Չմշկածագ

Քաղաք
Չմշկածագ
թուրքերեն՝ Çemişgezek
Թունջելիի մարզի շրջաններ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևմտյան Հայաստան
ՄարզԹունջելի
ՀամայնքԹունջելիի մարզ[1]
Մակերես877 կմ2 կմ²
ԲԾՄ1.000 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 7․860
քաղաք 2,973
գյուղեր 4,887 մարդ (2012)
Խտություն9,04 մարդ/կմ2 մարդ/կմ²
Ազգային կազմԾպտյալ հայեր, Քրդեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 428
Փոստային ինդեքս62600
Ավտոմոբիլային կոդ62
Պաշտոնական կայք62600
Չմշկածագ (Թուրքիա)##
Չմշկածագ (Թուրքիա)

Չմշկածագ (թուրքերեն՝ Çemişgezek), քաղաք և շրջան Թուրքիայի Թունջելիի մարզում, Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։ Չմշկածագ քաղաքի անունը կապված է բյուզանդական Հովհաննես Չմշկիկ կայսեր անվան հետ։ Ավելի հնում հայտնի էր Հերապոլիս («սուրբ քաղաք») անունով[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Խարբերդ քաղաքից մոտ 49 կմ հյուսիս-արևմուտք, Արածանի գետի աջակողմյան վտակ Չմշկածագի ձախ կողմում, լեռնային, անտառապատ վայրում, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Քաղաքը կառուցված է մի հսկայական ամֆիթատրոն ներկայացնող գոգավորությունում։ Վարչական առումով հնում մտնում էր Մեծ Հայքի Ծոփք նահանգի մեջ, Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակներում Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառի մեջ, լինելով վերջինիս Չմշկածագ գավառակի կենտրոնը։ Ներկայում Թուրքիայի Թունջելիի մարզի շրջկենտրոններից է[3]։

Չմշկածագի մասին հիշատակություններ ունեն Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշ հեղինակներ։ Մինչև XV դարը բավական մարդաշատ էր և բարեկարգ։ Սակայն 1474 թվականին մամլուք թուրքերի կողմից գրավվելուց հետո, որին ուղեկցվել է բնակիչների զանգվածային գերեվարումը, դարեր շարունակ այն վերածվել էր մի փոքրիկ գյուղաքաղաքի։

Բնակչության թվի համեմատությամբ Չմշկածագը բավական փռված գյուղաքաղաք է։ XX դարի սկզբներին նրա արտաքին շրջագիծը 8 կմ-ից ավելի էր։ Քաղաքը բաժանված էր բազմաթիվ մանր թաղերի։ Հայերը բնակվում էին հիմնականում կենտրոնի 10 թաղերում և դրանց կից գտնվող սարավանդում, որը կոչվում էր Յուչ-բեկ։ Կենտրոնում էր գտնվում նաև հայոց առաջնորդարանը։ Քաղաքի դիմաց բարձրանում են խիստ զառիթափ կողերով ժայռաբլուրներ, որոնց մեջ կան բազմաթիվ «քարտուններ»՝ մասամբ փորված մարդկանց ձեռքով, մասամբ էլ՝ բնական քարայրներ, որոնք ծառայել են պաշտպանական նպատակների համար. թուրքական ջարդարարներից պաշտպանվող հերոսները ծանր պահերին դրանք օգտագործել են իբրև ապաստարաններ։

Հայերն ունեին երկու եկեղեցի, որոնցից մեկը, ավելի հինը, որ գյուղաքաղաքի մայր եկեղեցին էր, կրում էր Սուրբ Աստվածածին անունը, իսկ նորը կոչվում էր Սուրբ Թորոս և կառուցվել էր 1825 թ. նախկին սրբավայրի տեղում։ Գյուղաքաղաքի շատ թե քիչ նշանակալի շենքերից էին նաև վարչական շենքը՝ կառուցված 1881 թվականին և փոստհեռագրատան (1895 թ.) ու բանկի (1914 թ.) շենքերը։

Չմշկածագում պահպանված էին զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ՝ քաղաքը երբեմնի շրջափակող պաշտպանական պարսպի մնացորդները, բերդի հետքերը, հայկական ամրոցների, եկեղեցիների ու մատուռների և այլ շենքերի ավերակներ։ Բավական լավ էին պահպանվել քաղաքի արևմտյան մասում գտնվող XIII դարին վերագրվող մի քանի տների ավերակներ, որոնց տեղի բնակիչները կոչում են «ճին-վիզ»՝ դրանց ավերումը ավանդաբար կապելով Չինգիզխանի անվան հետ։ Հետաքրքիր է նկատել, որ Չմշկածագում ընդհանրապես հռոմեական-բյուզանդական որևէ հուշարձանի հետքեր չեն նկատվել։ Տարբեր վիճակում մինչև մեր ապրած դարը հասած հնություններն ու հուշարձանները գրեթե բացառապես հայկական են, եթե նկատի չունենանք մզկիթները և տարբեր նպատակներով կառուցված պետական վարչական շենքերը։

Չմշկածագում, համանուն գետակի վրա, կային երկու քարակերտ կամուրջներ, որոնք XX դարի սկզբներին կանգուն էին և գտնվում էին միանգամայն բարվոք վիճակում։

XIX դարում և ХХ դարի սկզբներին այստեղ գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Մամիկոնյան, իսկ մյուսը՝ Պարթևյան, երկուսը միասին ունեին մոտ 200 աշակերտ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1800—1830-ական թվականներին գյուղաքաղաքն ուներ մոտ 6000 բնակիչ, որից 4000-ը հայ, իսկ մնացածը՝ քրդեր, թուրքեր և այլք։ 1830—1850 թթ. նրա բնակչության քանակն արդեն հասնում էր 8000 մարդու, որից մոտ 6500-ը հայ։ Քաղաքը գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև Մեծ Եղեռնի նախօրեին։ Այստեղի հայությունը նույնպես ենթարկվեց 1915 թ. արհավիրքներին։ Նրա մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ 1930-ական թվականներին նրա բնակչության թիվը հազիվ էր հասնում 5-6 հազար մարդու, որոնց մեջ կային նաև չնչին թվով հայեր։ 2011 թ. տվյալներով քաղաքում բնակվում են մոտ 3000 մարդ[4], մեծ մասամբ քրդեր և ծպտյալ հայեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Çemişgezek'de 55 yerleşim bulundu(թուրքերեն)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  4. İlçelere göre il/ilçe merkezi ve belde/köy nüfusu - 2011(թուրքերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմշկածագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։