Պառավն անտառում գերմ.՝ Die Alte im Wald | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
The Old Woman in the Wood |
«Պառավն անտառում» (գերմ.՝ Die Alte im Wald), Գրիմ եղբայրների հեքիաթը, որը պատմում է մի աղջկա մասին։ Աղջիկը վերակախարդել էր արքայազնին, որը կախարդի կողմից վերածվել էր ծառի։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում այն գտնվում է № 123-ի ներքո, ըստ Աարնե-Թոմպսոնի հեքիաթների դասակարգման` այն №442-ն է։
Անտառի միջով ուղևորության ընթացքում ավազակների հարձակում է տեղի ունենում, և կենդանի է մնում միայն մի խեղճ աղախին, որը չգիտի ճանապարհը։ Երեկոյան, հանձնարարելով իրեն Աստծո ողորմությունը, նա տեսնում է սպիտակ աղավնի, որը մեկը մյուսի հետևից բերում է երեք ոսկե բանալի, ներսից բացելով ծառերի կողպեքները, որոնց ներսում կարելի է գտնել սնունդ, անկողին և շքեղ հագուստ։ Որոշ ժամանակ անց աղավնին աղջկան խնդրում է, որ նա գնա խրճիթ, որտեղ ապրում է պառավը։ Իսկ հետո, ուշադրություն չդարձնելով պառավի հարցերին` սենյակում բազում թանկագին մատանիներից ընտրի հասարակը։ Աղջիկը վարվում է այպես, ինչպես որ նրան սովորեցրել է աղավնին, բայց մինչ նա փնտրում էր մատանին, պառավը փորձում էր թաքնվել վանդակում, որտեղ նստած էր թռչնակը` կտուցին բռնած որոնվող մատանին։ Աղջիկը խլում է մատանին և հեռանում անտառ` աղավնուն սպասելու, բայց նա չի գալիս։ Փոխարենը նրան ետևից շրջապատում են ծառի ճյուղերը։ Ծառը վերածվում է արքայազնի, մնացած ծառերը` ձիերի և ծառաների։ Արքայազնը բացատրում է, որ նրան կախարդել է ծեր պառավը և, քանի դեռ մատանին գտնվում էր պառավի մոտ, նա չէր կարող ընդունել մարդկային տեսք, միայն օրը երկու ժամով վեր էր ածվում աղավնու։ Արդյունքում աղախինը արքայազնի հետ ամուսնանում է, և նրանք ապրում են երջանիկ։
Գրիմ եղբայրները իրենց հեքիաթների ծանոթագրությունների մեջ նշել են, որ այս պատմությունը գրված է Պադերբորնում` 1813 թվականի հուլիսի 23-ից 26-ը ընկած միջակայքում։ Նրա սյուժեն նման է մեկ այլ`«Յորինդա և Յորինգել» հեքիաթի սյուժեին, որի հետևանքով ժողովրդական բանահավաք Հանս-Յորգ Ուտերը ենթադրում է, որ հենց դա է հիմք հանդիսացել «Պառավն անտառում» հեքիաթի անմիջական ստեղծմանը։ Ժողովրդական ավանդույթում սյուժեի նման համակցություն հազիվ թե տեղի ունենա, չնայած այն առանձնացված էր Աարնե-Թոմպսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման համակարգով[1]։
1933 թվականին Լյութց Մակենզենը ենթադրեց, որ այս համաշխարհային հեքիաթային սյուժեն գերմանա-սկանդինավյան շարադրությամբ նման է հին հունական Ցիրցեյաին (կախարդ պառավի կերպարով)[2]։