Շոուն Ֆեննինգ անգլ.՝ Shawn Fanning | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Բրոքթոն, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևելյան համալսարան և Harwich High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ծրագրավորող |
Shawn Fanning Վիքիպահեստում |
Շոուն Ֆեննինգ (անգլ.՝ Shawn Fanning, նոյեմբերի 22, 1980, Բրոքթոն, Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի վեբ ծրագրավորող, գործարար և վենչուրային հիմնադրամներ «ներդրող հրեշտակ»: 1999 թվականին ստեղծել է «Նափստեր» ցանցային ծառայությունը (անգլ.՝ Napster), որը «P2P» - միևնույն կարգի էլեկտրոնային սարքավորումներին երաժշտական ֆայլափոխանակման ծառայություն առաջարկող աշխարհում առաջին համացանցային ընկերությունն է եղել։ Ցանցի անվամբ էլ Շոունը ստացել է Նափստեր կեղծանունը։ Ծառայությունը լայն տարածում է գտել և Շոուն Ֆեննինգի նկարը հրապարակվել էր Թայմ ամսագրի շապիկին[1]։
2000 թվականի ապրիլի 13-ին Նափստեր ընկերության դեմ դատական գործ է հարուցվել՝ նյութերի ապօրինի տարածման և հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով, և P2P անվճար ծառայությունը փակվել է 2001 թվականին՝ դատարանի որոշման դեմ ընկերության ներկայացրած մի քանի անհաջող բողոքարկումներից հետո։ Այնուհետև 2011 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվել է կայքի վճարովի բաժանորդային տարբերակը, որը ձեռք է բերել Ռապսոդի ընկերությունը (անգլ.՝ Rhapsody): Նափստերում գործունեությունից հետո Շոունը միացել է նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություններին և ներդրումներ կատարել մի շարք սթարթափներում։
1999 թվականի հունիսի 1-ին Շոուն Ֆեննինգը թողարկել է Napster համակարգի նախնական ծրագիրը, որի համահիմնադիր էր Շոն Փարքերը[2]։ Ֆիննինգն ի սկզբանե այն պլանավորել էր որպես ֆայլերի փոխանակման (peer-to-peer file sharing) անկախ ծառայություն։ Ծառայությունը գործել է 1999 թվականի հունիսից մինչև 2001 թվականի հուլիսը[3]։ Տեխնոլոգիան հնարավորություն էր տալիս, որ մասնակիցներն իրար միջև հեշտությամբ փոխանակվեին իրենց MP3 ֆայլերով[4]։
Ծրագիրը մեծ հետաքրքություն էր առաջացրել հյուսիս-արևելքի քոլեջների հարյուրավոր ուսանողների շրջանում․ նրանք երաժշտություններ էին փոխանակում, որն էլ դարձավ մեծ հեղաշրջում երաժշտական արդյունաբերության մեջ[5][6]։
Թեև նախնական ծառայությունը դատարանի որոշմամբ փակվեց, բայց Napster բրենդը կենսունակ եղավ, անգամ այն բանից հետո, երբ սնանկացման գործընթացի շրջանակներում կազմակերպության ակտիվները լիկվիդացվեցին և գնվեցին այլ ընկերությունների կողմից[7]։
2002 թվականին Շոուն Ֆեննինգը ընդգրկվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Technology Review» ամսագրի կողմից հրապարակած՝ Աշխարհի 100 լավագույն նորարարների TR100 ցուցակի 35 տարեկանից ցածր ցանկում[8]։ 2003 թվականին Ջորդան Մենդելսոնի (Նափսթերի գլխավոր ճարտարապետ) և Ռոն Քոնվեյի հետ միասին բացել է նոր ընկերություն՝ Snocap[9]: Ընկերությունը ձգտում էր օրինական շուկա դառնալ թվային հաղորդակցության համար։ Այնուամենայնիվ, նրանց գործընկերներն ու հանրությունը լավ չարձագանքեցին։ Հաճախորդների աջակցությունը չէր բավարարում տեխնիկական բազմաթիվ խնդիրները լուծելուն։ Նրանց հիմնական գործընկերներից մեկը՝ CD Baby ընկերությունը, գրել է նրանց հարաբերությունների խայտառակ պատմությունը[10][11]։ 2007 թվականի վերջին Snocap ընկերությունն իր աշխատակիցների 60%-ին հեռացրել էր աշխատանքից։ ValleyWag-ը իր հոդվածում գրել էր, որ Շոուն Ֆեննինգը վաղուց էր լքել Snocap-ը և սկսել աշխատել մեկ այլ՝ Rupture նախագծի համար։ ValleyWag- ի հոդվածում նշվում էր, որ ձախողումը հիմնականում կապված էր Snocap- ի գլխավոր գործադիր տնօրեն Ռուստի Ռուֆի և ճարտարագիտության գծով նախկին փոխնախագահ Դեյվ Ռոուլիի հետ, ովքեր «աշխատանքից հեռանալուց առաջ սարքավորումների մեջ խառնաշփոթ էին ստեղծել»[12]։ 2008 թվականին Snocap ընկերությունը շուտափույթ և շատ ցածր գնով վաճառվեց[12] imeem ցանցային հաղորդակցման ծառայության վեբ -կայքին[13][14]։
2007 թվականին հայտարարվել էր Rupture նախագծի ֆինանսավորման մասին, CrunchBase հարթակում նշում էր, որ 2007 թվականի հոկտեմբերի 2-ին Շոուն Ֆեննինգը պաշտոնապես դարձել է գլխավոր գործադիր տնօրեն[15]։
2006 թվականի դեկտեմբերին Ֆեննինգը համահիմնադիր Ջոն Բաուդանզայի հետ միասին, ստեղծել է Rupture կայքը, սոցիալական ցանցային գործիք, որը նախատեսված էր խաղացողների անհատական պրոֆիլները խմբագրելու, ինչպես նաև World of Warcraft խաղացողների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Հետագայում Rupture կայքը ձեռք բերեց Electronic Arts կորպորացիան 30 միլիոն դոլարով[16][17][18]։ Ֆեննինգի գործունեությունը այդ կորպորացիայում կարճ տևեց, քանի որ 2009 թվականի նոյեմբերին Rupture - ից հեռացվեց իր թիմի հետ միասին[18]։
Շոուն Ֆեննինգը, Electronic Arts կորպորացիայից հեռանալուց մի քանի ամիս անց, սկսեց աշխատել մեկ այլ՝ Path.com հոսթինգային ծառայությունում։ 2010 թվականի հունվարին Դեյվ Մորինը հայտարարեց, որ հեռանում է Facebook սոցիալական կայքի Հարթակի ավագ մենեջերի պաշտոնից և միանում է Ֆեննինգին՝ որպես Path․com-ի գործադիր տնօրենը[19][20]։
2011 թվականին Շոուն Ֆեննինգը և Napster համակարգի համահիմնադիր Շոն Փարքերը վերամիավորվեցին և ստեղծեցին Airtime.com վեբ-կայքը։ Ներդրողներից են նաև Ռոն Քոնուեյնը, Մայքլ Արրինգտոնը և Էշթոն Քաթչերը[21][22]։ Ֆեննինգը դարձավ գլխավոր գործադիր տնօրեն, իսկ Շոն Փարքերը՝ գործադիր նախագահ[23]։
Airtime․com հարթակի թողարկումը տեղի ունեցավ 2012 թվականի հունիսին և եղավ շատ կորստաբեր և անհաջող հանրային միջոցառում, քանի որ Շոն Փարքերը և Շոուն Ֆեննինգը հսկայական գումարներ էին ծախսել՝ սթարթափի բացմանը հանրաճանաչ հյուրեր ներգրավելու համար, իսկ սարքավորումը շահագործել չհաջողվեց[24]։ CNET կայքում Գրեգ Սանդովալն արտահայտվել էր ծախսերի անհամաչափ բաշխաման մասին[Ն 1]։
2013 թվականին Շոուն Ֆեննինգը, Ամիր Հալեյմն ու Շոն Քերին հիմնադրեցին Helium Systems հարթակը։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է, որ ստացել է 16 միլիոն դոլար ներդրում Khosla վենչյուրային ընկերության կողմից, որին մասնակցել են մի շարք կազմակերպություններ և անհատներ, ինչպիսիք էն՝ FirstMark Capital, Digital Garage կազմակերպությունները, Մարկ Բենիոֆը, SV Angel Ռոն Քոնվեյը և փոքր վենչյուրներ՝ ի թիվս այլնի[26]։
2000 թվականին Շոուն Ֆեննինգը հանդես է եկել որպես MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության հաղորդավար։ Նա ներկայացավ Metallica ռոք խմբի վերնաշապիկով, այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ Metallica ընդդեմ Napster Inc դատական հայցն էր եղել։ Հետին պլանում նվագում էր «Ո՞ւմ համար է հնչում զանգը» (For Whom the Bell Tolls) երգը։ Հարցին, թե վերնաշապիկը որտեղից է վերցրել, Ֆեննինգը պատասխանել է. «Իմ ընկերներից մեկը դա կիսեց ինձ հետ»։ Դահլիճում նստած Լարս Ուլրիխն արձագանքել է կեղծ ձանձրույթ արտահայտող դեմքով[27][28]։
2000 թվականի հոկտեմբերին Շոուն Ֆեննինգը հրապարակվել է Թայմ ամսագրի շապկին[29]։
Շոուն 2003 թվականին նկարահանվել է Գողություն՝ իտալական ձևով ֆիլմում, որտեղ կամեո էպիզոդային դերում ինքն իրեն է խաղացել։ Ֆիլմում Սեթ Գրինի կերպար Լայլը մեղադրում է Ֆեննինգին իրենից Napster գողանալու համար, երբ ինքը քնած էր իրենց Հյուսիսարևելյան համալսարանի հանրակացարանի սենյակում։ Թեև մյուս կերպարները դա համարում են պարզապես պարծենկոտություն, մի տեսարանում երևում է, որ իրականում Ֆեննինգը սողալով անցնում է Լայլի քնած մարմնի վրայով և գողանում 3-1/2 ″ ճկուն սկավառակը։
2008 թվականի սկզբին Ֆեննինգը հայտնվեց Ռոման Կոպոլլայի Volkswagen գովազդային ֆիլմում, որտեղ հումորով է խոսում անցյալում ֆայլերի փոխանակման իր կատարած փորձի մասին[30]։
2013 թվականին Ալեքս Վինթեռի նկարահանած «Ներբեռնված» վավերագրական կինոնկարը Napster ֆայլափոխանակման ցանցի և նրա ստեղծողներ՝ Ֆեննինգի և Փարքերի մասին է[31]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոուն Ֆեննինգ» հոդվածին։ |
|