Պակա Նավաս | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1883 |
Ծննդավայր | Juticalpa, Հոնդուրաս |
Վախճանվել է | հուլիսի 11, 1971 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, ակտիվիստ, լրագրող, սուֆրաժիստ և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Հոնդուրաս |
Ֆրանցիսկա Ռաքել Նավաս Գարդելա (իսպ.՝ Francisca Raquel Navas Gardela), ավելի հայտնի է որպես Պակա Նավաս (իսպ.՝ Paca Navas, մարտի 23, 1883, Juticalpa, Հոնդուրաս - հուլիսի 11, 1971, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), հոնդուրասցի լրագրող, գրող և ֆեմինիստ։ Հիմնադրել է առաջին ֆեմինիստական ամսագիրը Հոնդուրասում և եղել է երկրի առաջին սուֆրաժիստական կազմակերպության անդամ։ Լիբերալ հայացքների պատճառով ամուսնու հետ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է տարագրության մեջ։ Ստեղծագործական առումով նրա ամենաարդյունավետ շրջանը եղել է Գվատեմալայի աքսորի ժամանակաշրջանը՝ 1945-1951 թվականներին։
Ֆրանցիսկա Ռաքել Նավաս Գարդելան ծնվել է 1883 թվականի մարտի 23-ին Խուտիկալպա քաղաքում (Օլանչո դեպարտամենտ, Հոնդուրաս) Խոսե Մարիա Նավասի և Ֆրանսիսկո Գարդելա դե Նավասի ընտանիքում[1]։ 1900 թվականին ամուսնացել է[2] փաստաբան[3], մտավորական և լրագրող Ադոլֆո Միրալդայի հետ[3]։
Նրա ամուսինը զբաղվել է քաղաքականությամբ և իր աշխատանքներում մեծապես աջակցել է լիբերալ ընդդիմությանը, ինչը հանգեցրել է նրան, որ նրա ընտանիքը հալածանքի է ենթարկվել Հոնդուրասի կառավարության կողմից։ Նավասի զինակից և գրող Ռամոն Ամայա Ամադորը առաջարկել է նրան ապաստանել Լա Սեյբա նավահանգստում և հրատարակել «Costa Norte» թերթը[2]։ Այսպիսով, ամուսինները տեղափոխվել են Լա Սեյբա, որտեղ նրանք անցկացրել են ամուսնու երկար տարիների քաղաքական աքսորը։ Որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել, 1935 թվականին Նավասը հիմնել է «La voz de Atlántida»[2] շաբաթաթերթը, որը հիմնականում նվիրված է եղել համաամերիկյան արվեստին, գրականությանը և գիտությանը[4][5]։ Այն դարձել է առաջին ֆեմինիստական ամսագիրը Հոնդուրասում[5], որն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծերությունը, ընտանեկան բռնությունը, ինցեստը, բռնաբարությունը, անօթևան երիտասարդությունը և կանանց ենթակայությունը[3]։
1946 թվականի փետրվարի 2-ին մի խումբ սուֆրաժետներ, նախագահ Օլիմպիա Վարելայի և մտավորականներ Լուսիլա Գամերո դե Մեդինայի, Արխենտինա Դիաս Լոսանոյի և Նավասի հետ կազմակերպել են «Պանամերիկյան կանանց ընկերությունը» (իսպ.՝ Sociedad Femenina Panamericana): 1947 թվականի մարտի 5-ին նրանք հիմնել են «Հոնդուրասի կանանց կոմիտեն» (իսպ.՝ Comité Femenino Hondureño), որը գործել է Միջամերիկյան կանանց հանձնաժողովին կից, որի նպատակն է եղել ապահովել կանանց քաղաքական իրավունքները։ Նրանք հրատարակել են «Mujer Americana»-ն, որը երկրի երրորդ ֆեմինիստական ամսագիրն է եղել Նավասի «Ատլանտիդա» և Քրիստինա Էրնանդես դե Գոմեսի «Ատենեա» ամսագրից հետո։ Դրա առաջին համարը լույս է տեսել Էլ Պրոգրեսոյում 1944 թվականին[6]։ 1947 թվականին Նավասը ներկայացրել է Հոնդուրասի կանանց դեմոկրատական միությունը (իսպ.՝ Unión Democrática Femenina Hondureña) Գվատեմալայի առաջին միջամերիկյան կոնգրեսում։ Այնտեղ նա վեհաժողովին ներկայացրել է Լատինական Ամերիկայի քաղբանտարկյալների և վտարանդիների թեման և դատապարտել 100 հոնդուրասցիների բռնի քաղաքական վտարումը Տիբուրսիո Կարիաս Անդինոյի դիկտատուրայի 14 տարիների ընթացքում[7]։
Այս համաժողովի ընթացքում Նավասը, լինելով աքսորյալ[3], ապրել է Գվատեմալայում՝ նրա նախագահ Խուան Խոսե Արևալոյի պաշտպանության ներքո։ Նավասն ապրել է Գվատեմալայում 1945-1951 թվականներին[8]։ Ռամոն Ամայա Ամադորը ապաստան է գտել նրա մոտ Գվատեմալայում։ Գվատեմալայում ապրելու ժամանակաշրջանը նշանավորվել է որպես նրա գրական գործունեության ամենաարդյունավետ շրջանը, մասամբ այն պատճառով, որ նա հնարավորություն է ունեցել հրատարակել իր աշխատանքները[3]։ 1947 թվականին լույս է տեսել Նավասի բանաստեղծությունների «Կրեոլական ռիթմեր» (իսպ.՝ Ritmos criollos) գիրքը, իսկ 1951 թվականին՝ «Ցեխ» (իսպ.՝ Barro) վեպը[8], որը փաստացի գրվել է 1940 թվականին, սակայն արգելվել է դրա հրատարակությունը Հոնդուրասում[3]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում միրգ հավաքողների համար նոր հիմնադրված աշխատանքային քաղաքում։ Դրանում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավման նպատակով ավանդական գյուղերից այդ բնակավայրում նրանց վերաբնակեցման հետ կապված խնդիրները, և բարձրացվել է օտարերկրացիների կողմից ազգային տարածքի շահագործման հարցը[9]։
Պակա Նավասը մահացել է 1971 թվականի հուլիսի 11-ին Սիեթլում (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ), ուր այցելել էր իր դստեր հետ[2]։
|