«Ո՛չ հարկահանությանը՝ առանց իշխանության մեջ ներկայացված լինելու» (անգլերեն՝ No taxation without representation), քաղաքական կարգախոս, որը ծագել է Ամերիկյան հեղափոխության և Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակաշրջանում։ Այս կարգախոսի միջոցով Հյուսիսային Ամերիկայի տասներեք բրիտանական գաղութները արտահայտում էին իրենց գլխավոր դժգոհություններից մեկը Բրիտանական կայսրության հանդեպ։ Նրանք գտնում էին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի սահմանած որևէ հարկ և տուրք հակասահմանադրական է, քանի դեռ ամերիկաբնակ գաղթականները ներկայացված չէին այդ խորհրդարանում։ Ուստի, խախտվում էին նրանց՝ որպես անգլիացիների հիմնարար ավանդական իրավունքները։
Անգլիական հեղափոխության ժամանակ հաստատվեց այն համոզմունքը, որ իշխանությունը չպետք է սահմանի հարկեր և տուրքեր բնակչության համար, եթե վերջինս որևէ կերպ ներկայացված տվյալ իշխանության մեջ։ Այս ավանդույթը հատկապես ամրագրվեց այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավոր Ջոն Հեմփդենը հրաժարվեց վճարել Չարլզ Ա թագավորի կամայականորեն սահմանած նավի փողի հարկը[1]։ Բրիտանական կայսրության ամերիկյան գաղութների համատեքստում «Ո՛չ հարկահանությանը՝ առանց իշխանության մեջ ներկայացված լինելու» կարգախոսն առաջին անգամ ի հայտ է եկել իբրև վերնագիր «London Magazine»-ի 1768 թվականի փետրվարի թողարկման մեջ, որտեղ տպագրվել էր խորհրդարանում լորդ Քեմդենի ունեցած ելույթը գաղութների հանդեպ Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը հռչակելու մասին օրինագծի վերաբերյալ[2]։ Բրիտանական կառավարությունը պնդում էր, որ խորհրդարանի պատգամավորները փաստացի ներկայացնում են ամբողջ ժողովրդին, անգամ եթե նրա մի մասը քվեարկության ճանաճապարհով չի ընտրում իր ներկայացուցչին խորհրդարան՝ իրեն ներկայացնելու համար։
Այս կարգախոսն այնուհետև լայնորեն օգտագործվել է հանուն իրենց քաղաքական ներկայացվածության կամ ընդդեմ զանազան հարկատեսակների պայքարող խմբերի, այդ թվում նաև կանանց, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի և Կոլումբիայի շրջանի ընտրական իրավունքների համար պայքարող և մի շարք այլ քաղաքական շարժումների կողմից։