Ուջերու Նունուկկալ | |
Մասնագիտություն՝ | բանաստեղծուհի, իրավապաշտպան, գրող և փիլիսոփա |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1920[1][2][3] |
Ծննդավայր | Stradbroke Island, Քվինսլենդ, Ավստրալիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 16, 1993[1][2][3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Altona Meadows |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Զավակներ | Dennis Walker? |
Պարգևներ | |
Ուջերու Նունուկկալ (անգլ.՝ Oodgeroo Noonuccal, նոյեմբերի 3, 1920[1][2][3], Stradbroke Island, Քվինսլենդ, Ավստրալիա - սեպտեմբերի 16, 1993[1][2][3], Altona Meadows), Ավստրալիայի քաղաքական գործիչ, ստեղծագործ, մանկավարժ և Ավստրալիայի աբորիգենների պաշտպան[4]։ Ուջերու Նունուկկալը ճանաչվել է որպես գրող ու դարձել առաջին ավստրալիացի աբորիգենը (նախաբնիկ), որ պոեզիայի գիրք է հրապարակել[5]։
1942 թվականին Ուջերու Նունուկկալը ծառայության է անցել Ավստրալիայի կանանց բանակում այն բանից հետո, երբ Սինգապուրի անկման ժամանակ նրա երկու եղբայրները գերի են ընկել Ճապոնիայի կայսերական բանակի կողմից։ Բրիսբենում նա ծառայության է անցել որպես ազդանշորդ, ուր հանդիպել է բազում սևամորթ ամերիկացի զինվորների, ինչպես նաև եվրոպական ծագումով ավստրալիացիների։ Այս շփումներն օգնեցին աբորիգենների իրավունքները պաշտպանելու նրա հետագա գործունեության հիմքը դնելու[6]։ 1940-ական թվականներին նա ընդունվել է Ավստրալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը[7]։
1960-ական թվականներին Նունուկկալը դարձել է նշանավոր քաղաքական գործիչ ու գրող։ Դաշնային խորհրդում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը Քվինսլենդի նահանգի Տոռեսի նեղուցի (FCAATSI) բնակիչների վիճակը բարելավելու գծով[8] և մասնակցել մի շարք այլ քաղաքական կազմակերպությունների։ Նա առանցքային դեմքն է եղել Ավստրալիային սահմանադրությունը փոխելու ժամանակ, որպեսզի ապահովի աբորիգենների լիիրավ քաղաքացիությունը՝ 1965 թվականին համոզելով վարչապես Ռոբերտ Մենզիսին, իսկ 1966 թվականին՝ նրա իրավահաջորդ Հարոլդ Հոլթին[9]։ 1963 թվականին՝ գործուղման ժամանակ, նա պատմել է Ռոբերտ Մենզիսին աբորիգենների իրական կյանքի մասին։ Վարչապետը նրան ալկոհոլ է առաջարկել, ինչից հետո Նունուկկալն ասել է, որ Քվինսլենդում նման առաջարկի համար կբանտարկեին, իսկ իրեն՝ առաջարկն ընդունելու դեպքում։ Ռոբերտ Մենզիսն ապշած էր[10][11]։
Նունուկկալը շատ գրքեր է գրել, սկսելով «We Are Going» (1964)՝ աբորիգեն կնոջ կողմից հրապարակված առաջին գրքից[12]։ Նրա առաջին գիրքը հսկայական հաջողություն է ունեցել և նրան թույլ տվել Ավստրալիայի ամենավաճառվող բանաստեղծի՝ Կլարենս Դենիսի հետ նույն շարքում լինելու[13]։ Քննադատների արձագանքը, սակայն, տարբեր էր, որոշ քննադատներ հարցադրում էին առաջ քաշել, թե արդյոք Նունուկկալը, լինելով աբորիգեն, իսկապես կարող էր ինքը գրել։ Այլ քննադատների դուր չէր գալիս նրա բանաստեղծությունների լավատեսությունը, համարում էին, որ դա քարոզչություն է, ոչ թե իսկական պոեզիա[14]։ Ուջերու Նունուկկալն ընդունում էր իր պոեզիայի գաղափարախոսությունը և իր ոճը նկարագրում որպես «կարգախոս, քաղաքացիական գրող, պարզ ու հասկանալի»[15]։ Նա ցանկացել էր ամենալայն լսարանին փոխանցել սեփական ծագման հպարտությունը, մասսայականացնել հավասարությունը և աբորիգենների իրավունքները[16]։
1972 թվականին Նունուկկալն անշարժ գույք է ձեռք բերել Հյուսիսային Ստրեդբրոկ կղզում, որն անվանել է Մունգալբա (նստելու տեղ) և հիմնել է «Noonuccal-Nughie» կրթամշակութային կենտրոնը[4]։ 1977 թվականին «Ստվեր քույրեր» անունով վավերագրական ֆիլմ է նկարահանվել նրա կյանքի մասին։ Ռեժիսորն ու պրոդյուսերը Ֆրենկ Հեյմանսն էր, իսկ օպերատորը՝ Ջեֆ Բերթոնը։ Ֆիլմում ցուցադրվել է նրա վերադարձը Մունգալբա և կյանքն այնտեղ[17]։ 1987 թվականին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է Մունգալբայի իր կրթական ծրագրերից՝ ասելով, որ «վերջին 17 տարիների ընթացքում կղզում ունեցել է 26 500 երեխա, սպիտակ ու սև երեխաներ։ Եվ եթե լինեին նաև կանաչ երեխաներ, ես նրանց էլ կընդունեի։ Ես դալթոնիկ եմ։ Նրանց սովորեցնում եմ աբորիգենների մշակույթը, սովորեցնում են բնության հավասարակշռությունը»[18]։ Ուջերու Նունուկկալը նվիրվել է կրթության գործին, համագործակցել համալսարանների հետ՝ ստեղծելու մանկավարժական ծրագրեր, որոնք բարելավում են ուսման որակը Ավստրալիայի դպրոցներում[19]։
1974 թվականին Նունուկկալը Բրիտանական ավիաընկերության ինքնաթիռում էր, որն առևանգվել է Պաղեստինի ազատագրման համար պայքարող ահաբեկիչների կողմից։ Առևանգողները կրակել են անձնակազմի անդամի և ուղևորի վրա և ստիպել ինքնաթիռի օդաչուներին թռչել աֆրիկյան ուղղությամբ։ Գերության երեք օրերի ընթացքում նա, օգտագործելով բութ մատիտն ու գրպանի անձեռոցիկը, գրել է երկու բանաստեղծություն՝ «Commonplace» и «Yusuf (Hijacker)»[20]։
1983 թվականին Ուջերու Նունուկալը մասնակցել է Քվինսլենդ նահանգի ընտրություններին՝ որպես Ավստրալիայի դեմոկրատների թեկնածու Ռեդլենդս ընտրատարածքում։ Նրա նախընտրական քարոզարշավը կենտրոնացած էր շրջակա միջավայրի պաշտպանությանն ու աբորիգենների իրավունքներին նպաստող քաղաքականության շուրջ[21]։ 1988 թվականին նա իր անունը՝ Քեթլին Ջին Մերի Ռուսկա, փոխել է․ Ուջերու նշանակում է թեյի ծառ, Նունուկկալ իր ցեղի անունն է[22]։ Մահացել է 1993 թվականին Վիկտորիա քաղաքում 72 տարեկան հասակում[4]։ 2016 թվականին քվինսլենդական պոեզիայի փառատոնին ցուցադրվեց բնիկ ժողովուրդներ ծրագիր, որը ներառում էր Ուջերու Նունուկկալի անունով առաջին մրցանակը[23]։
Սեմ Ուոթսոնը դրամա է գրել «Oodgeroo: Bloodline to Country» անունով՝ նվիրված Ուջերու Նունուկկալին։ Այն հիմնված է Ուջերու Նունուկկալի իրական կյանքի վրա, երբ նա պաղեստինցի ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռում էր՝ Նիգերիայում համաշխարհային սև-աֆրիկյան արվեստի և մշակույթի փառատոնի հանձնաժողովի նիստից տուն վերադառնալիս[24]։
Ուջերու Նունուկկալի պոեզիայի հիման վրա երաժշտություն է գրվել բազմաթիվ կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Գորդոնը, Քլեր Մաքլինը, Սթիվեն Լիքը, Էնդրյու Ֆորդը, Փոլ Սթենհոփը, Ջոզեֆ Թվիստը[25]։
Ուջերու Նունուկկալը մի քանի գրական մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Մերի Գիլմորի կրծքանշանը (1970), Ջեսսի Լիթչֆիլդի մրցանակը (1975) և Ավստրալիական գրողների եղբայրության մրցանակը։ 1979 թվականին նա ԱՄՆ-ի սևամորթ կինոգործիչների փառքի սրահի կողմից կազմակերպված Micheaux Awards,մրցանակաբաշխության ժամանակ նա արժանացել է վեցերորդ ամենամյա Օսկարին։ Նույն թվականին նա Միջազգային դերասանական մրցանակ է ստացել է իր «Ստվեր քույրեր» ֆիլմի համար[26]։ 1970 թվականին նա ստացել է Բրիտանական կայսրության շքանշան, բայց այն վերադարձրել է 1987 թվականին՝ ի նշան բողոքի Ավստրալիայի երկուհարյուրամյակի տոնակատարություններին՝ աբորիգենների կյանքի մասին հայտարարություն անելու համար[22][4]։ 1991 թվականին իր անունով հուշատախտակը առաջիններից մեկն էր, որը տեղադրվեց Sydney Writers Walk-ում, իսկ 2009-ին, Q150-ի տոնակատարությունների շրջանակում, նա հայտարարվեց որպես Քվինսլենդի սրբապատկերներից մեկը՝ «Ազդեցիկ ստեղծողի» դերի համար[27]։ Քվինսլենդ նահանգում 2017 թվականին ստեղծված Ուջերու ընտրատարածքը կոչվել է նրա պատվին[28]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուջերու Նունուկկալ» հոդվածին։ |
|