Երկիր | ԱՄՆ |
---|---|
Տեսակ | գրադարան |
Հիմնվել է | 1915 |
Տեղադրություն | Մասաչուսեթս |
Այլ տվյալներ | |
Կայք | hcl.harvard.edu/libraries/widener/(անգլ.) |
Հարրի Էլքինս Ուայդեների հուշարձան - գրադարանը (անգլ․The Harry Elkins Widener Memorial Library), որը պարունակում է ավելի քան 3.5 միլիոն գրքեր իր "հսկա և քարայրանման"[1] գրապահոցներում, Հարվարդ Քոլլեջի Գրադարաններից (Հարվարդի Արվեստների և Գիտությունների ֆակուլտետի գրադարանները), և ընդհանրապես, ամբողջ Հարվարդի Գրադարանների Համակարգում ամենաշքեղն ու ամենաընդարձակն է։ Այն անվանվել է ի պատիվ Հարվարդի Քոլլեջի 1907թ․ շրջանավարտ և գրքերի կոլլեկցիոներ Հարրի Էլքինս Ուայդեների, և կառուցվել է իր մոր՝ Էլեանոր Էլքինս Ուայդեների կողմից այն բանից հետո, երբ իր որդին մահացավ 1912թ․՝ Տիտանիկի սուզման ժամանակ։
Գրադարանի ունեցվածքը, որն ընդգրկում է զանազան աշխատություններ ավելի քան հարյուր լեզվով, համարվում է "աշխարհի՝ հումանիտար և հասարակական գիտությունների հետազոտությունների ամենաամբողջական հավաքածուներից մեկը"[2]։ Գրադարանի 92 կիլոմետրանոց գրադարակները երեք մակարդակներում 8 կիոլմետրանոց միջանցքների հետ միասին կազմում են մի լաբիրինթոս, որը աշակերտը "երբեք չի կարող հաղթահարել առանց կողմնացույցի, սենդվիչի և սուլիչի"[3]։
Կառույցի կենտրոնում գտնվում են Ուայդեների Հիշատակին Նվիրված Սենյակները (The Widener Memorial Rooms), որոնք ոչ միայն Հարրի Ուայդեների կյանքի ու մահվան մասին հիշեցնող թղթեր և գրառումներ են պարունակում, այլ նաև Հարրի Էլքինս Ուայդեների Հավաքածուն[4]՝ "Միստր Ուայդեների կողմից հավաքված հազվագյուտ և հրաշալիորեն զարմացնող գրքերի խումբը", որոնց հետագայում ավելացվեց հազվագյուտ Գութենբերգի Աստվածաշունչերից մեկը–1969թ․ կողոպուտի փորձի նպատակը, որում կասկածվում է Հարվարդի անվտանգության պետը, ով ոգեշնչվել էր "Տոպկապի" (Topkapi) քրեական ֆիլմից։
Համալսարանական լեգենդները, ըստ որոնց՝ Հարրի Ուայդեների ճակատագիրը համալսարանին ստիպեց հաստատել լողալու հմտությունների պարտադիր իմացության պահանջ Հարվարդի Քոլլեջի ուսանողներից, և որ Հարրիի մոր կողմից հավելյալ նվիրատվությունը ֆինանսավորում է Հարվարդում ճաշի ժամանակ տրամադրվող պաղպաղակի ծախսերը, անհիմն են։
Քսաներորդ դարի սկզբին՝ արդեն մի քանի տարի շարունակ զանգերը ղողանջում էին Հարվարդի "ամոթալիորեն անհամապատասխան"[5] գրադարանի՝ Գոր Հոլի մասին, որի կառուցումն ավարտվել էր 1841թ․ (երբ Հարվարդը ուներ մոտ 44,000 գիրք) և այն ամբողջական էր հայտարարվել 1863թ․։ Գրադարանավար Ջասթին Ուինզորը իր 1892թ․ Տարեկան Զեկուցումը ամփոփում էր, հայտարարելով․ "Ես իմ նախկին զեկույցներում արդեն իսկ սպառել եմ անհանգստության և զգուշացման լեզուն՝ գրքերի և ընթերցասերների համար Գոր Հոլում առաջարկվող ամբողջովին անբավարար պայմանները նկարագրելով։ Յուրաքանչյուր տասներկու ամիս մեզ ավելի է մոտեցնում քաոսային վիճակի"։ Նրան նախորդող Արքիբալդ Քերի Քուլդիջը վստահեցնում էր, որ Բոստոնի Հասարակական Գրադարանը մասնագիտական թեզ գրելու համար ավելի լավ վայր էր։ Չնայած 1876թ․ և 1907թ․ իրականացված էական հավելումներին[6], 1910թ․ ճարտարապետների մի հանձնաժողով Գորը որակեց այսպես․
անապահով [և] իր նպատակին չհամապատասխանող…ոչ մի տեսակի վերանորոգում չի կարող այն դարձնել ավելի լավ իրականում…անհուսորեն մարդկանցով լեփ–լեցուն…խոնավանում է, երբ առատ անձրև է տեղում…անտանելիորեն շոգ ամռանը…գրքերը դրվում են երկու շարքով և հազվադեպ չի պատահում, որ դրվում են մեկը մյուսի վրա, կամ, ընդհանրապես, գետնին…[7]
Երբ ննջասրահները սկսեցին օգտագործվել որպես պահեստներ Հարվարդի չափից շատ[8]՝ 543,000 գրքերի համար[9], հանձնաժողովը առաջարկեց Գորի փոխարինումը՝ փուլային տարբերակով։ Էնդրյու Քարնեգին փորձեց ֆինանսական աջակցություն տրամադրել համալսարանին այս նախագծի համար, սակայն այդ պլանը ձախողվեց։
1912թ․ Հարրի Էլքինս Ուայդեները, ով հանդիսանում էր ոչ միայն Ամերիկայի ամենահարուստ ընտանիքներից երկուսի ժառանգորդը, այլ նաև 1907թ․ Հարվարդի Քոլեջի շրջանավարտ էր և կայացած մատենասեր՝ չնայած իր երիտասարդ հասակին, մահացավ Տիտանիկ նավի սուզման ժամանակ։ Իր հայրը՝ Ջորջ Դանթոն Ուայդեները նույնպես շուտով մահացավ, սակայն մայրը՝ Էլեանոր Էլքինս Ուայդեները, գոյատևեց։
Հարրի Ուայդեներն իր կտակում թելադրում էր իր մորը, որ երբ "նրա կամքով Հարվարդի Համալսարանը քայլեր ձեռնարկի՝ իր գրքերի հավաքածուն լավ խնամելու համար…նա այդ հավաքածուն նվիրի նշված Համալսարանին, և այն կոչվի Հարրի Էլքինս Ուայդեների Հավաքածու"[10]։ Բացի այդ, նա իր մահվանից ոչ շատ առաջ ասել էր ընկերոջը․ "Ես ցանկանում եմ հիշվել՝ կապված մի մեծ գրադարանի հետ, [բայց] ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կկատարվի"[11]։
Իր որդու ցանկությունը իրականացնելու համար Էլեանոր Ուայդեները սկզբում մի կարճ ժամանակ մտածում էր մեծացնել Գոր Հոլը իր իսկ միջոցներով, սակայն հետագայում որոշեց դրա փոխարեն կառուցել ամբողջովին նոր և շատ ավելի մեծ մի գրադարան–"մի հավերժական հուշարձան"[12] Հարրի Ուայդեներին, որը կընդգրկեր ոչ միայն որ որդու հավաքածուն, այլ նաև Հարվարդի հիմնական գրադարանի պարունակությունը[13]՝ դրա հետ մեկտեղ ազատ տեղ տրամադրելով գրադարանի ընդարձակման համար[14]։ Համաձայն Բիելի՝ մինչև Տիտանիկի սուզումը արված գրառումների՝ " [Հարվարդի ճարտարապետների] հանձնաժողովի Beaux Arts (բառացի՝ գեղեցիկ արվեստ) նախագիծը [Գոր Հոլի պլանավորված փոխարինման համար], իր համաչափությամբ և վիթխարիությամբ, առաջարկում էր հոյակերտություն՝ անմահացնելով ամենաբացառիկը՝ ժամանակակից համալսարանի ցանկությունը"։ Իսկ Տիտանիկի ողբերգությունից հետո , ըստ նրա, "բարեհամբույր բանակցությունների միջոցով [Հարվարդը] համոզեց Էլեանոր Ուայդեներին, որ ամենապերճախոս մեծարումը դեպի Հարրին կլիներ մի ամբողջական գրադարանը, այլ ոչ թե հազվագյուտ գրքերի մի կապոցը"[12]։
Իր ընծային Էլեանոր Ուայդեները կցեց նաև մի քանի նախապայման, ներառյալ այն, որ կառույցի ճարտարապետները պետք է լինեին Հորաս Թրամբաուեր և Գործընկերներ ֆիրմայից, ովքեր կառուցել էին մի շարք առանձնատներ և՛ Էլքինների, և Ուայդեներների համար։ "Միսս Ուայդեները Համալսարանին չի տրամադրում գումար՝ նոր գրադարան կառուցելու համար, սակայն առաջարկել է կառուցել գրադարան, որի արտաքին տեսքը կբավարարի իրեն", իր անձնական հուշերում գրել է Հարվարդի Նախագահ Էբոթ Լոուրենս Լոուելը։ " Շենքի արտաքին տեսքը նրա անձնական ընտրությունն էր, և նա էր որոշում ճարտարապետական կարծիքները"[15]։ Հարվարդի պատմագետ Ուիլյամ Բենթինք–Սմիթը գրել է, որ
[Հարվարդի պաշտոնյաների] համար Միսս Ուայդեները հաճելի և առատաձեռն կին էր, ում հարստությունը, ուժը և հեռավորությունը նրան դարձնում էին ոչ այլ ինչ, քան մի սարսափազդու կերպար, ում մեջ պետք չէր վրդովեցնել կամ վիրավորել։ Սակայն երբ [կառուցումը] սկսեց, բոլոր ֆինանսական գործարքները դոնորի անձնական հարցերն էին, և Հարվարդում ոչ ոք երբևէ չիմացավ կառույցի իրական արժեքը։ Ըստ Միսս Ուայդեների այն 2 միլիոն ԱՄՆ դոլլար էր, [բայց] կա վարկած, որ ծախսերն անցնում էին 3.5 միլիոնը։
Չնայած Հարվարդը Թրամբաուերին պարգևատրեց պատվո աստիճանով նոր գրադարանի բացման արարողության ժամանակ, շենքի արտաքին դիզայնի ամբողջ պատասխանատվությունը Թրամբաուերի գործընկեր Ջուլիան Ֆ․ Աբելի ուսերին էր, որը մեծ մասամբ հետևեց հանձնաժողովի ուրվագծին (չնայած հանձնաժողովի նախագծած կենտրոնում գտնվող շրջանառության սենյակը նա տեղափոխեց շենքի հյուսիս–արևելյան մաս, թողնելով շենքի ամբողջ հպարտությունը կենտրոնում գտնվող Հիշատակի Սենյակներին)։
Այն բանից հետո, երբ Գոր Հոլը վերածվեց "քարի և աղբի դեզի" ճանապարհ բացելու նպատակով[16], հիմքը սկսեց փորվել 1913թ․ փետրվարի 12–ին, և անկյունաքարը դրվեց հունիսի 16–ին։ Հետագայում այդ տարի օրական դրվում էր մոտ 50,000 քար։
Գտնվելով Հարվարդի "աշխարհագրական և ինտելեկտուալ սրտում"[17]՝ Երեքհարյուրամյա Թատրոնի անմիջապես մյուս կողմում, որտեղ է Հուշահամալիր–Եկեղեցին[18][19], Ուայդեների գրադարանը խոռոչավոր ուղղանկյուն է՝ կառուցված "Հարվարդի աղյուսներից և զարդարված Ինդիանայի կրաքարից զարդանկերներով"[20], 76 x 61 x 24 մ բարձրությամբ, զբաղեցնում է 30,000մ2 տարածք[17], "դիմացի մասում առկա է Կորնթոսյան խոյակներով զարդարված վիթխարի սյուներից կազմված մի սյունաշարք․ սյուներից յուրաքանչյուրը վեր է խոյանում Վաշինգտոնում գտնվող Կապիտոլիումը չգերազանցող և չպատվազրկող աստիճանաշարքի վերջում"։ Որոշ աղբյուրներ կառույցի ոճը գնահատում են որպես Beaux-Arts, Ջորջիական[21], Հելլենական[22], կամ "խիստ, ձևական կայսերական (կամ կայսերական և կլասիկ), որը նմանակում է Իրավագիտության Դպրոցի Լենգդելլի Դահլիճի և Բժշկական Դպրոցի Քառանկյան[23] ոճը։
Շենքի արևելյան, հարավային և արևմտյան թևերում են գտնվում գրադարակները, մինչդեռ հյուսիսայինում են գտնվում ադմինիստրատիվ գրասենյակները և կարդալու համար նախատեսված զանազան սենյակներ, ներառյալ Գլխավոր Կարդացողության Սենյակը (հիմա՝ Լոքերի Կարդացողության սենյակ), որը, ձգվելով ամբողջ կառույցի երկայնքով, և տարածվելով մոտ 13մ և՛ խորությամբ, և՛ բարձրությամբ, ճարտարապետական պատմաբան Բեյնբրիջ Բանթինգի կողմից բնութագրվել է որպես "Հարվարդի ներսում ամենացուցադրական մաս"[24]։ Ամենավերին հարկը, որը կազմված է գրադարակների հենքերից, պարունակում է երեսուներկու սենյակներ՝ հատուկ հավաքածուների, հետազոտությունների, գրասենյակերի, սեմինարների համար[25]։
Հիշատակի սենյակները գտնվում են շենքի կենտրոնում՝ սկզբնապես երկու միջանցքանման սենյակների միջև (8.5 x 33 մ), որոնք հիմա կցված են իրար՝ որպես հավելյալ կարդացողության սենյակներ։
Կառույցի բացումը տեղի ունեցավ 1915թ․ հունիսի 24–ին՝ Ավարտական Հանդիսության պարձերից անմիջապես հետո։ Լոուելը և Քուլդիջը աստիճաններով բարձրացան դեպի գլխավոր մուտք, որտեղ Էլեանոր Ուայդեները նրանց հանձնեց կառույցի բանալիները։ Պաշտոնապես նոր գրադարան բերված առաջին գիրքը Ջոն Դաունեյմի "Քրիստոնեական պայքերը ընդդեմ սատանայի, աշխարհի և մարմնի" աշխատության 1634թ․ հրատարակությունն էր, որը համարվում էր 1636թ․ Ջոն Հարվարդի կողմից համալսարանին նվիրված և 1754թ․ Հարվարդի Դահլիճի հրդեհից փրկված միակ հատորը։
Հիշատակի Սենյակներում, եպիսկոպոս Ուիլյամ Լոուրենսի օրհնությունից հետո, դրվեց Հարրի Ուայդեների դիմանկարը, և դրան հաջորդեցին գնահատականները՝ արված Հենրի Քեբոթ Լոդջի (ով խոսում էր "Մեծ Գրադարանի Իմաստի" ժամանակ՝ Էլեանոր Ուայդեների անունից) և Լոուելի ("Տարիներով մենք երազել ենք մի գրադրանի մասին, որը կծառայի իր նպատակին, բայց երբեք հույս չենք ունեցել տեսնել այսպիսի մի գրադարան") կողմից։ Ապա (ասվում է Բոստոն Իվնինգ Տրենսքրիփթում ) "դռները բացվեցին, և ոչ միայն բակալավրները, այլ նաև մագիստրանտները ունեցան այս կարևոր համալսարանական ձեռքբերման գեղեցկությունները և հարմարանքները տեսնելու հնարավորությունը"։
"Ես հույս ունեմ, որ այն կդառնա Համալսարանի սիրտը,", այնուհետև ասաց Էլեանոր Ուայդեները, "Հարվարդը մեծ համալսարան դարձնող հետաքրքրությունների կենտրոնը"։
Կենտրոնական Հիշատակի Սենյակները–արտաքին շրջանաձև սենյակը[26], որը պարունակում է Հարրի Ուայդեների կյանքի և մահվան մասին[27] հիշեցնող հուշաիրեր, և ներքին Գրադարանը, որում առկա են նրա կողմից հավաքված 3300 գրքերը, բացումից քիչ անց Բոսթոն Սանդեյ Հերալդի կողմից բնութագրվել են այսպես․
[Սենյակը], բացառությամբ գմբեթավոր տանիքից, ամբողջովին Ալաբամայի մարմարից է պատրաստված, ունի փորագրված սյուներ, [մինչդեռ Գրադարանը] ամբողջովին պատրաստված է Անգլիայում քանդակված անգլիական կաղնու փայտով; բարձր գրադարակները ապահովված են ապակե դարակներով և բրոնզե շրջանակներով, պատուհանների դիմաց կախված են ծանր վարագույրներ [և] նստարանների դիմաց ծաղկամաններ են՝ լցված ծաղիկներով։
Մեծ մարմարյա բուխարին և Հարրի Ուայդեների դիմանկարը զբաղեցնում են հարավային պատի մեծ մասը։ Բուխարու առաջ կանգնելով կարող եք հայացք գցել դռան բացվածքներով կազմված անցուղով, դրա ներսում և դրսում գտնվող աստիճանավանդակների ուղղությամբ և տեսնել կանաչ կամպուսը։
Հակառակը՝ "անգամ [շենքի] մուտքի հենց դիմացից կարող եք տեսնել հեռվում երևացող Հարրի Ուայդեների դիմանկարը [Հիշատակի Սենյակների] դիմացի պատին, եթե հարմար պահի եք եկել և դիմացի դռները բոլորը բաց են"[25][28]։
Մի քանի տարի Էլեանոր Ուայդեները Ավարտական Արարողությունների ժամանակ պաշտոնական ճաշկերույթները անց էր կացնում Հիշատակի Սենյակներում[16]։ Ներկայումս ընտանիքը զբաղվում է Սենյակների թարմացմամբ և վերանորոգմամբ, ներառյալ սենյակներում գտնվող ծաղիկների շաբաթական թարմացումը[29]–որոնք սկզբնապես վարդեր էին, սակայն հիմա՝ մեխակներ։
Նոր շենքի (որը այն ժամանակ անվանվեց որպես գրադարանակառուցման ոլորտում վերջին խոսք[30]) հարմարավետությունները ներառում էին հեռախոսները, օդամուղ խողովակները, գրքերը բարձրացնող և տեղափոխող սարքերը, վերելակները[31], ճաշասենյակը և փոքրիկ խոհանոցը, որը նախատեսված էր "անձնակազմի կանանց համար"[32]։ Շենքի գրադարակաշարերի արտադրողին բնութագրող հայտարարությունները ընդգծում էին դրա "մուգ շագանակագույն էմալապատ գեղեցկությունը, ներդաշնակելով կաղնու փայտի վրա արված նախշերի հետ"[33], և հատուկ փոխարինելի ստանդարտ և ավելի մեծ գրադարակները, որոնք ապահովում էին, որ նույն թեմային վերաբերող գրքերը դասավորվեին իրար մոտ՝ անկախ իրենց չափերից։
Գրադարանական Ամսագիրը "ոչ այնքան հետաքրքիր գտավ ընդարձակ և բարձր կարդալու համար նախատեսված սենյակները", որքան գրադարակների հենց դիմաց փոքր սեղաններ դնելու նորամուծությունը[34], որը արտահայտում էր Լոուելի ցանկությունը՝ "գրադարակների հսկայական ռեսուրսները ուսանողին ավելի մոտ դարձնելու, միավորելով գրքերն ու կարդացողներին մի մտերմությամբ, որը տասնիններորդ դարի ["փակ գրադարակների" կառուցվածքով գրադարաններին] այնքան էլ բնորոշ չէր"։(Յոթանասուն աշխատությունների համար մղված պայքարը իրենից ներկայացրեց շատ երկարատև ադմինիստրատիվ գլխացավանք։)
Այնուամենայնիվ, մի քանի թերություններ հետագայում ի հայտ եկան։ Օդափոխության ամենատարրական համակարգը մի քանի ամսից սկսեց չաշխատել։ "Ավելի լավ սանհանգույցային հարմարությունների պահանջը [գրապահոցներում] մեզ համար դարձել է լուրջ խնդիր և հանգեցրել մի շարք տհաճ պատահարների," 1918թ․ գրել է Ուայդեների գրադարանի վերակացուն՝ Ֆրենկ Քարնին։ Եվ Քուլդիջը գրել է Ջ․Փ․Մորգան–ին․ "Այն փաստը, որ մենք ունենք ընդամենը 300 [սեղաններ գրապահոցներում], որոնք այստեղ եկող գիտնականին կամ հետազոտողին տալիս են անհարմար պայմաններ գործելու համար, և այն, որ այս հարմարությունները օգտագործելու համար նրանք իրենց հետ պետք է բերեն սեփական աթոռը և էլեկտրական լամպը, բավական նվաստացուցիչ են։"(Մեկ շաբաթ անց Քուլդիջը կրկին գրել է․ "Ձեր շատ առատաձեռն նվերը [օգնեց] ինձ դուրս գալ ամենահուսահատ վիճակից։")
Հետագայում կառուցված թունելները կապվում են հարակից Փյուզիի, Լամոնտի[35] և Հոութոնի[36] գրադարանների հետ։ Կցված կամուրջը, որը կապում էր գրադարանը Հոութոնի ընթերցասրահի հետ և կառուցվել էր այն բանից հետո, երբ Էլեանոր Ուայդենենրի ժառանգները որոշեցին չեղյալ համարել նրա արգելքը՝ շենքին արտաքին հավելումներ կամ փոփոխություններ անելու վերաբերյալ, քանդվեց 2004թ․[37]։ (Հոութոնը և Լամոնտը կառուցվել էին 1940–ականներին՝ թեթևացնելու Ուայդեների ծանրաբեռնվածությունը[38], որը միաժամանակ դարձել էր և՛ շատ փոքր (գրապահոցները լցված էին)[39], և՛ շատ մեծ (գրադարանի հսկայական չափսերը և խճճված գրացուցակները գրքերը գտնելը դարձրել էին շատ բարդ գործ։) Սակայն Հարվարդի գրքերի հավաքածուները, որոնք կրկնապատկվում էին ամեն 17 տարին, 1965թ․ կրկին հանգեցրին Ուայդեների ծանրաբեռնմանը[40], որին հաջորդեց Փյուզիի կառուցումը։)
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)