Շվեյցարացի Ռոբինզոնը գերմ.՝ Der Schweizerische Robinson | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն |
Հեղինակ | Johann David Wyss? |
Երկիր | Շվեյցարիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1812 |
The Swiss Family Robinson |
«Շվեյցարացի Ռոբինզոնը» (այլ անվանում՝ «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը»), մանուկների համար նախատեսված արկածային վեպ, որ գրվել է շվեյցարացի պաստոր, արձակագիր Յոհան Դևիդ Վիսի կողմից, ավարտին հասցվել ու խմբագրվել նրա որդու՝ Յոհան Ռուդոլֆ Վիսի կողմից և հրատարակվել գերմաներենով «Der schweizerische Robinson» (1812-1827) խորագրով։
Գիրքը պատմում է շվեյցարական ընտանիքի արկածների մասին, որը նավաբեկությունից հետո ստիպված է ապրել ամայի կղզում։
Գիրքը գրվել է առաջին դեմքով։ Շվեյցարացիների ընտանիքը, որ կազված է պաստոր հորից (որը պատմում է արկածների մասին), նրա կնոջից, չորս որդիներից՝ Ֆրից (16 տարեկան), Էռնստ (14 տարեկան), Յակոբ/Ջեք (12 տարեկան) և Ֆրանց (9 տարեկան), ինչպես նաև երկու դանիացիներից՝ Թուրոք և Բիլլ, ցանկանում են նոր կյանք սկսել Մոլուքյան կղզիներում։
Ավստրալիա գնալու ճանապարհին նավն ընկնում է փոթորկի մեջ և խորտակվում՝ բախվելով խութի Հնդկական օվկիանոսում։ Նավաբեկության ենթարկվածներն ստիպված են իրենց ընտանի կենդանիների և իրերի մի մասի հետ ափ իջնել արևադարձային ամայի կղզում։ Այնտեղ նրանք սովորում են աշխատել իրենց ունեցած գործիքներով ու կղզում գտած իրերով և օգտագործել դրանք իրենց կենցաղում։ Ընտանիքի անդամները տուն են կառուցում ծառի ճյուղերի վրա, սովորում որսալ ու ձուկ բռնել, պատրաստել տնտեսության մեջ անհրաժեշտ իրեր ձեռքի տակ եղած առարկաներից, պատրաստում են շաքար շաքարեղեգից և փորձում կառուցել նավ, որպեսզի հեռանան կղզուց, վարում են պարզ կյանք, որից ընդհանուր առմամբ գոհ են։
Տասը տարի անց կղզի է ընկնում նույնպես նավաբեկության ենթարկված անգլուհի Ջեննին։ Ռոբինզոնները նրանց ընդունում են իրենց ընտանիք։
Որոշ ժամանակ անց կղզուն է մոտենում բրիտանական նավ։ Ծնողներն իրենց երեխաների մի մասի հետ որոշում են մնալ և ապրել «Նոր Շվեյցարիայում» մինչև մահ։ Ֆրիցն ու Ֆրանցը բաժանվում են Ջեննիից և վերադառնում Եվրոպա։
Համարվում է, որ հեղինակին ոգեշնչել է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գիրքը, բայց Վիսը ցանկացել է գրել դաստիարակչական պատմություն իր երեխաների համար։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է գերմաներենով 1812 թվականին, անգլերեն թարգմանվել է երկու տարի անց։ Ոչ ամբողջական տարբերակի առաջին հրատարակությունից հետո, որը թարգմանվել է ֆրանսերեն (հավելումներով) և անգլերեն (նույնպես թեթևակի փոփոխված), Յոհան Ռուդոլֆ Վիսը 1827 թվականին հրատարակել է վերջնական տարբերակը չորս հատորով։ Գիրքն արագ ժողովրդականության է արժանացել նաև գերմանալեզու երկրներից դուրս։
Ժյուլ Վեռնը մանկությունից շատ է սիրել այդ վեպը և բոլոր «ռոբինզոնադաների» շարքում նրան հատկացրել է առաջին տեղը։ Ավելի ուշ Վեռնը որպես «Շվեյցարացի Ռոբինզոնի» շարունակություն գրել է իր «Երկրորդ հայրենիք» վեպը, ապա շարունակել է այդ թեման «Քեռի Ռոբինզոն» (1869-1870), «Ռոբինզոնների դպրոցը» (1882) վեպերում։
Որպես մեծ փորձ ունեցող ծովագնաց՝ անգլիացի գրող Ֆրեդերիկ Մարիետը վրդովված է եղել այն հանգամանքից, որ «Շվեյցարացի Ռոբինզոն» վեպում նավաբեկությունը ներկայացված է որպես ռոմանտիկական արկած, իսկ բնության դերը գրեթե հաշվի չի առնվում[1]։ Այդ պատճառով Մարիետը գրել է մանուկների համար նախատեսված «Մեծ օվկիանոսի» խորտակումը» վեպը՝ որպես պատասխան Վիսի վեպին[2]։
Գիրքը մի քանի անգամ էկրանավորվել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարացի Ռոբինզոնը» հոդվածին։ |
|