Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 12 գավառ |
Գլխավոր քաղաք | Գարդման |
Այլ քաղաքներ | Տիգրանակերտ, Պարտավ, Գանձակ, Դրունք Հայոց, Տիգրանակերտ (Առան-Ռոտ), Խաղխաղ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Տարածք | 11315 կմԱ |
Ներկայիս երկրներ | Հայաստան Ադրբեջան |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր, ուտիներ, կասպեր, ավարներ, սակեր |
Ներկա | Հայեր, Ադրբեջանցիներ |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Հայ Առաքելական եկեղեցի, Իսլամ |
Ուտիք (նաև Ուտի, Ուտյաց աշխարհ)[1], Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տափարակում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հյուսիսում և արևելքում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արևմուտքում՝ Դեբեդի և Աղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հյուսիսարևմուտքում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հարավարևմուտքում՝ Արցախին, հարավում Երասխ գետով՝ Փայտակարանին։
Հիշատակվում է նաև Ուտի ձևով։ Անունը հնագույն ծագում ունի և կապված է նույնանուն ցեղանվան հետ։ Տարածվում էր Գուգարքի, Սյունիքի, Արցախի և Կուր գետի միջև։ Իր մեջ ընդգրկում է Թարթառ գետի միջին և ստորին հոսանքների վրա ընկած շրջանները և Կուր գետի ու Գանձակ լեռների ջրբաժան գագաթների միջև ընկած տարածքները[1]։
Հնագիտական պեղումները վկայում են, որ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանից Ուտիքի բնակչությունը ներառնվել է Հայկական լեռնաշխարհի ընդհանուր տնտեսական և մշակութային հարաբերությունների ոլորտը։ Մ.թ.ա. 13-րդ դարի 1–ին կեսին Սարդուրի Բ–ի ուրարտական զորքերը մուտք են գործում Ուտիք, իսկ նույն դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացրել է Ուրարտական պետությանը։ Մ.թ.ա. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո Ուտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Մ.թ.ա. 2-րդ դարում Ուտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։ Մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։ Վարչական մի շարք փոփոխությունների հետևանքով Ուտիքը 3-րդ դարում կազմված է եղել նախ 7, ապա 8 գավառից։ 301 թվականից քրիստոնեությունը տարածվել է նաև Ուտիքում։ Ուտիքում քրիստոնեության ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Ուտիքը մնացել է Խոսրով Գ–ի Արևելահայկական թագավորության կազմում։ 450-451 թվականներին Ուտիքի հայ բնակչությունը մասնակցել է Վարդան Մամիկոյանի գլխավորած հակապարսկական ապստամբությանը և Ավարայրի ճակատամարտին։ 5-րդ դարի վերջին Ուտիքը մտել է Արցախի հայ Առանշահիկների թագավորության մեջ։ 9-րդ դարի սկզբին Հյուսիսային Կովկասից Հայաստան մուտք գործած Սևորդյաց ցեղը հաստատվել է Ուտիքում, ընդունել քրիստոնեություն և հայացել։ 840–ական թվականներին Ուտիքում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ 9-րդ դարի վերջին Ուտիքի հյուսիսարևմտյան մասը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության մեջ։ 11-րդ դարի 2-րդ կեսին Ուտիքը գրավել են սելջուկ–թուրքերը։ 11-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատել են Ուտիքի արևմտյան շրջանները, որոնք դարձել են Վահրամյան ճյուղի տիրույթը։ 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Ուտիքը ասպատակել են Լենկթեմուրի զորքերը։ 17-ից 18-րդ դարերում Ուտիքի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված է եղել հեռանալ նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղաքում։ Մինչև 19-րդ դարը Ուտիքի տարածքում պահպանվել են հայկական մի քանի ինքնավար մելիքություններ․
Մելիքներ են եղել նաև ուշմիջնադարյան Զակամ գավառի տարածքում (Մելիք-Սարգսյաններ, Քալանթարյաններ), որոնք 18-րդ դարի վերջին տեղափոխվել և բնակություն են հաստատել պատմական Գուգարքի Շուլավեր (խորհրդային շրջանում՝ Շահումյան) ավանում։
19-րդ դարի 40-50–ական թվականներին Ուտիքի տարածքը մտել է Թիֆլիսի, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ Բաքվի նահանգի մեջ։ 1920 թվականից հետո Ուտիքի հյուսիսարևմտյան Տուչքատակ (Տավուշ) և Աղուէ գավառների արևմտյան հատվածներ մտել են ՀՀ կազմի մեջ, իսկ մեծագույն մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Վերջինս, շարունակելով հակահայկական, ցեղասպանական քաղաքականությունը, մինչև 1988 թվականն ամբողջովին հայաթափել է երկրամասի իր տիրապետության տակ հայտնված տարածքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային պատկերը գրեթե չի փոխվել։
«Աշխարհացոյց»-ի տվյալներով Ուտիքը կազմված էր հետևյալ 8 գավառներից.
Ուտիքի հյուսիսարևմտյան մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։ Կուրի աջափնյա հարթավայրային շրջանը մինչև Կուրի և Երասխի խառնուրդը արգավանդ դաշտավայր է։ Ուտիքի հարավարևելյան մասը կազմում է Մուղանի դաշտավայրի մի հատվածը։ Ուտիքի արևելակենտրոնական մասը Թովմա Արծրունին հիշատակում է որպես Գարգարացվոց, իսկ հյուսիսարևմտյանը՝ Շակաշենի կամ Սակասենի դաշտ։ Աղստև գետի ստորին հոսանքի շրջանում է Գագա դաշտը։ Ուտիքով հոսում են բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք գերազանցապես Կուրի վտակներն են (Շամխոր, Աղստև, Հախում, Տավուշ, Զակամ, Բանանց, Ոսկանապար կամ Գանձակ, Կուրակ, Գերան, Բարակ, Տրտու կամ Թարթառ, Խաչենագետ, Կարկառ և այլն)։ Կուրի և Երասխի ջրկիցի շրջանում կան աղի լճակներ։ Ուտիքի հնագույն ժամանակներից նշանավոր էր երկաթի, պղնձի, նավթի, ոսկու, արծաթի և շիբի հանքերով։ Այժմ Ուտիքի տարածքը հայտնի է նաև ծծմբային կոլչեդանի, մանգանի, բարիտի, գիպսի, կաոլինի, քվարցիտների, շինարարական քարերի և այլ հանքերով։ Ունի հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Աղստև, Տավուշ և Զակամ գետերի ավազաններում։ Ուտիքի լեռնային շրջանները հարուստ են անտառներով։ Բազմազան է նաև Ուտիքի կենդանական աշխարհը։ Հիշատակություններ կան այն մասին, որ հնագույն ժամանակներում Ուտիքում հանդիպել են նաև առյուծ, հովազ և նմանատիպ այլ կենդանիներ։ Ուտիքի հարթավայրային շրջաններն ունեն բարեխառն տաք կիսաանապատային և չոր տափաստանային կլիմա։ Տարեկան տեղումները կազմում են 300—600 մմ, հս-արմ., լեռնային որոշ շրջաններում՝ մինչև 900 մմ, հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 3°C–ից մինչև -3 °C, իսկ հուլիսինը՝ 20 °C–27 °C և ավելի։
Ռելիեֆով Ուտիքը բաժանվում է երկու մասի՝ դաշտային և լեռնային։ Դաշտային շրջանները տարածվում էին Կուր և Թարթառ գետերի առափնյա մասերում, իսկ լեռնային գավառները գտնվում էին Փոքր Կովկասի շրջանում։