Պալատինյան գրադարան (լատին․՝ Bibliotheca Palatina, «Պֆալցյան գրադարան»), Վերածննդի շրջանի ամենակարևոր գրադարաններից մեկը Հայդելբերգում (Գերմանիա)։ Այստեղ պահվում է մոտ 3524 ձեռագիր և 5000 տպագիր գիրք։
1430-ական թվականներին կուրֆյուրստ Լյուդվիգ III-ը հիմնում է վանքային գարդարան Հայդելբերգի Սուրբ Հոգու վանքում, քանզի այնտեղ բավականաչափ լուսավոր էր ընթերցանության համար։ Այդ գրադարանը դառնում է Պալատինյան հավաքածուի կորիզը, որը հիմնել էր կուրֆյուրստ Օտտո Հենրիխը 1550-ական թվականներին՝ Վանքային գրադարանը միավորելով քաղաքի համալսարանական և իր ամրոցի գրադարանի հետ։ Պալատինյան գրադարանի արժեքավոր ձեռագրերի մեջ էին մտնում Կարլոս Մեծի ժամանակաշրջանի Լորշի Ոսկե օրենգիրքը, Ֆրիդրիխ II-ի կողմից գրված Բազեի գիրքը (գերմ.՝ Falkenbuch, De arte venandi cum avibus, cpl 1071), Մանեսյան կոդեքսը։
Հետագայում հավաքածուն համալրվում է Ուլրիխ Ֆուգգերի կողմից ձեռք բերված ձեռագրերով, որոնցից էր պատկերազարդ «Սաքսոնյան հայելի» ժողովածուն։ Ժոզեֆ Սկալիգերի կարծիքով Ֆուգգերների գրադարանը, որի միայն ձեռագրերը գնահատվում են 80 000 կրոն, գերազանցում էր Վատիկանի գրադարանին[1]։ Ունենալով այդպիսի մեծ քանակությամբ արժեքավոր ձեռագրեր՝ Պալատինյան գրադարանը համարվում էր ազգային նշանակության գրադարան և իր ծաղկման շրջանում՝ XVI դարի ձեռքբերումներից հետո, անվանվում էր «գրադարանների մայր»[2]։ Կուրպֆալցը խիստ տուժում է Երեսնամյա պատերազմի ժամանակ։ 1622 թվականին Հայդելբերգը գրավվում է Կաթոլիկ միության կողմից, որի առաջնորդ կոմս Տիլլին ծառայում էր Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան I-ին։ Թեև շատ գրքեր վնասվում են կամ հափշտակվում քաղաքի կողոպտման ժամանակ, Մաքսիմիլիանը խելամիտ է համարում բռնագրավել մնացած ձեռագրերը և տալ Գրիգոր XV պապին՝ «ի նշան հարգանքի և նվիրվածության»[3]։ Հավաքածուի գրքերը, որի մեջ մտնում էր նաև գրադարանի վերջին հսկիչ Յան Գրուտերի անձնական գրքերը, տեղափոխվում է Հռոմ՝ 200 ջորիների վրա, սքոլաստ Ալլատիուսի հսկողությամբ։
1623 թվականին գրադարանն ամբողջությամբ մտնում է Վատիկանի գրադարանի մեջ, ընդ որում յուրաքանչյուր հատորում պահպանվում է Վիտելսբախների գերբով էջ։
Տոլենտինի պայմանագրով (1797), պապը 37 ձեռագիր հանձնում է Ֆրանսիական հանրապետությանը, որոնք հետագայում պահվում են Փարիզի Ազգային գրադարանում։ Վիեննայի վեհաժողովից հետո որոշվում է «վերադարձնել Ֆրանսիայի կողմից կողոպտված արվեստի ստեղծագործությունները», և վիճելի ձեռագրերը փոխանցվում են Հայդելբերգին, այլ ոչ թե Հռոմին[1]։
1816 թվականին Հարդենբերգ իշխանները և Իգնաց ֆոն Վեսսենբերգը համոզում են Պիոս VII պապին նվիրել 852 ձեռագիր (հատկապես գերմաներեն լեզվով) Հայդելբերգի համալսարանին։ 1986 թվականին համալսարանի 600-ամյակի տոնակատարության ժամանակ Պալատինյան գրադարանի հավաքածուի որոշ գրքեր ցուցադրվում են Սուրբ Հոգու տաճարում։
Պալատինյան գրադարանի ձեռագրերը թվայնացվել են 2009 թվականին և հասանելի են համացանցի միջոցով։