Պատարագ (եկեղեցական)

Պատարագ (նվեր, ընծա), քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողություն։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը։

Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ Անմահ Գառն Աստծու՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ իր Սուրբ մարմինն ու արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը։ Կա Պատարագամատույց, որում գրված պատարագի սաղմոսները կատարումը և այլն։

Բովանդակություն և ընթացակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։

Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.

  1. Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին՝ պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը։ Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը։
  2. Երախայից կամ ճաշու պատարագ։ Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը։
  3. Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ։ Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը։
  4. Վերջին օրհնություն և Արձակում։ Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը։

Պատարագի ժամանակ կատարվում է հաղորդություն՝ հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի։ Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ։ Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին։ Պատարագի լեզուն հին հայերենն է՝ գրաբարը։

Պատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը՝ Եդեսիայի առաջին եպիսկոպոսը։ Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]