, թուրքերեն և ռուսերեն։ Թարգմանել էր որոշ ձախաթևյան աշխատություններ[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)