Չաումահալի պալատ | |
---|---|
Երկիր` | Հնդկաստան |
Չաումահալի պալատ կամ Չաումահալի պալատներ (տելուգու՝ చౌమహల్లా పాలస్), նիզամի պալատը, որը գտնվում է Հայդարաբադ քաղաքում։ Եղել է բնակավայր, և Ասաֆ Ջահիի դինաստիայի աթոռանիստը նրանց իշխանության օրոք։ Այստեղ են անցկացվել բոլոր պաշտոնական միջոցառումները՝ ներառյալ նիզմաների պաշտոն ստանձնելը և բրիտանացի գեներալ-նահանգապետի պատվին կազմակերպված ընդունելությունները։ Այժմ այն Հայդարաբադի նիզամների ժառանգ Մուկարամա Ջահի սեփականությունն է։ Նրա կինը՝ արքայադուստր Էզրան, 2000-ական թվականներին ամբողջությամբ վերանորոգել է պալատը՝ դրա վրա ծախսելով 100 միլիոն ռուփի[1][2]։ 2011 թվականի մարտի 15-ին նրան մշակութային ժառանգության պահպանության համար հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան մրցանակ[3]։ Պալատական համալիրը հանրության համար բացվել է 2005 թվականի հունվարին և այժմ գործում է որպես թանգարան[4]։
Անվանումը ձևավորվել է պարսկական Chahar ՝ «չորս», և արաբական Mahalat ՝ «պալատներ», բառերից[5]։
Պալատի շինարարությունը սկսվել է 1750 (1751) թվականի Հայդարաբադի երրորդ նիզամի՝ Սալաբատ Ջանգի կողմից[1][6] և ավարտվել է 1857-1869 թվականների միջև եղած ժամանակահատվածում՝ Հայդարաբադի ութերորդ նիզամ Ասաֆ Ջահ V-ի օրոք[4]։ Համարվում է, որ այն կառուցվել է Շահ Իրանի Սպահանի պալատի օրինակով[7]։ Շինարարության ընթացքում պալատի ճարտարապետության մեջ արտահայտվել է իրանական, հինդո-սարացինական, ռաջաստանական և եվրոպական ոճերի ազդեցությունը։
Սկզբում պալատը զբաղեցրել է 45 (180 000 մ2) ակր տարածք, բայց 1967-2001 թվականների միջև եղած ժամանակահատվածում տարածքը կրճատվել է մինչև 12 ակր (49 000 մ2)[1][8]։ Պալատական համալիրն իր մեջ է ներառում է երկու բակով չորս պալատ, հանդիսավոր ընդունելությունների դահլիճ (Դուրբար Հոլլ), ցայտաղբյուրներ և այգիներ։ Համալիրի հարավում է գտնվում նրա ամենահին մասը՝ չորս պալատները՝ Աֆզալ Մահալը, Մահտաբ Մահալը, Տահնիյատ Մահալն ու Աֆտաբ Մահալը, որոնք կառուցվել են նեոդասական ոճով։ Աֆտաբ Մահալը պալատներից ամենամեծն է և իրենից ներկայացնում է կորինֆական սյուներով եվրոպական ճակատամասով և ճաղաշար վերնաճակատով երկհարկանի շենք։ Հյուսիսային մասում գտնվում է Բարա Իմամը՝ սենյակների երկար միջանցքը, որին արևելյան կողմից հարում է կենտրոնական ցայտաղբյուրն ու լողավազանը և որտեղ առաջ գտնվել է համալիրի վարչական թևը։ Այն ունի մոնղոլական գմբեթներ ու կամարներ և պարսկական բազմաթիվ տարրեր, ինչպիսիք են՝ արհեստական մարամարից պատրաստված զարդերը։ Բարա Իմամի դիմաց է գտնվում նրան հայելային արտապատկերը՝ շինությունը, որի տարածքը մի ժամանակ օգտագործվել է որպես պաշտոնական անձանց համար հյուրասենյակներ։ Պալատի դարպասների վերևում տեղադրված է ժամացույց, որը աշխատում է արդեն 250 տարի։ Հյուսիսային կողմի ներքին բակում գտնվում է Հիլվատ Մուբարակը՝ հանդիսավոր ընդունելությունների դահլիճը, որտեղ անցկացվել է դուրբարը և այլ կրոնական ու խորհրդանշական ծիսակատարություններ։ Այստեղ մարմարյա հարթակի վրա գտնվում է նիզամի գահը[9]։