Ուինթրոփ Նելսոն Ֆրենսիս | |
---|---|
Ծննդյան անուն | Ուինթրոպ Նելսոն Ֆրենսիս |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1910 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենիսիլվանիա |
Վախճանվել է | հունիսի 14, 2002 |
Վախճանի վայր | Փրովիդընս, Ռոդ Այլընդ |
Մասնագիտություն | գրող, պրոֆեսոր, լեզվաբան |
Ազգություն | ամերիացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Բրաունի համալսարան |
Ժանրեր | գիտական |
Ուշագրավ աշխատանքներ | Բրաունյան Կորպուս |
Աշխատավայր | Բրաունի համալսարան |
Ամուսին | Էն Ֆանկհաուզըր, Նիըլեյն Բըրքլի |
Զավակներ | 3 |
Ուինթրոփ Նելսոն Ֆրենսիս (հոկտեմբերի 23, 1910[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 14, 2002[1], Փրովիդենս, ԱՄՆ), բանասիրական գիտությունների թեկնածու, ամերիկացի գիտնական, լեզվաբան, պրոֆեսոր։ Նա եղել է Ֆրանկլինի և Մարշալի քոլեջի ու Բրաունի համալսարանի դասախոսական կազմի անդամ՝ մասնագիտացումը անգլերեն և կորպուսային լեզվաբանություն։ Հայտնի է տեքստային կորպուսին առնչվող «Brown University Standard Corpus of Present-Day American English» աշխատությամբ, ինչը նա ավարտին է հասցրել Հենրի Կուչերայի հետ միասին։
Ուինթրոփ Նելսոն Ֆրենսիսը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 23-ին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։ Ծնողները ծագումով Նոր Անգլիայից էին։ Մայրը մանկությունն անց է կացրել Մենի Քալեյ քաղաքում, հաճախել է Ուելսլի քոլեջը, այնուհետև դասավանդել Բոստոնի պետական դպրոցում նախքան Ֆրենսիսի հոր հետ ամուսնանալն ու Ֆիլադելֆիա տեղափոխվելը։ Ուինթրոփի հայրը՝ Ջոզեֆ Սիդնի Ֆրենսիսը[2], մաթեմատիկոս և ինժեներ էր։ Ֆրենսիսի մանկությունն անցել է Ֆիլադելֆիայի Ջերմընթաուն բնակավայրում, որտեղ նա հաճախել է Չարլզ Հենրի ու Փեն Չարթերի դպրոցները[3]։
1931 թվականին Ֆրենսիսը Հարվարդի համալսարանում բակալավրի աստիճան է ստացել, որտեղ մասնագիտացել է գրականության մեջ՝ ուսումնասիրելով անգլերեն, հունարեն, լատիներեն ու ֆրանսերեն[4]։ Ավելի ուշ ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ 1937 թվականին նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում՝ անգլերեն մասնագիտությամբ։ Նրա թեկնածուական աշխատանքը վերաբերում էր 14-րդ դարի միջնադարյան անգլերեն տեքստերի ուսումնասիրությանը, որը խմբագրված էր իր կողմից և որում ներկայացված էր տեքստային խմբագրման վերաբերյալ ծավալուն ներածություն։ 1939 թվականին պրոֆեսոր և միջնադարյան անգլերենի հետազոտող Քարլըթոն Բրաունը կարդում է Ֆրենսիսի ատենախոսությունն ու իր հետ Անգլիա տանելով՝ այն ներկայացնում «the Early English Text Society»-ի կողմից կազմակերպված Մեյբլ Դեյի շրջանակներում։ 1942 թվականին Օքսֆորդի համալսարանական լրագրում հրատարակվում է նրա աշխատությունը[3][4]։
Փենսիլվանիայի համալսարանն ավարտելուց հետո Ֆրենսիսը դասախոսել է Ֆրանկլինի ու Մարշալի համալսարանում, որտեղ անգլերեն է դասավանդել։ 1957 թվականին գլխավորել է ֆակուլտետի կոմիտեն՝ վերանայելով քոլեջի ուսումնական պլանը։ Հաջորդ տարում նա ստանձնել է Անգլերենի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Առաջին գիրքը՝ «The Structure of American English»-ը հրատարակվել է 1958 թվականին[4]։ Իր հետազոտական աշխատանքն անգլերենի բազմազանության վերաբերյալ ներառում էր «the Early English Text Society»-ի 14-րդ դարի «Book of Vices and Virtues» գրքի վերակազմումը, գրումն ու խմբագրումը։ Ֆրենսիսին շնորհվել է Ֆուլբրայթ հետազոտական կրթաթոշակ։ Նորֆոքում (Անգլիա) 1956-1957 թվականներին անգլերենի բարբառների առնչությամբ նախագծի շրջանակներում զբաղվել է հետազոտությամբ, որն իրականացվում էր Լիդսի համալսարանում[4]։
1962 թվականին աշխատանքի է անցնում Բրաունի համալսարանում, որպես լեզվաբանության ու անգլերենի պրոֆեսոր[3]։ 1964 թվականին Բրաունի համալսարանում և Թուգալուի քոլեջում լեզվական համատեղ նախագծի վրա է սկսում աշխատել, որը շարունակվում է մինչև 1968 թվական։ Նախագիծը լեզվաբանական սկզբունքներ է կիրառում Թուգալուի քոլեջի աֆրոամերիկացի առաջին կուրսեցիների ստանդարտ ամերիկյան անգլերենի դասընթացի ոսումնական պլանի համար[4]։ Նախագծի ավարտից հետո Ֆրենսիսը ղեկավարում է լեզվաբանության ամբիոնը՝ պաշտոնավարելով մինչև 1976 թվականը[3]։ Թեպետ նա պաշտոնապես թոշակի է անցել թոշակառու պրոֆեսորի կոչումով, Ֆրենսիսը շարունակում էր դասավանդել պատմահամեմատական լեզվաբանություն և կրթել ուսանողներին։ 1987 թվականին նշանակվում է Բրաունի համալսարանի Ճանաչողական ու լեզվաբանական գիտությունների նորաստեղծ ամբիոնի վարիչ։ Վերջին անգամ դասախոսել է Բրաունում 1990 թվականին։
Բրաունի համալսարանի ֆակուլտետին միանալուց հետո Ֆրենսիսը հաշվողական լեզվաբանության ոլորտից ուսումնառություն է ստացել Հենրի Կուչերայի կողմից, ով դասավանդում էր որպես Սլավոնական ամբիոնի աշխատակազմի անդամ։ 1960-ականների սկզբին Ֆրենսիսն ու Կուչերան համագործակցում են, որպեսզի ստեղծեն ամերիկյան անգլերենի մեկ միլիոն բառապաշար ունեցող հարթակ, որն անվանվեց «Brown Standard Corpus of Present-Day American English», հայտնի որպես՝ Բրաունյան Կորպուս։ Աշխատանքն ավարտին է հասցվել 1963-1964 թվականներին՝ օգտվելով գրքերից, թերթերից, ամսագրերից և այլ գիտական ու գեղարվեստական աշխատանքների խմբագրված աղբյուրներից, որոնք հրատարավվել են 1961 թվականին։ Վերջնական խմբագրումներն ավարտելուն պես Բրաունյան կորպուսը հրատարակվում է 1964 թվականին։ Կորպուսի յուրաքանչյուր բառ պիտակավորված է ըստ խոսքիմասային պատկանելության և ըստ աղբյուրի թեմատիկ կարգի։ Աշխարհով մեկ տարածում գտնելով՝ Բրաունյան կորպուսը օրինակ է ծառայել այլ լեզուներով նմանատիպ նախագծերի համար և հիմք է հանդիսացել բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ Ֆրենսիսի և Կուչերայի «Անգլերենի կիրառման հաճախականության վերլուծության համար», որը լույս է տեսել 1967 թվականին։
Ֆրենսիսը գրել է հոդվածներ, որոնք տպագրվել են «American Speech»-ում, «College Composition and Communication»-ում, «College English»-ում, «Computers and the Humanities»-ում, «Contemporary Psychology»-ում, «East Anglian Magazine»-ում, «English Journal»-ում, «The Explicator»-ում, «Language»-ում, «Language in Society»-ում, «Lingua»-ում, «Modern Language Notes»-ում, «PMLA»-ում, «The Quarterly Journal of Speech»-ում, «Speculum»-ում, «Style»-ում, և «Word»-ում։
1977 թվականին Օսլոյի համալսարանում Ֆրենսիսը հիմնել է «ժամանակակից և միջնադարյան անգլերենի միջազգային համակարգչային արխիվ»-ը։ Կազմակերպությունը դարձավ Բրաունյան կորպուսի բաշխիչը։ «ժամանակակից և միջնադարյան անգլերենի միջազգային համակարգչային արխիվի նորություններ ու ամսագիր» խորագրով համատեղ հրատարակությունները երկու անգամ նվիրված են եղել Ֆրենսիսին։ 1986 թվականին տեղեկագիրը ճանաչեց նրա աշխատանքը, որպես անհատական աշխատանք, իսկ տասը տարի անց ամսագիրը հրատարակեց «Հարգանքի տուրք Ու. Նելսոն Ֆրենսիսին և Հենրի Կուչերային»։
Ֆրենսիսը Լոնդոնում, Էդինբուրգում, Կահիրեում, Տոկիոյում և Թրոնհեյմում աշխատել է որպես հիմնական զեկուցող, դասախոս և հրավիրված պրոֆեսոր։ Ստոկհոլմում նա նաև մասնակցել է հաշվողական-կորպուսային լեզվաբանության վերաբերյալ Նոբելյան գիտաժողովին[3]։