Ուիլյամ Քոլփագ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1918 |
Ծննդավայր | Նիանթիք, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 16, 2005 (86 տարեկան) |
Մահվան վայր | Փաոլի, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա |
Մասնագիտություն | հետախույզ և able seaman |
Ուիլյամ Քյորթիս Քոլփագ (անգլ.՝ William Curtis Colepaugh, մարտի 25, 1918, Նիանթիք, Նյու Լոնդոն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 16, 2005, Փաոլի, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ԱՄՆ քաղաքացի, որը դարձել էր գերմանական լրտես, իսկ այնուհետ, հատուկ առաջադրանք կատարելու համար իր գործընկերոջ հետ ժամանելով Միացյալ Նահանգներ, հանձնվել է ամերիկյան իշխանություններին։ Նրա կրկնակի լրտես լինելը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Ատլանտյան օվկիանոսում էական ազդեցություն է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողությունների վրա։
1943 թվականին ծառայությունից ազատվելուց հետո՝ 1944 թվականին առևտրանավով փախել է Նացիստական Գերմանիա, որը կանգ էր առել Լիսաբոնում[1]։ Քոլփագն այցելում է գերմանական հյուպատոսություն և ուսուցում անցնելով բռնազավթված Հաագայում, դառնում գերմանական լրտես[1][2]։
Լրտեսական դպրոցում Քոլփագին սովորեցրել են օգտվել հրազենային զենքերի տարբեր տեսակներից և տիրապետել գործնական տարբեր հմտությունների, որոնք անհրաժեշտ էին լրտեսության համար[2]։ Վերապատրաստումից հետո Քոլփագը գերմանացի լրտես Էրիխ Գիմպելի հետ միասին U-1230 սուզանավով վերադարձել է Միացյալ Նահանգներ և 1944 թվականի նոյեմբերի 29-ին ափ իջել Մեն ծոցի Հենքոք Փոինթ քաղաքում։ Նրանց հանձնարարված տեխնիկական տեղեկատվություն հավաքել ԱՄՆ ռազմական օբյեկտների վերաբերյալ։ Նրանք նաև պետք է ներթափանցեին ամերիկյան գերգաղտնի Մանհեթենյան նախագիծ ու ստեղծեին դիվերսիոն խմբեր՝ սաբոտաժի գործողություններ իրականացնելու համար[1][2]։
Քոլփագն ու Գիմպելը ուղևորվում են Բոստոն, իսկ այնուհետ գնացքով շարժվում դեպի Նյու Յորք։ Շուտով Ուիլյամը որոշում է թողնել գործողությունը, և երբ այցելում է իր հին ընկերներից մեկին, որի հետ միասին սովորել էր համալսարանում, ամեն ինչ պատմում է նրան։ Վերջինս Ուիլյամ Քոլփագին խորհուրդ է տալիս դիմել Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Քոլփագը ՀԴԲ-ին է ներկայացնում Գիմպելի մանրամասն նկարագրությունը, ինչն ավելի ուշ օգնում է ձերբակալել վերջինիս[2]։
Նրանց ձերբակալությունից հետո, գլխավոր դատախազի ցուցմամբ, գերմանական նախկին լրտեսները փոխանցվում են ամերիկյան ռազմական իշխանություններին։ 1945 թվականի փետրվարին լրտեսները կանգնում են դատարանի առաջ[2]։ Նրանք մեղավոր են ճանաչվում և դատապարտվում մահապատժի, սակայն այդ դատավճիռը նախագահ Հարրի Թրումանի հրամանով փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ[1]։ 15 տարի մնալով ազատազրկման մեջ՝ Քոլփագը 1960 թվականին դուրս է գալիս բանտից[3]։
Իր ազատ արձակումից հետո Քոլփագը տեղափոխվում է Փենսիլվանիա նահանգի Քինգ օֆ Փրաշա բնակավայր, որը գտնվում է Ֆիլադելֆիայի մոտ։ Այնտեղ Քոլփագը սկսում է աշխատել տպարանում։ Հետագայում նա սկսում է զբաղվել տարբեր բիզնեսներով, վաճառում էր պահարաններ, սեղաններ, սննդամթերք։ Ամուսնացել և ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ[1]։ Ուիլյամ Քոլփագը մահացել է 86 տարեկան հասակում՝ 2005 թվականի մարտի 16-ին՝ Ալցհայմերի հիվանդության բարդությունից[4]։