Շիրին բինթ Շամուն արաբ․՝ سيرين بنت شمعون | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 7-րդ դար |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | մուհադիս |
Ամուսին | Հասսան իբն Սաբիթ |
Շիրին բինթ Շամուն (արաբ․՝ سيرين بنت شمعون, 7-րդ դար - 7-րդ դար), եգիպտացի ուղղափառ ղպտի, Մարիա ալ-Կիբտիայի քույրը, Մուհամմադ մարգարեի հարճը, Հասսան իբն Սաբիթի կինը։
Շիրինի հորը կոչում էին Շամուն, նա հեղինակավոր ղպտի քրիստոնյաներից մեկն էր։ Մայրն ուներ հռոմեական ծագում[1]։
627 թվականին (Հիջրայի 6 թվականին) Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել Մերձավոր Արևելքի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է նոր հավատքի հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան։ Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան։ Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Շիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով ավանակ[1]։ Մեդինայի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ։ Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մուսուլման հավատացյալներ[2]։ Նույն թվականին մեդինացի բանաստեղծ Հասսան իբն Սաբիթը մասնակցել է Մուհամմադ մարգարեի կնոջ՝ Աիշա բինտ Աբու Բաքրի զրպարտության պատմությանը[3]։ Սաֆվան իբն Մուքատիլը հարձակվել է Հասսանի վրա, վերջինս վնասվածք է ստացել։ Որպես փոխհատուցում Հասսանին նվիրել են Յարահի պալատն ու Շիրինին[4]։
Հասսանն ու Շիրինն ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսան իբն Սաբիթը[5]։