Պավել Սուկոսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | Busfahrer |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 14, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 200 սմ[1] |
Քաշ՝ | 110 կգ[1] |
Պավել Ալեքսեյի Սուկոսյան (ռուս.՝ Павел Алексеевич Сукосян, հունվարի 14, 1962, Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայազգի հանդբոլիստ և մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական չեմպիոն (2000)։
Պավել Սուկոսյանը Կրասնոդար քաղաքի Օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզական դպրոցի (СДЮСШОР) սան է։ Առաջին մարզիչը եղել է Յուրի Գրիգորևիչ Զայցևը[1]։
1980 թվականին ծառայության է անցել խորհրդային բանակում, որտեղ սկսել է խաղալ Տիրասպոլի մարզական ակումբի կազմում։ Այնտեղ նրան նկատել են և հրավիրել Մոսկվայի ԲԿՄԱ, որտեղ սկսել է խաղալ 1982 թվականից[2]։
Պավել Սուկոսյանը խաղացել է նաև ռուսաստանյան «Ստեպան Ռազին», «Պերմսկիե մեդվեդի» ակումբներում, ինչպես նաև գերմանական «Վերատալ» և «Կրանաու» ակումբներում[1]։
2007-2013 թվականներին նա շարունակել է իր խաղային կարիերան «Սունգուլ» ակումբում, ինչը նրան դարձրել է պրոֆեսիոնալ հանդբոլի համաշխարհային ռեկորդակիր (ելույթներն ավարտելու պահին նա 50 տարեկան էր)։ 2017 թվականին նա թարմացրել է այդ ցուցանիշը՝ կրկին խաղահրապարակ դուրս գալով արդեն 55 տարեկանում։ Նա պաշտպանել է Ռուսաստանի Սուպերլիգայում հանդես եկող УОР №2 թիմի դարպասը[3]։
Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկվել է 1992 թվականին։ 2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն է։ Մասնակցել է նաև 1996 թվականի Օլիմպիական խաղերին[1], որտեղ թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը։
Աշխարհի 1993 և 1997 թվականների չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Եվրոպայի 1996 թվականի չեմպիոն, Եվրոպայի 1994 և 2000 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ 1987 թվականի չեմպիոն, Ռուսաստանի 1994 և 1995 թվականների չեմպիոն[1][4]։
1993 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան[5]։
Վերջին տարիներին մարզչական աշխատանք է կատարում Կրասնոդարի «Կուբան» ակումբի կանանց թիմում[2]։
Ամուսնացած է Նատալյայի հետ, նրանք ունեն երկու զավակ։ Որդին՝ Անտոնը (ծնվ. 1984), աշխատում է Մոսկվայի մետրոպոլիտենում, դուստրը՝ Պոլինան (ծնվ. 1994), ապրում է Վրաստանում[2][5]։
|