Պավել Կուզնեցով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5 (17), 1878[1] |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1968[3][4][5] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և տեքստիլ նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ և սիմվոլիզմ[6] |
Աշակերտներ | Պյոտր Մալցև |
Պարգևներ | |
Pavel Kuznetsov Վիքիպահեստում |
Պավել Վարֆոլոմեևիչ Կուզնեցով (ռուս.՝ Павел Варфоломеевич Кузнецов, նոյեմբերի 5 (17), 1878[1], Սարատով, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 21, 1968[3][4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գեղանկարիչ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1928)։
Ծնվել է սրբապատկերների նկարիչ Վարֆոլոմեյ Ֆեդորովիչ Կուզնեցովի ընտանիքում։ Նրա հայրական պապը այգեպան է եղել։ Երբ Կուզնեցովի գեղարվեստական հակումները որոշակի են դարձել, ընդունվել է Սարատովի գեղարվեստի սիրահարների միությանը կից «Գեղանկարչության և նկարչության ստուդիա», որտեղ 1891-1896 թվականներին սովորել է Վասիլի Վասիլևիչ Կոնովալովի և Հեկտոր Պավլովիչ Սալվինի-Բարակկիի ղեկավարությամբ։ Այնտեղ Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատովի հետ հանդիպումը լուրջ ազդեցություն է ունեցել ինչպես նրա, այնպես էլ նրա համադասարանցի և ընկեր, ականավոր քանդակագործ Ալեքսանդր Տերենտևիչ Մատվեևի, ինչպես նաև Սարատովի ողջ գեղարվեստական երիտասարդության վրա։
1897 թվականին փայլուն հանձնել է ընդունելության քննությունները Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և սովորել նախ Աբրամ Եֆիմովիչ Արխիպովի, ապա՝ Կոնստանտին Ալեքսեևիչ Կորովինի և Վալենտին Ալեքսանդրովիչ Սերովի մոտ։ Ուսումնառությունը նրան տվել է ընկերների և համախոհների լայն շրջանակ, որոնք հետագայում ստեղծել են «Գոլուբայա ռոզա» գեղարվեստական միավորումը։
1902 թվականին մտերմացել է Վալերի Յակովլևիչ Բրյուսովի և սիմվոլիստների հետ։ Համագործակցել է նաև սիմվոլիստական հրատարակությունների՝ «Արվեստ», «Ոսկե գեղմ» ամսագրերի հետ, եղել «Արվեստի աշխարհ» միավորման անդամ։ 1902 թվականին Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկինի և Պյոտր Սավվիչ Ուտկինի հետ համատեղ նկարազարդել են Սարատովի Կազանյան Աստվածամոր տաճարը։ Գտնվելով այն ժամանակվա գեղարվեստական մտքի առաջնագծում (մասնակցելով «Արվեստի աշխարհի» գործունեությանը)՝ եկեղեցում տաղանդավոր երիտասարդները փորձել են ազատվել կանոններից, ինչը առաջացրել է հասարակության վրդովմունքը, որոնք էլ ոչնչացրել են նրանց զարդանկարները։
1904 թվականին եղել է «Կարմիր վարդ» ցուցահանդեսի կազմակերպիչներից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է «Կապույտ վարդ» արվեստի միության ձևավորմանը, որը վերջնականապես կայացել է 1907 թվականի համանուն ցուցահանդեսից հետո։
1906 թվականին Սերգեյ Պավլովիչ Դյագիլևի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է մասնավոր արվեստի ստուդիաներ, իսկ նրա աշխատանքները մասնակցել են ռուսական արվեստի ցուցահանդեսին, ինչի արդյունքում Կուզնեցովն ընտրվել է Աշնանային սալոնի անդամ (ցմահ)։ Եղել է «Արվեստի աշխարհ», «Ռուս նկարիչների միություն», «Չորս արվեստ» միավորումների անդամ։
20-րդ դարի սկզբին Կուզնեցովի ստեղծագործական կյանքում ճգնաժամ է առաջացել։ Սկսվել են կրկնօրինակումներ, թվում էր, թե վարպետն արդեն իրեն սպառել է։ Սակայն Պովոլժիեի տափաստաններ (1911-1912) և Միջին Ասիա (1912-1913) ուղևորություններից հետո Կուզնեցովի ստեղծագործական հանճարը կրկին բարձրացավ, նույնիսկ ավելի բարձր, քան «Կապույտ վարդի» ժամանակաշրջանում։ Մնալով նուրբ, նուրբագեղ նկարիչ, որը ունակ է «մի երազանքը մեկ այլ երազանքից բաժանելու», Ասիայում շրջագայություններից նա իր հետ էր բերել Արևելքի ռիթմն ու պոետիկան և արևելյան ժողովուրդների հազարամյա պատմության շունչը։ Գունային մատուցման պարզությունն ու նրբությունը, սյուժեի խորհրդավորությունը՝ նրա «Ղրղզական սյուիտը» և դրան կից «Բուխարա շարքը» Կուզնեցովին դասել են համաշխարհային մակարդակի նկարիչների շարքին։
Հեղափոխության տարիներին աշխատել է մեծ եռանդով, մասնակցել «Ազատագրության ուղի» ամսագրի հրատարակմանը, մանկավարժական աշխատանք է կատարել, ղեկավարել Կրթության ժողովրդական կոմիսարիատի կերպարվեստի բաժնի գեղանկարչության սեկցիան (1919-1924), ստեղծել արևելյան մոտիվների նոր տարբերակներ, որոնցում նկատելի էր հին ռուսական գեղանկարչության ազդեցությունը, նկարել է կնոջ՝ Ելենա Միխայլովնա Բեյբուտովայի գեղեցիկ դիմանկարները, ձևավորել «Թուրքեստան» և «Լեռնային Բուխարա» (1922-1923) վիմագրական շարքերը։
1923 թվականին Կրթության ժողովրդական կոմիսարիատի գործուղումով մասնակցել է Փարիզի անհատական ցուցահանդեսին (մեկնել է Բեյբուտովայի հետ), որից հետո ստեղծվել են հանրահայտ «Փարիզյան կատակերգուները»։
Ղրիմ և Կովկաս կատարված ուղևորությունները (1925-1929) ստեղծագործական բացահայտումներ են բերել նկարչին։ Լույսով և էներգետիկ շարժումներով հագեցած՝ նրա ստեղծագործությունների կոմպոզիցիան խորություն է ձեռք բերել, որի վառ օրինակն է նրա «Խաղողի բերքահավաքը» (1928) հանրահայտ մեծանկարը։ Նկարիչը ձգտել է ընդլայնել իր կտավների թեմաները՝ դիմելով աշխատանքի և սպորտի թեմաներին։ Նկարչի կարծիքով, 1930 թվականին Հայաստան կատարած իր ճանապարհորդությունը խթան է հանդիսացել մի շարք կտավների ստեղծման համար, որոնցում զգացվել է «մոնումենտալ շինարարության հավաքական պաթոսը, որտեղ մարդիկ, մեքենաները, կենդանիները և բնությունը միաձուլված են մեկ հզոր ակորդի մեջ»։ 1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի աշխատանքները Կուզնեցովի ստեղծագործական վերելքի վերջին, երրորդ բարձրագույն կետն են եղել։
Եղել է «Չորս արվեստ» գեղարվեստական ընկերության կազմակերպիչն ու նախագահը (1924-1931)։ 1928 թվականին Կուզնեցովին շնորհվել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գոծիչի կոչում։ 1917-1937, 1945-1948 թվականներին դասավանդել է Վխուտեմասում, Բարձրագույն գեղարվեստա-տենիկական արվեստանոցում, Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում և այլ ինստիտուտներում։ Կանքի վերջին երեք տասնամյակների ընթացքում չի դադարել ակտիվորեն աշխատել հիմնականում բնանկարի և նատյուրմորտի ժանրում։ Այդ գործերից մի քանիսը գտնվում են Սարատովի Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի անվան արվեստի պետական թանգարանի հավաքածուում։
Մահացել է Մոսկվայում 1968 թվականի փետրվարի 21-ին։ Թաղվել է Վվեդենսկոե գերեզմանատանը (7-րդ տեղամաս)։ Ավելի ուշ նրա կողքին թաղվել է կինը[7]։
Կուզնեցովն աշխատել է թատերական հարդարանքի ասպարեզում։ Իրեն դրսևորել է որպես ինքնատիպ թատերական նկարիչ։ Նրա նշանավոր աշխատանքներից են՝
1974 թվականին Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան արվեստի թանգարանում կայացել է Կուզնեցովի աշխատանքների ցուցահանդեսը։ Դրա համար վերականգնվել է նկարչի 36 կտավ։ Աշխատանքին մասնակցել են բազմաթիվ հայտնի նկարիչ ռեստավրատորներ, այդ թվում՝ Սարատովցի ռեստավրատորներ Վ. Ա. Սոլյանովը, Վ. Վ. Լոպատինը և մոսկովյան ռեստավրատորների խումբը՝ Պավել Իվանովիչ Բարանովի գլխավորությամբ։
Պավել Կուզնեցովի ստեղծագործությունների մի մասը ստեղծվել են Ղրիմում։ «Ղրիմի ճարտարապետական հուշարձանները և բնական արգելոցները ռուսական կերպարվեստում» վիրտուալ ցուցահանդեսում կարելի է դիտել Պավել Կուզնեցովի աշխատանքները Ռուսաստանի արվեստի թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև Ղրիմում աշխատած այլ նկարիչների գործեր, որտեղ ընդգրկված են 500-ից ավելի ստեղծագործություններ[8]։
1970-ականների սկզբին Կուզնեցովի և Բեբուտովայի պաշտոնական ժառանգները՝ Պավել Միխայլովիչ Կուզնեցովը, Օլգա Միխայլովնա Դուրիլինան, Վալերիա Վալերիևնա Բեբուտովան, ավելի քան չորս հարյուր գեղանկարչական կտավներ են նվիրաբերել Ա.Ն. Ռադիշչևի անվան թանգարանին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կուզնեցով (նկարիչ)» հոդվածին։ |
|