Չարլզ Լյուիս Թիֆանի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1812[1][2][3][…] |
Ծննդավայր | Քիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 18, 1902[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ոսկերիչ և ձեռնարկատեր |
Ծնողներ | մայր՝ Chloe Tiffany?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լուիս Կոմֆորտ Տիֆֆանի[5][6] և Annie Olivia Mitchell?[4] |
Ստորագրություն | |
Charles Lewis Tiffany Վիքիպահեստում |
Չարլզ Լյուիս Թիֆանի (անգլ.՝ Charles Lewis Tiffany, փետրվարի 15, 1812[1][2][3][…], Քիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - փետրվարի 18, 1902[1][2][3][…], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան զարդերի վաճառքի 19-րդ դարի առաջատար, Tiffany & Co. (1837) ընկերության հիմնադիրը։ Ամերիկայում առաջին մանրածախ կատալոգի ստեղծողն է և ստեռլինգային արծաթի ու պլատինի անգլիական չափորոշիչների հիմնադիրը։
Թիֆանին ծնվել է 1812 թվականի փետրվարի 15-ին Կոնեկտիկուտ նահանգի Քիլինգլի քաղաքում, Քլոեի (Դրապեր) և Կոմֆորտ Թիֆանիի ընտանիքում։ Թիֆանին կրթությունը ստացել է շրջանային դպրոցում և Կոնեկտիկուտի Փլեյնֆիլդ քաղաքի ակադեմիայում։ 15 տարեկանից օգնել է հորը՝ ղեկավարելով փոքրիկ խանութ։ Հետագայում աշխատել է հոր գործարանի գրասենյակում։ Թիֆանիի ընտանիքը ծագել է ներգաղթյալ Համֆրի Թիֆանիից (1630-1685)[7], որն ապրել է Մասաչուսեթսի ծոցի գաղութում 1660 թվականին[8]։
1837 թվականին, հորից փոխառված 1000 ԱՄՆ դոլարով, դասընկերոջ՝ Ջոն Բ. Յանգի հետ Նյու Յորքում բացել է գրենական պիտույքների և նվերների փոքրիկ խանութ։ Առաջին երեք օրվա ընթացքում նրանց ընդհանուր վաճառքը բերել է ընդամենը 4,38 դոլար[9], բայց երկու տարի անց նրանք դեռ բիզնեսի մեջ էին՝ վաճառելով ապակյա և ճենապակյա իրեր, դանակներ, ժամացույցներ և զարդեր։ Իր աշխատանքի համար Չարլզն ընտրել է մի փիլիսոփայություն, որն արտահայտված է հետևյալ բառերով. «Լավ դիզայն՝ լավ բիզնես»։ 1840-ական թվականներին, Լուի Ֆիլիպի ռեժիմի անկումից հետո, ֆրանսիացի արիստոկրատները, փախչելով քաղաքական ցնցումներից, փորձում էին վաճառել իրենց զարդերը։ Չարլզ Թիֆանին դա համարել է հիանալի հնարավորություն և սկսել ադամանդներ գնել՝ վտանգելով իր «երիտասարդ» ձեռնարկության կապիտալը։ Սա հանգեցրել է ԱՄՆ-ում խոշոր ադամանդների հայտնվելուն, որոնք աննկատ չեն մնացել ամերիկյան մամուլում, որը Չարլզ Թիֆանիին կնքել է «ադամանդների թագավոր»[10]։
1841 թվականին խանութն ընդարձակվել է և փոխել իր անունը՝ «Թիֆանի, Յանգ և Էլիս»։ Այն ձեռք է բերել լավագույն բոհեմյան ապակի և ճենապակի վաճառող խանութի հեղինակություն։ Ավելի ուշ սկսել է պատրաստել նաև իր սեփական զարդերը։ 1850-ականների սկզբին ընկերությունը վերանվանվել է «Tiffany & Co.» և մասնաճյուղեր բացել Փարիզում (1850) և Լոնդոնում (1868)։ Կենտրոնական խանութը տեղափոխվել է 5-րդ ավենյու[10]։
Վիկտորյական հասարակության արծաթե իրերի պահանջմունքը բավարարելու համար Չարլզ Թիֆանին վարձում է Նյու Յորքում հայտնի ոսկերիչ-արծաթագործ Ջոն Ս. Մուրին։ Նրան հանձնարարվում է արծաթը հավասարեցնել բրիտանական ստեռլինգին` մաքուր արծաթի 92,5% և այլ մետաղների 7,5%։ Հետագայում «Tiffany & Co.»-ի մշակումն ընդունվեց որպես ԱՄՆ-ի արծաթի ստանդարտ[10]։
1861 թվականին Չարլզն անձամբ ծանոթանում է նախագահ Լինքոլնի հետ, որը որոշում է զարդեր պատվիրել կնոջ համար։ Հատուկ Մերի Լինքոլնի համար ստեղծվում է հիանալի մարգարտե վզնոց։ 1862 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Չարլզն ու նրա ընկերությունն աջակցում են Հյուսիսին՝ բանակին մատակարարելով զենք, սնունդ և դեղորայք[11]։
1860-ականների կեսերին Չարլզն առաջատար էր ամերիկյան արծաթի շուկայում, բայց քիչ հայտնի էր Եվրոպայում։ 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընկերությունը մարտահրավեր է նետում եվրոպացիներին և ստանում արծաթագործության համար նածատեսված գլխավոր մրցանակը։ Առաջին անգամ ամերիկյան դիզայնի տունը գովաբանվում է օտարերկրյա ժյուրիի կողմից[10]։
1870 թվականին ընկերության գրասենյակը տեղափոխվում է Մանհեթենի Միության հրապարակ 15։ Այդ ժամանակ ասում էին, որ Չարլզը շատ առույգ տեսք ուներ, ինչպես պատանեկության տարիներին։ Քաղաքում նա միշտ հագնում էր վերարկու և կրում էր բարձր մետաքսյա գլխարկ։ Չարլզ Թիֆանին իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատանքային ոչ մի օր չի բացակայել հիվանդության պատճառով[10]։
Չարլզը նորարարական գաղափարների հետևորդ էր, ինչը նպաստում էր բիզնեսի զարգացմանը և իր ընկերության կարգավիճակի ամրապնդմանը։ Նորամուծություններից մեկը զարդերում գունավոր քարերի ներմուծումն էր։ 1876 թվականին «Tiffany & Co.» ընկերությունը բացառիկ տուրմալին է ձեռք բերում անվանի երկրաբան Ջորջ Ֆրեդերիկ Կունցից։ Որոշ ժամանակ անց դոկտոր Կունցը միանում է զարդերի տանը և համագործակցում Չարլզ Թիֆանիի հետ՝ «Tiffany & Co.»-ի հաճախորդների համար Ամերիկայում և ամբողջ աշխարհում ամենալավ ադամանդե քարերը գտնելու նպատակով[10]։
1877 թվականին Հարավային Աֆրիկայի Քիմբերլի ադամանդի հանքերում հայտնաբերվում է աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ ադամանդներից մեկը՝ դեղին ադամանդը։ 287,42 կարատ քաշով քարը Թիֆանին գնում է 18000 դոլարով։ Ջորջ Ֆրեդերիկ Կունցի ղեկավարությամբ Թիֆանի ադամանդը հղկվում է, և քաշը իջնում է մինչև 128,54 կարատի՝ ստանալով այն ժամանակների համար աննախադեպ՝ 82 նիստ[10]։
1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թիֆանիի տունը ստանում է ամենաբարձր մրցանակները՝ արծաթի և ոսկերչական զարդերի համար, իսկ Չարլզ Թիֆանին պարգևատրվում է Պատվո լեգեոնի շքանշանի Խաչով։ Այս ձեռքբերումների արդյունքում «Tiffany & Co.»-ն ստանում է կայսերական և թագավորական զարդերի ընկերության կարգավիճակ՝ զարդեր մատակարարելով Եվրոպայի թագաժառանգներին, ինչպես նաև օսմանյան սուլթանին, Ռուսաստանի կայսրին և կայսրուհուն, Իրանի շահին։
Չարլզի կյանքի վերջին 20 տարվա ընթացքում նրա ընկերությունը իր արտադրանքի համար բազմիցս ստացել է ամենաբարձր մրցանակները։ Դա տեղի է ունեցել նաև 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1893 թվականին և 1900 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում[10]։
Չարլզի կյանքի ամենամեծ նվաճումներից մեկը Թոմաս Էդիսոնի հետ համագործակցությունն է, որի արդյունքում ստեղծվել են լուսարձակներ և թատրոնների էլեկտրական լուսավորության տարբեր այլ սարքավորումներ[12]։ Դրա շնորհիվ Բրոդվեյը և թատերական այլ շոուներ դառնում են ավելի ժողովրդական։ Բացի այդ, Չարլզ Թիֆանին Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի հովանավորն էր և Նյու Յորքի գեղեցիկ արվեստների ընկերության հիմնադիրներից մեկը[10]։
1839 թվականի նոյեմբերի 30-ին Չարլզն ամուսնացել է Ջոն Բ. Յանգի քրոջ՝ Հարիետ Օլիվիա Ավենի Յանգի (1816-1897) հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Չարլզ Լյուիս Թիֆանի կրտսերը (ծն. 1842), Էննի Օլիվիա Թիֆանի Միթչելը (ծն. 1844, ամերիկացի դիվանագետ Հայրամ Բինգհամ IV-ի մեծ տատը)[13][14], Լուիս Կոմֆորտ Թիֆանի (ծն. 1848), Լուիզա Հարիթ Թիֆանի (ծն. 1856), Հենրի Չարլզ Թիֆանի (ծն. 1858) և Բերնեթ Յանգ Թիֆանի (ծն. 1860):
Չարլզ Թիֆանին մահացել է Նյու Յորքի Յոնկեր քաղաքում, 1902 թվականի փետրվարի 18-ին, 90 տարեկան հասակում[15]։ Այդ պահին նրա ընկերությունը գնահատվել է ավելի քան 2 միլիոն դոլար և ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ոսկերչական ընկերություն[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լյուիս Թիֆանի» հոդվածին։ |
|