Շառլ Մոնե ֆր.՝ Charles Monnet | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1732[1][2] |
Ծննդավայր | Փարիզ[3] |
Վախճանվել է | մարտի 19, 1819[4] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
ստորագրություն | |
Charles Monnet Վիքիպահեստում |
Շառլ Մոնե (ֆր.՝ Charles Monnet, հունվարի 10, 1732[1][2], Փարիզ[3] - մարտի 19, 1819[4], Փարիզ[5][4]), ֆրանսիացի պատմանկարիչ, բնանկարիչ, դեկորատոր, փորագրող և գրքերի նկարազարդող։ Հայտնի է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված իր աշխատանքներով[6][7]։
Շառլ Մոնեն ծնվել է 1932 թվականի հունվարի 10-ին Փարիզում։ Ընդունվել է Գեղանկարչության ու քանդակագործության ակադեմիա, որտեղ սովորել է Jean II Restout-ի հետ։ Նա իր հասակակիցների շարքում առանձնացել է իր տաղանդով և 1753 թվականին գեղարվեստական աշխատանքի կատարման համար ստացել է ակադեմիայի բարձրագույն մրցանակը՝ «the Rome Prize»։ Այդ պարգևը նրան թույլ է տվել ստեղծագործական երկարատև ուղևորության մեկնել Իտալիայում (Գրան տուր), որտեղ ուսումնասիրել է իտալական Վերածննդի գեղանկարչական ժառանգությունը։ Նա այցելել է երկրի խոշորագույն քաղաքները, ծանոթացել անցյալի մեծագույն վարպետների ճարտարապետական ու գեղանկարչական աշխատանքներին։ Այդ ամենը հետագայում իր արտացոլումն է գտել նրա արվեստում։
1765 հուլիսի 27-ին Շառլ Մոնեն դարձել է Ֆրանսիական գեղանկարչության ու քանդակագործության ակադեմիայի անդամ[8]։ Նա զգացել է, որ ուսանողներին սովորեցնելու համար պակասում է անատոմիական ուսումնական լիակատար ձեռնարկ և այդ բացը լրացնելու համար փորագրող Ժիլ Դեմարտոյի (ռուս.՝ Gilles Demarteau) հետ համահեղինակությամբ մի քանի տարի աշխատել է նկարիչների ու քանդակագործների համար նախատեսված անատոմիական ձեռնարկի վրա, որ կոչվել է «Անատոմիան որպես արվեստ» («Études d’anatomie à l’usage des peintres»)։ Նկարներով հարուստ առաջին հրատարակությունը լույս է տեսել ամենամյա հատորների տեսքով 1770-1775 թվականներին։
Որպես թագավորական նկարիչ՝ Շառլ Մոնեն պատվեր է ստացել նկարներով զարդարելու Վերսալի Փոքր Տրիանոնում գտնվող ճարտարապետական համալիրի դռնից վերև ընկած հատվածը։ Բորեյին ու Օրիֆիային, ինչպես նաև Ֆլորային ու Զեֆիրին պատկերող կոմպոզիցիաներն ավարտին են հասցվել 1768 թվականին[9][10]։ Նրա նկարներն օգտագործվել են ճենապակե վազեր զարդարելու համար[11][12]։ Դրանցից մի քանիսը ձեռք է բերել թագավոր Լուի XVI-ը 1781 թվականին[13]։
1767 թվականին Շառլ Մոնեն ստեղծել է իր առաջին երեք պատմանկարները։ Հենց պատմական ու առասպելաբանական սյուժեներն են եղել նրա ստեղծագործության սկզբնական շրջանի հիմնական թեմաները, սակայն նա նկարել է նաև դիմանկարներ, բնանկարներ, կատարել նկարազարդման աշխատանքների պատվերներ։ Նկարչի իր կարիերայի ամբողջ ընթացքում Շառլ Մոնեն եղել է Փարիզյան սալոնի մշտական մասնակիցներից մեկը, որտեղ հաջողությամբ ցուցադրել է իր աշխատանքները։
Շառլ Մոնեն եղել է ամենահայտնի նկարազարդողներից մեկը 18-րդ դարի վերջում։ Այդ ժանրում նրա նորամուտը համարվում է ֆրանսիացի դրամատուրգ Palissot de Montenoy-ի «Փիլիսոփաներ» կատակերգության նկարազարդումը, որը լույս է տեսել 1760 թվականին (Paris: Duchesne, 1760)։ Նկարիչը լայն ճանաչման է արժանացել Տելեմաքոսի արկածների նկարազարդումների շնորհիվ, որը հրատարակվել է 1774 թվականին մեծ տպաքանակով, իսկ հաջորդ տարի հրատարակվել է փորագրող Ուիլկալ Ուոլքերի հետ միասին նկարազարդած Օվիդիուսի «Կերպարանափոխությունները»[14]։ Շառլ Մոնեն նկարազարդել է Ժան Ժակ Բաուզարի առակները (Fables, par M. Boisard), որոնք հրատարակվել են նրա ստեղծագործությունների ժողովածուում «Fables» խորագրով (հհ. 1 և 2, Փարիզ, 1773-1777, հատոր 3, Կանն, 1805)։
Շառլ Մոնեն նկարազարդել է նաև Լի Ֆոնտենի առակները[15], Moreau-ի, Marillier-ի ու Պիետրո Անտոնիո Մարտինիի հետ միասին նկարազարդել է Վոլտերի վեպերն ու հեքիաթները (1778) և Շոդերլո դը Լակլոի «Վտանգավոր կապեր» վեպը, որ հրատարակվել է 1796 թվականին Լոնդոնում։ Հետագա տարիներին նրա ստեղծագործություններից շատերը հայտնի են դարձել դրանց հիման վրա ստեղծված փորագրանկարների շնորհիվ։
Շառլ Մոնեն իր ստեղծագործական երկարատև կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել Լյուդովիկոս XVI-ի մոտ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում և Նապոլեոնի օրոք, ընդ որում՝ նա միշտ կարողացել է հարմարվել քաղաքական պատվերին։ Շառլ Մոնեի պատմական նկարները պահանջարկ են վայելել իշխանավորների մոտ։ 1775 թվականին նա ստեղծել է նկարների մի ամբողջ շարք՝ նվիրված Լյուդովիկոս XVI-ի թագադրմանը, ինչպես նաև Մարի Անտուանետին, և որոնք փառաբանել են միապետությունը։ Դրանք ստեղծվել են ալեգորիկ ոճով և ծառայել են որպես հիմք փորագրանկարների համար, որոնք ընդգրկվել են «Allégorie gravée à l’occasion de l’avènement de Louis XVI» հավաքածուում (1775 թվական)։ Ավելի ուշ, երբ 1793 թվականի հունվարի 21-ին թագավորը գլխատվել է, ֆրանսիական ամսագրում հայտնվել է Շառլ Մոնեի կողմից փորագրված նկար, որը պատկերել է թագավորի գլխատումը, ինչից հետո նրա արվեստում սկիզբ է առել նոր փուլ, որտեղ գերակշռել է հեղափոխական թեմատիկան։
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Շառլ Մոնեն նորից հաջողությամբ հարմարվել է քաղաքական նոր իրավիճակին և ստեղծել է իր ամենահայտնի նկարները, որ ներկայացնում են հեղափոխության առավել նշանակալի իրադարձությունները. Ֆրանսիական հեղափոխությունը պատկերող 15 նկարները, որ կոչվել են «Հեղափոխության գլխավոր օրերը», փորագրվել են Իսիդոր Ստանիսլաս Հերմանի կողմից և հրատարակվել 1798 թվականին[16]։ Այդ նկարները նաև վերածվել են օֆորտի Անտուան Ժան Դյուկլոյի և Ժան Դյուպլեսի Բերտոյի կողմից[17][18]։ Այդ նկարները մեծ հաջողություն են ունեցել Փարիզյան սալոնում 1793 թվականին[19]։
Նապոլեոնի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Շառլ Մոնեն ստեղծել է 69 նկարներից կազմված շարք, որը ներկայացնում է Ֆրանսիայի պատմությունը կայսեր իշխանության ներքո։ Իր կյանքի վերջում Շառլ Մոնեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոն l'École de Saint-Cyr-ում[20][21]։
Շառլ Մոնեի մահվան ստույգ թվականն անհայտ է։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա մահացել է 1808 թվականին Փարիզում[6][7]։ Այլ աղբյուրներ պնդում են, թե նա մահացել է 1816 կամ 1817 թվականներին[22]։
Շառլ Մոնեի աշխատանքները պահվում են Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի[23], Մետրոպոլիտեն թանգարանի[24], Ֆրանսիայի ազգային գրադարանի և Մալմեզոնի հավաքածուներում[25]։
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Մոնե» հոդվածին։ |
|