Ուիլյամ Էլֆինստոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1431[1][2][3] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1514 |
Մահվան վայր | Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Գլազգոյի համալսարան և Փարիզի միջնադարյան համալսարան |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, դիվանագետ և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատատու | Փարիզի միջնադարյան համալսարան և Օռլեանի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Շոտլանդիայի խորհրդարանի անդամ, bishop of Ross, Scotland? և Roman Catholic Bishop of Aberdeen? |
![]() |
Ուիլյամ Էլֆինստոն (1431[1][2][3], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա - հոկտեմբերի 25, 1514, Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), շոտլանդացի պետական գործիչ, Աբերդինի եպիսկոպոս ու Աբերդինի համալսարանի հիմնադիր[5]։
Էլֆինստոնը ծնվել է Գլազգոյում։ Հայրը, նույնպես Ուիլյամ Էլֆինստոն, հետագայում դարձել է Գլազգոյի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի առաջին դեկանը։ Ենթադրվում է, որ մայրը հավանաբար Մարգարեթ Դուգլասն է եղել՝ Դրամլանռիգի առաջին կալվածատեր Ուիլյամ Դուգլասի դուստրը[6]։ Ուիլյամ Էլֆինստոն կրտսերն ուսում է առել Գլազգոյի ավագ դպրոցում, հետո նաև Գլազգոյի համալսարանում՝ 1452 թվականին ստանալով արվեստի մագիստրոսի կոչում։ Կարճ ժամանակով եկեղեցում որպես իրավաբան աշխատելուց հետո քահանա է ձեռնադրվել ու 1465 թվականին դարձել Գլազգոյի Թրոնգեյթ փողոցում գտնվող սբ․Միքայել եկեղեցու քահանան։ Չորս տարի անց մեկնել է Փարիզի համալսարանում ուսումը շարունակելու, այնտեղից տեղափոխվել Օռլեան ու տեղի համալսարանի դասախոս դարձել[5]։
1474 թվականից առաջ վերադարձել է Շոտլանդիա, նշանակվել Գլազգոյի համալսարանի ռեկտոր ու Գլազգոյի մայր աթոռի պաշտոնյա։ Հաջորդել են հետագա առաջքաշումներ, բայց շուտով նրան ավելի կարևոր պարտականություններ են հանձնարարվել․ 1481 թվականին Էլֆինստոնը դարձել է Ռոսսի եպիսկոպոս։ Նա Շոտլանդիայի պառլամենտի անդամ էր, ու թագավոր Ջեյմս III-ը նրան դիվանագիտական առաքելություններով ուղարկել է Ֆրանսիայի թագավոր Լուի XI-րդի ու Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի մոտ։ 1483 թվականին նշանակվել է Աբերդինի եպիսկոպոս, չնայած իր օծումը հետաձգվել է չորս տարով, առաքելությամբ Անգլիա է ուղարկվել 1485 թվականին թագավոր Ռիչարդ III-ի մահից և՛ առաջ, և՛ հետո[5]։
Չնայանծ նա կանոնավոր կերպով հաճախում էր պառլամենտի նիստերին, իրականացնում էր նաև եպիսկոպոսական պարտականությունները։ 1488 թվականի սկզբին նշանակվել է Շոտլանդիայի լորդ-կանցլեր, բայց հաջորդ տարվա հունիսին թագավորի մահից հետո հրաժարվել է պաշտոնից ու վերադարձել Աբերդին։ Նոր թագավոր Ջեյմս IV-ը զգացել է որպես դիվանագետ նրա ծառայությունների անհրաժեշտությունը, ու միապետի անունից Էլֆինստոնն այցելել է Անգլիայի ու Ֆրանսիայի թագավորներին, ինչպես նաև Գերմանիայի թագավոր Մաքսիմիլիան I-ին[5]։
1492 թվականին նշանակվել է Շոտլանդիայի կնիքի պահապան, հարթել շոտլանդացիների ու դանիացիների միջև վեճը և իր կյանքի վերջին տարիները նվիրել Աբերդինի համալսարանի հիմնադրմանը։ 1494 թվականին ձեռք է բերվել պապական հրովարտակը, իսկ 1498 թվականին՝ արքայական հրովարտակով Աբերդինը ճանաչվել է համալսարանի հիմնադրման վայր։ Թագավորը փոքրիկ նվիրաբերություն է արել։ Համալսարանը ստեղծվել է Փարիզի համալսարանի օրինակով ու նախատեսված էր հիմնականում որպես իրավագիտական հաստատություն, սակայն կարճ ժամանակում հատկապես Էլֆինստոնի ու իր ընկերոջ՝ առաջին ռեկտոր Հեկտոր Բոիսի հեղինակության շնորհիվ դարձել է ամենահայտնի ու սիրված ուսումնական կենտրոնը։ Արքայական քոլեջի կառուցումն ավարտվել է 1506 թվականին։ Էլֆինստոնը կառուցել է նաև սբ․ Մաչառ տաճարի կենտրոնական աշտարակը և ֆինանսավորել Դի գետի վրայով անցնող առաջին քարե կամրջի շինարարությունը։ Շարունակելով մասնակցել հասարակական գործերին՝ դեմ էր անգլիացիների նկատմամբ թշնամության քաղաքականությանը, որը 1513 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Ֆլոդենի ճակատամարտին։ Մահացել է Էդինբուրգում[5]։
Էլֆինստոնը նաև մասամբ պատասխանատու է Շոտլանդիա տպագրության ներմուծման, ինչպես նաև «Աբերդինյան գրառումներ» գրքի ստեղծման համար։ Հնարավոր է, որ գրքի որոշ հատվածներ ինքն է գրել ու Շոտլանդիայի պատմության վերաբերյալ նյութեր հավաքել[5]։
Նախորդող՝ Ջոն Վոդման |
Ռոսսի եպիսկոպոս 1481–83 |
Հաջորդող՝ Թոմաս Հեյ |
Նախորդող՝ Ռոբերտ Բլեքադեր (չօծված) Թոմաս Սպենս |
Աբերդինի եպիսկոպոս 1483–1514 |
Հաջորդող՝ Ալեքսանդր Գորդոն & Ռոբերտ Ֆորման (չօծված) Գեյվին Դանբար |
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող՝ Արջիլի 1-ին կոմս |
Շոտլանդիայի լորդ-կանցլեր 1488 թ․ (փետ․–հունիս) |
Հաջորդող՝ Արջիլի 1-ին կոմս |
Նախորդող՝ Ջոն, սբ․Էնդրյուսի քահանա |
Շոտլանդիայի մասնավոր կնիքի պահապան 1500 թ․–07 թ․ |
Հաջորդող՝ Ալեքսանդր Գորդոն |