Պատմության վերանայման ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1978 |
Գլխադասային գրասենյակ | Fountain Valley, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Պատմության վերանայման ինստիտուտ[1] (անգլ.՝ Institute for Historical Review), ամերիկյան հասարակական կազմակերպություն, որ զբաղվում է հիմնականում 20-րդ դարի պատմությանը վերաբերող գրականության հրատարակմամբ[2]։
Պատմության վերանայման ինստիտուտը հիմնադրվել է 1978 թվականին Բրիտանական ազգային ճակատի նախկին անդամ Դեյվիդ Մաքկալդենի (հայտնի է նաև որպես Լյուիս Բրենդոն) և «Ազատ լոբբիի» (անգլ.՝ Liberty Lobby, ներկայում դադարեցրել է իր գոյությունը) նախագահ Ուիլիս Կարտոյի կողմից։
Կազմակերպությունն անցկացնում է գիտաժողովներ, որոնց ներկա են եղել Դևիդ Իրվինգը, Էռնստ Ցյունդելը, Յուրգեն Գրաֆը, «նեոնացիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից»[1] և Հոլոքոստը ժխտողներ, ինչպես նաև ռեվիզիոնիզմի քննադատներ, ինչպիսին է Մայքլ Շերմերը։
1980 թվականից մինչև 1986 թվականը, ապա 1987 թվականից մինչև 2002 թվականը Պատմության վերանայման ինստիտուտը հրատարակել է իր եռամսյա պատմական ամսագիրը՝ Journal of Historical Review[1]: 2002 թվականից ինստիտուտն իր նյութերը տարածում է իր պաշտոնական կայքում ու էլեկտրոնային փոստի միջոցով։
2000 թվականին ինստիտուտի տնօրեն է դարձել պատմաբան, ռեվիզիոնիստ Մարկ Վեբերը[3]։
Հիմնադրումից ի վեր Պատմության վերանայման ինստիտուտը եղել է Հոլոքոստի պատմությունը կասկածի տակ դնող գրքերի ու այլ նյութերի ամերիկյան առաջատար հրատարակողներից մեկը։ Ինստիտուտի ղեկավարներից մեկի հայտարարության համաձայն՝ այդ պատճառով գրասենյակի ու նրա աշխատակիցների վրա կատարվել են մի շարք հարձակումներ։
Հարավային Կալիֆորնիայում գտնվող գրասենյակն, ինչպես նաև ինստիտուտի առանձին աշխատակիցներ դարձել են հետապնդումների թիրախ. արդյունքը եղել է մեքենայից գնդակոծումը, երեք անգամ հրկիզող ռումբի նետումը, ինստիտուտի աշխատակիցների անձնական մեքենաների վնասումը, Հրեաների պաշտպանության լիգայի կողմից բողոքի ցույցերը կազմակերպումը Պատմության վերանայման ինստիտուտի դիմաց, սպառնալիքներով լի հեռախոսազանգերն ինստիտուտի աշխատակիցներին աշխատանքային օրվա ընթացքում ու գիշերները։ Թոմ Մարսելուսը (անգլ.՝ Tom Marcellus, Պատմության վերանայման ինստիտուտի տնօրենը 1990-ական թվականներին) պնդում է, թե այդ գործողություններն այնքան հաճախ են տեղի ունեցել, որ ինստիտուտի աշխատակիցներից մեկի ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել[4]։
Պատմության վերանայման ինստիտուտի դիմաց 1981 թվականի մարտի 19-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ Լևի Մորդեխայն ու Հրեաների պաշտպանության լիգայի այլ անդամներ հարձակվել են գրասենյակի ղեկավարի գործակալի մեքենայի վրա, ով եկել էր համոզվելու, որ ամեն ինչ անվտանգ է։ Սպառնալիքներ գոռալով՝ Լևին ջարդել է մեքենայի դիմապակին, երբ այն հեռանում էր[5]։
1981 թվականի հունիսի 25-ի վաղ առավոտյան կատարվել է հրկիզող ռումբով առաջին հարձակումը Պատմության վերանայման ինստիտուտի վրա։ Սակայն հեղուկը, որ նման էր «Մոլոտովի կոկտեյլին», հասցրել է աննշան վնաս։ Տղամարդը, որ հայտարարել է, թե ինքը ներկայացնում է «հրեաների պաշտպաններին», զանգահարել է և իր վրա վերցրել պատասխանատվությունը[6]։
Քննադատները Պատմության վերանայման ինստիտուտը համարում են Հոլոքոստը ժխտող առաջատար կազմակերպություն և հակասեմական կառույց, որ կապված է նեոնացիստների հետ[7][8][9][10]։
1983 թվականի սեպտեմբերին կոնֆլիկտ է սկսվել Պատմության վերանայման ինստիտուտի ղեկավարությունը ու նրա հիմնադիրներից մեկի՝ Ուիլիս Կարտոյի միջև։ Տնօրենների խորհուրդը Կարտոյին մեղադրել է ինստիտուտի փողերն անձնական նպատակներով ծախսելու և այլ չարաշահումների համար։ Կոնֆլիկտի համար խթան է հանդիսացել նաև նվիրատվության մեծ գումարի տնօրինման հարցը, որ Պատմության վերանայման ինստիտուտի հիմնադրին էր կտակել Թոմաս Էդիսոնի ժառանգորդուհի Ջեյն Ֆարելը (անգլ.՝ Jean Farrel)[11]:
Ռուս պատմաբաններ Իգոր Ռիժովն ու Մարիա Բորոդինան նշում են, որ Պատմության վերանայման ինստիտուտի գլխավոր նպատակ է «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերագնահատումը, Հիտլերի ու նրա գաղափարախոսության վերականգնումը», իսկ «սեփական պատմական ամսագրի՝ «Պատմության վերանայման ամսագրի» [հրատարակումն] օգնել է ոչ միայն համախմբել ժխտողներին մեկ շարժման մեջ, այլև նրանց գործունեությանը տալ կեղծ գիտականության ձև»[1]։
1980 թվականին Պատմության վերանայման ինստիտուտը խոստացել է 50 հազար դոլարի պարգև տալ նրան, ով կկարողանա ապացուցել, որ հրեաներին սպանել են գազով Օսվենցիմում։ Օսվենցիմի նախկին կալանավոր Մել Մերմելշտեյնը, ով ծնունդով Մուկաչևոյից էր, ներկայացրել է նոտարի կողմից հաստատված փաստաթղթեր առ այն, որ իրեն տեղափոխել են Օսվենցիմ, և ինքն ականատես է եղել, թե ինչպես են նացիստներն իր մորն ու երկու քույրերին ուղարկում համար հինգ գազի խցիկ[12]։
Պատմության վերանայման ինստիտուտը հրաժարվել է ընդուն ապացույցներն ու տալ խոստացված գումարը։ Այդ ժամանակ Մերմելշտեյնը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարանին՝ պահանջելով վճարել խոստացված գումարը և փոխհատուցում հասցված բարոյական վնասի համար[13]։
Գործի քննման ժամանակ դատարանն ընդունել է Մերմելշտեյնի փաստարկները։ Դատավոր Թոմաս Թ. Ջոնսոնը հայտարարել է, թե 1944 թվականի ամռանը Օսվենցիմում գազով հրեաների սպանությունն անվիճելի փաստ է և չի կարող կասկածի ենթարկվել[14]։
Դատարանի՝ 1985 թվականի հուլիսին ընդունած որոշման համաձայն՝ Պատմության վերանայման ինստիտուտը պարտավորվել է Մերմելշտեյնին վճարել 90 հազար դոլար և տպագրել նամակ՝ ներողություն խնդրելով նրանից[15]։